կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-10 14:06
Քաղաքական

ՀՅԴ-ն դժգոհ է. դեմ են քվեարկելու բյուջեի կատարողականին

2014 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվության վերաբերյալ Արծվիկ Մինասյանն ԱԺ-ում ներկայացրեց ՀՅԴ-ի դիրքորոշումը:

«Ցավով պետք է նշեմ, որ ընդդիմության վատատեսական կանխատեսումներն իրականության դարձան: Պարոն փոխվարչապետն ասում է` մեր փորձը համադրենք այլ երկրների հետ: Մինչև համադրելը` փորձենք տեսնել այն նպատակները, որոնք մեր առջև դրել էինք. կատարե՞լ ենք, թե՞ չենք կատարել, որպեսզի հետո էլ կարողանանաք համադրել այլ երկրների վիճակի հետ: Մենք ոգևորված ասում էինք` տնտեսական աճի ցուցանիշը 2,3 տոկոս է, և նախկին կառավարությունը ներկայացրել էր այդ ցուցանիշը, ու ներում-բեկում չկա: Մենք ի՞նչ արեցինք, չապահովեցինք: Մենք այս ցուցանիշի սխալ կանխատեսումների արդյունքում հարկայինի բեռն ավելի խորացրեցինք: Տնտեսությունն, ըստ էության, հայտնվել է ռեցեսիայի փուլում»,- նշեց պատգամավորը:

Ըստ նրա` պատճառն, առաջին հերթին, կառավարության ոչ բավարար աշխատանքն է: «Տիգրան Սարգսյանի կառավարությունը և, պարո\'ն փոխվարչապետ, Դուք էլ գաղափարակիցն էիք կուտակային կենսաթոշակային համակարգի, անընդհատ պնդում էիք, որ այս համակարգով մենք հեղաշրջում կանենք, այնքան գումար կկուտակենք, որ տնտեսությունը թռիչքաձև զարգացում կունենա: Հետո, երբ ՍԴ-ի ապրիլյան որոշումը եղավ, փոխարենը վերանայեիք ձեր մոտեցումները, հակառակն արեցիք: Արդյունքում` 2014 թվականի պետական բյուջեից շուրջ 10 միլիարդ դրամ գնացել է մասնավոր ֆոնդերին: Հիմա` հարց: Այդ ֆոնդերի գումարները ՀՀ-ի տնտեսությանն օգնե՞լ են: Այդ գումարները տնտեսության ո՞ր ճյուղերին են գնացել: Հիմնական մասը գնացել է պետական պարտքը ֆինանսավորելուն: Կուտակային բաղադրիչի մասնակիցներին երաշխավորվում է 6-7 տոկոս եկամտաբերություն այն գումարի հաշվին, որը պետական գումար պետք է լիներ: Բայց պետությունն իր բյուջեից հանում, տալիս է մասնավորին և ասում`ինձ կտա՞ս 13 տոկոսով: Այսինքն` մենք 6-7 դրամ անիմաստ ծախս ենք անում: Ո՞րն է այստեղ տրամաբանությունը: Ի՞նչն ենք մենք սրանով խթանում կամ խրախուսում:

Դուք առնվազն ճշգրտում պետք է կատարեիք ձեր կանխատեսումներում և գայիք ԱԺ ու համապատասխան փոփոխություններ առաջարկեիք: Դրա հնարավորությունը ընձեռված էր, նոր կառավարություն կար: Գայիք, փոխեիք և ասեիք` սխալ ենք կանխատեսել: Չարեցիք սա, լավ: 2013 թվականի դեկտեմբերին ի՞նչ գործողությունների գնացիք, և այս ամբիոնից ինչպիսի՞ ճառեր էին հնչում` մենք գործազրկության նպաստը հանում ենք, բայց ակտիվացնելու ենք աշխատաշուկան: Եթե մոռացրել եք, ուզում եմ հիշեցնել: Ակտիվացրեցի՞ք: Բերել եք հաշվետվություն, որ գործազրկություն ունենք: Սրա մասին չեք խոսում և չեք ասում, որ սխալ եք թույլ տվել: Մարդը սխալական է, երբ սխալ ես տեսնում, կարող ես ուղղել և ճիշտ ընթացք ունենալ: Ինչ է` պուպուշ երևանք, հասարակության մեջ ստեղծում ենք դրական սպասումներ: Մեր ռեսուրսները պետք է ճիշտ մոբիլիզացնենք»,- ասաց Մինասյանը:

Նա նշեց նաև, որ իրենք միշտ են ասել, որ բյուջեն չպետք է լինի նպատակ, այն միջոց է: «Ամեն տարի բյուջեի նպատակ լինելուց ենք խոսում` կատարեցինք, չկատարեցինք, բայց դա միջոց է: Թվային ցուցանիշների տակ պետք է որակ լինի: Մենք, այդ առումով, հպարտանալու և գովելու բան չունենք: Մենք պետք է դադարենք բյուջեն դիտարկել որպես նպատակ, այն պետք է որպես միջոց դիտարկենք»,- ասաց Արծվիկ Մինասյանը եւ հավելեց, որ ՀՅԴ-ն դեմ է քվեարկելու բյուջեի կատարողականին: