կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-23 17:39
Տարածաշրջան

Ինչ կարելի է Ադրբեջանին, չի կարելի Հայաստանի՞ն. Վրաստանի երկինքը փակ է միայն Հայաստանի համար

Ինչ կարելի է Ադրբեջանին, չի կարելի Հայաստանի՞ն. Վրաստանի երկինքը փակ է միայն Հայաստանի համար

Սեպտեմբերի 27-ից Արցախի վրա թուրք–ադրբեջանա-ահաբեկչական ագրեսիայի ֆոնին՝ տարօրինակ վարքագիծ է շարունակում ցուցադրել մեր հյուսիսային հարևան Վրաստանը։ Պատերազմական գործողությունների վերսկսումից հետո տեղեկություններ ստացվեցին (հետագայում ապացուցվեցին), որ Վրաստանի օդային տարածքով Ադրբեջան են տեղափոխում ոչ միայն սպառազինություն՝ Թուրքիայից և Իսրայելից, այլև՝ ահաբեկիչներ:

Բարձրացած մեծ աղմուկը հոկտեմբերի 3-ին փորձեց հերքել Վրաստանի պետանվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին՝ հայտարարելով, թե նման տեղեկատվության տարածման նպատակը տարածաշրջանն ապակայունացնել է: «Հակամարտության էսկալացիայից հետո Վրաստանը չի սահմանափակել քաղաքացիական բեռների փոխադրումն իր տարածքով։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող ռազմական գործողությունների պատճառով Վրաստանի կառավարությունը, լարվածության մեկնարկից ի վեր, ժամանակավորապես դադարեցրել է իր տարածքով դեպի երկու երկրներ ռազմական բեռների տեղափոխման թույլտվությունների տրամադրումը ինչպես ցամաքով, այնպես էլ՝ օդով: Այդ մասին կողմերը տեղեկացվել են», - պնդեց վրացի պաշտոնյան։

Սակայն դրանից հետո համացանցում տեղեկություններ շրջանառվեցին, որ, չնայած այդ արգելքին, Վրաստանն իր տարածքը շարունակում է տրամադրել Թուրքիայից և Իսրայելից բեռնափոխադրումներին, որոնք իրականացնում է ադրբեջանական Silk Way Airlines ընկերությունը:

Հիշեցնենք, որ Silk Way Airlines-ը Silk Way Holding–ին պատկանող կազմակերպություն է, որի 3 սեփականատերերից մեկը Իլհամ Ալիևի դուստր Արզու Ալիևան է, որը դեռևս 2010 թ.՝ 21 տարեկան հասակում էր դարձել սեփականատեր։ Silk Way Airlines ունի ռազմական տեխնիկա տեղափոխելու բավականին հարուստ փորձ. դեռևս 2005 թ., երբ ընթանում էր աֆղանական պատերազմը, ԱՄՆ ղեկավարությունը պայմանագիր էր կնքել Silk Way Airlines–ի հետ՝ Աֆղանստանում գտնվող ամերիկյան և միջազգային ուժերին ռազմական սպառազինություն մատակարարելու համար։

Flightradar24 հայտնի կայքի միջոցով, որն առցանց ցույց է տալիս աշխարհի երկնքում գտնվող ցանկացած ինքնաթիռի տեղաշարժը, հնարավոր եղավ բացահայտել՝ Թուրքիայից և Իսրայելից դեպի Ադրբեջան բեռնատար ինքնաթիռների թռիչքներ են իրականացվում։

Վրացական արձագանքը չուշացավ: Հոկտեմբերի 13-ին Վրաստանի ԱԳ փոխնախարար Լաշա Դարսալիան հայտարարեց. «Մենք ցանկանում ենք կրկնել, որ Վրաստանի տարածքով ռազմական տրանզիտ չի իրականացվում: Ըստ Վրաստանում առկա փաստաթղթերի՝ Վրաստանի օդային տարածքում իրականացվող թռիչքները միայն մարդասիրական ու քաղաքացիական բնույթ ունեն և լիովին համապատասխանում են ICAO-ի չափանիշներին», - ասել էր ԱԳՆ ներկայացուցիչը:

Հայտնի է, որ Վրաստանը սերտ տնտեսական կապեր ունի ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի հետ և չի ցանկանում փչացնել այդ հարաբերությունները՝ աչք փակելով նույնիսկ սեփական պատմական նշանավոր կոթողի՝ Դավիթ Գարեջի վանական համալիրի՝ Ադրբեջանի կողմից օկուպացման փաստի վրա։ Ուստի ներկայացնելը, թե Silk Way Airlines-ին պատկանող բեռնատար ինքնաթիռներով իբր  հումանիտար օգնություն է տեղափոխվում, առավել քան հասկանալի է։

Ի դեպ, Silk Way Airlines ընկերությունն ունի ռազմական բեռներ տեղափոխելու թույլտվություն, հետևաբար, նույնիսկ «գործից չհասկացողների» համար ակնհայտ է, որ մասնավորապես այս օրերին այդ կազմակերպության ինքնաթիռները տեղափոխում են ռազմական ուղեբեռ։

Բացի դրանից՝ Վրաստանի համար առավել դժվար կլինի բացատրել, թե երեկ` հոկտեմբերի 22-ին, ինչ գործ ուներ Թուրքիայի ՌՕՈւ–ին պատկանող TUAF512 (Airbus A400M-180) ռազմական բեռնատար ինքնաթիռն իր օդային տարածքում՝ Ադրբեջան-Թուրքիա ուղղությամբ։

Դեռևս սեպտեմբերի 25-ին ֆեյսբուքյան օգտատեր Ալեն Ղուլյանը հայտնել էր, որ  Ադրբեջանի և Թուրքիայի միջև մեկ օրում տեղի է ունեցել 6 թռիչք, որոնցից 4-ն իրականացրել են թուրքական TUAF512 ինքնաթիռը, իսկ 2-ը՝ ադրբեջանական IL-76TD ինքնաթիռը։

Փաստորեն, եթե Վրաստանը կարողանում է Silk Way Airlines-ին պատկանող բեռնատար ինքնաթիռների թռիչքը որակել որպես «հումանիտար», ապա պարտավոր է նաև բացատրություն տալ Հայաստանի Հանրապետությանը, թե ինչու է արգելում իր տարածքով դեպի Հայաստան ուղևորվող ինքնաթիռների թռիչքը:

Այստեղ հարկ է նաև հարցնել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը՝ արդյո՞ք այս ուղղությամբ քայլեր ձեռնարկվում են, և արդյո՞ք ՀՀ–ն բացատրություն պահանջել է իր դարավոր «բարեկամից»։

 

Արգամ Եղիազարյան