Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի վճռաբեկ դատարանը պոլսահայ լրագրող, հրապարակախոս, մտավորական Հրանտ Դինքի սպանության գործով այսօր անակնկալ վճիռ է կայացրել. տեղեկացնում է Tert.am-ը` հղում կատարելով Haber7 կայքին:
Վճռում նշվում է, որ մեղադրյալները «զինված ահաբեկչական խմբավորման» անդամ չեն եղել, սակայն անդամակցել են «հանցագործություն իրագործելու նպատակով ստեղծված խմբավորման»։ Կայքը հիշեցնում է, որ Հրանտ Դինքի սպանության գործով Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանի վճռում նշվում էր, որ խմբավորում, առհասարակ, գոյություն չի ունեցել։
Վճռաբեկ դատարանը վերահաստատել է սպանությունը կազմակերպելու և սպանության դրդելու համար ձերբակալված Յասին Հայալին ցմահ բանտարկության դատապարտելու վճիռը, սակայն բեկանել է «զինված ահաբեկչական խմբավորում ղեկավարելու» մեղադրանքով նրան արդարացնելու որոշումը։
Ստամբուլի 14-րդ ծանր հանցագործությունների դատարանը 2012թ.-ի հունվարի 18-ին «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի մահվան տարելիցից մեկ օր առաջ վճիռ էր արձակել։ Դատարանը վճռել էր, որ սպանությունը կապ չի ունեցել կազմակերպված խմբավորման հետ, և 19 կասկածյալներ արդարացվել էին։ Մարդասպան Օգյուն Սամասթը, ով սպանությունն իրականացնելու պահին անչափահաս էր եղել, դատապարտվել էր 22 տարվա, իսկ կազմակերպիչներից Յասին Հայալը՝ ցմահ ազատազրկման։ Դինքի ընտանիքը տարբեր ատյաններում բողոքարկել էր վճիռը։
Վճռաբեկ դատարանի այսօրվա որոշմամբ՝ գործը հետ կուղարկվի Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարան՝ վերանայման: