Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում քննարկվում է 2017թ. բյուջեի նախագիծը: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ելույթ ունեցավ` ասելով, որ չի հիշում ավելի ձանձրալի քննարկում: Նա երկու «լավ լուր» ավետեց` ասելով, որ բյուջեի նախագծում ՀՀ քաղաքացիները ազգային տուրք չեն փոխանցելու Զորի Բալայանին ու Հայաստանում ծովագնացության զարգացմանը: Եվ մյուս լավ լուրը` բյուջեի նախագծով նախատեսված չեն նաև միջոցներ հայկական առաջին տիեզերական արբանյակի կառուցման համար: Պատգամավորը հռետորական հարց ուղղեց, թե ի՞նչ պետք է անել, որ չունենանք գոյատևման բյուջե, այլ ունենանք զարգացման բյուջե: Ըստ Զոհրաբյանի` տարբերակները երկուսն են` ռեալ ներդրումներ և կոռուպցիայի դեմ պայքար:
«Հայաստանում ներդրումները ռիսկային են, որովհետև կես միլիոն տվեցին չինգաչունգի նման լոգոյի համար: Էդ չինգաչունգի լոգոյից հետո ներդրում եղա՞վ Հայաստանում, իհարկե` ոչ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, ըստ պատգամավորի, կառավարության հաղթական հայտարարությունները տևեցին ընդամենը 10 օր, որից հետո բոլոր կոռուպցիոն համակարգերը վերադարձել են հին, բարի ավանդույթներին: Ընդամենը քաղաքական կամք է պետք` պայքարելու կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ, բայց քաղաքական կամքը դրսևորվել է հայտարարությունների ձևով, այլ ոչ` գործողությունների:
Նաիրա Զոհրաբյանը դիմեց մշակույթի նախարարին`ասելով, որ երբ նախարարը նոր էր ստանձնում պաշտոնը, արեց հայտարարություններ, որոնք հույս ներշնչեցին, որ մշակույթը «սեքընդ հենդ» վիճակից դուրս կբերվի: Պատգամավորը անդրադարձավ պետպատվերով տպվող գրականությանը` ասելով, որ, ցավոք, խոտան կամ աղբ գրականություն է տպվում:
«Հորդորում եմ Ձեզ` մեկ-երկու տաղանդավոր գրողի հատկացնել պետական պատվերի միջոցները և ուշադրություն դարձնել երիտասարդ տաղանդավոր գրողներին»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Վերջում պատգամավորը նշեց, որ ԲՀԿ-ն չի կարող կողմ լինել այդ բյուջեին: