կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-08 16:25
Քաղաքական

ԲՀԿ-ն կողմ կքվեարկի բյուջեի նախագծին

ԲՀԿ-ն կողմ կքվեարկի բյուջեի նախագծին

Այսօր 2016թ. բյուջեի նախագծի լրամշակված նախագծի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, ով նշեց, որ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները անհաղթահարելի չեն:

«Եթե մենք տոգորվենք, պարուրվենք բացասական սպասումներով, անընդհատ բացասական բաներից խոսենք, ժողովրդից ստանանք բացասական սպասումներ, ապա ընդհանրապես չենք կարող առաջ շարժվել»,- ասաց նա:

Համաձայնելով, որ երկրում ինը ամսվա ընթացքում կա 25 տոկոս ներկրման կրճատում, ինչպես նաև տրանսֆերտների նվազում, պատգամավորը նշեց, որ դա հետևանք է Ռուսաստանում տեղի ունեցող տնտեսական գործընթացներից մեր տնտեսության կախվածության:

Նա նշեց, որ ԲՀԿ-ի առաջարկների 75 տոկոսը կառավարությունը ընդունել է: «Ֆինանսների նախարարությունը, գլուխը կախ, աշխատում է, մաքսիմալ մոտեցել է արդյունավետ վարչարարության: Կառավարությունը լավ չի անում իր փիարը, պետական քարոզչամեքենան լուրջ գործ ունի անելու: Արդեն հերիք է, որ բերենք ստեղ շոուներ ցույց տանք` մեկը մեկի վրա գոռա, ամբողջ օրը դա ենք տեսնում: Եկեք` լուրջ գործ անենք: Տնտեսության փիարը նորմալ արեք»,- հորդորեց Միքայել Մելքումյանը:

Նա առաջարկեց իր գործընկերներին, որ լավ աշխատեն, որպեսզի հաջորդ խորհրդարանական ընտրություններում կարողանան շահել քաղաքացիների վստահությունը:

«ԲՀԿ-ն մշակել է իր վեկտորը և հստակ գիտի: Դրանից ելնելով` կառավարությանը շանս ենք տալիս, որ բյուջեի «այո»-ն ունեն ոչ միայն մեկ, այլ երկրորդ քաղաքական ուժի կողմից: Մենք ուզում ենք շանս տալ կառավարությանը, որ 2017թ. մտնի հուսալի հենարանով: Մենք կողմ ենք քվեարկելու բյուջեի նախագծին»,- ասաց Մելքումյանը: