կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-10 17:00
Տարածաշրջան

Թուրք բարձրաստիճան պաշտոնյաները Հրանտ Դինքի սպանության գործով հնարավոր է դատապարտվեն 20-25 տարվա ազատազրկման

Թուրք բարձրաստիճան պաշտոնյաները Հրանտ Դինքի սպանության գործով հնարավոր է դատապարտվեն 20-25 տարվա ազատազրկման

Հրանտ Դինքի սպանության գործով պաշտոնատար անձանց առնչությամբ պատրաստված մեղադրական ակտն ուղարկվել է Կ.Պոլսի 14-րդ ծանր հանցագործությունների դատարան։

Ըստ «Ակօս»-ի` դատախազ Գյոքալպ Քյոքչուի կողմից պատրաստված մեղադրականում պահանջվում է դատավարություն սկսել 26 կասկածյալի նկատմամբ, որոնց թվում են Էնգին Դինչը, Ահմեդ Իլհան Գյուլերը, Ջելալեթին Ջերրահը և Ռեշաթ Ալթայը։  Պոլսի 14-րդ ծանր հանցագործությունների դատարանը 15 օր ժամանակ ունի` մեղադրականն ընդունելու կամ մերժելու համար։

Դատախազ Քյոքչուի կազմած մեղադրականն ավելի վաղ երկու անգամ հետ էր վերադարձվել գլխավոր դատախազության կողմից` պատճառաբանությամբ, որ մեղադրականում Է․ Դինչի, Ա․ Իլհան Գյուլերի և Ռ․ Ալթայի մասին ապացույցներն անբավարար են։ Սակայն դատախազ Քյոքչուն դեկտեմբերի 4-ին մեղադրական ակտը դարձյալ ուղարկել է գլխավոր դատախազություն։

Մեղադրական ակտում պահանջվում է Թուրքիայի քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածով (անփութության պատճառով կանխամտածված սպանությանը մասնակից դառնալ) մեղավոր ճանաչել հետախուզության վարչության պետ Էնգին Դինչին, Դինքի սպանության ժամանակ Տրապիզոնի ոստիկանապետ Ռեշաթ Ալթային և Ստամբուլի հետախուզության վարչության պետ Ահմեդ Իլհան Գյուլերին։

Եթե մեղադրական եզրակացությունն ընդունվի, վերոնշյալ երեք պաշտոնյաները 20-25 տարվա ազատազրկման են դատապարտվելու։ Իսկ Դինքի սպանության ժամանակ Պոլսի ոստիկանապետ Ջելալեթին Ջերահը և Ստամբուլի հետախուզության վարչության պետ Սաբրի Ուզունը դատարանի առաջ են կանգնելու լիազորությունների չարաշահման մեղադրանքով: