կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-02 17:01
Առանց Կատեգորիա

Ինչի է հանգեցնելու սկսված «խաղաղ անհնազանդությունը»

Ինչի է հանգեցնելու սկսված «խաղաղ անհնազանդությունը»

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը երեկ երեկոյան սկսեց իշխանափոխությանը միտված` խոստացած հանրահավաքային գործընթացը: Թեև կայացած հանրահավաքը, դրան հաջորդած երթն ու Ազատության հրապարակում անժամկետ նստացույց սկսելը դեռևս պրոցեսի սկիզբն է համարվում, սակայն այն ամենը, ինչ կատարվեց առաջին օրը, օրիգինալ չէր և համարժեք չէր այն շնչին ու ոգուն, որը դրվել էր գործընթացի «անոնսում» և առաջացրել շատ որոշակի սպասելիքներ:

Խնդիրն այն է, որ թեև հարթակից ուղղակի հորդում էր շարժման առաջնորդող խմբի էնտուզիազմը, իրենց նախաձեռնության և սկսած գործընթացի հաղթանակի հանդեպ անվերապահ հավատը,  նոր «հեղափոխական» շարժման համար ընտրված մեթոդաբանությունն ու գործիքակազմը, ինչպես նաև մարտավարությունը չափից ավելի մաշված էին ու կանխատեսելի: Խոսքը վերաբերում է ոչ միայն հանրահավաք-երթ-նստացույց` արդեն բավականաչափ ծանոթ սխեմային, ոստիկանության հետ սպասելի փոքրիկ բախումներին, այլև ելույթներում կիրառված ներշնչման կոդերին: Մասնավորապես` առաջնորդող է ընտրվել 2008-ի ժողովրդական շարժման ժամանակներից անդադար կիրառվող «Հիմա» կարգախոսը, որին որոշակի նորացված շունչ է հաղորդում միայն «Հիմնադիր խորհրդարան»-ի համակարգող Ժիրայր Սեֆիլյանի կողմից շրջանառության մեջ դրված` «Մահ ռեժիմին» կատեգորիկ և տիպիկ սեֆիլյանական բանաձևումը: Շատ ծանոթ էր նաև կամա, թե ակամա կիրառված սիմվոլիկան, մասնավորապես` Մելիք-Ադամյան փողոցում ՀՀԿ-ի գրասենյակի պատի տակ սպիտակ վարդեր դնելու` Րաֆֆի Հովհաննիսյանի ձեռնարկը, որը, մի կողմից, ասոցիացիաներ էր առաջացնում 12 տարվա վաղեմության` վրացական վարդերի հեղափոխության, մյուս կողմից` մոտ ինը տարի առաջ ԱԺ առջև ծաղկեպսակ դնելու` Հմայակ Հովհաննիսյանի ակցիայի հետ:

Նախնական պատկերն այսպիսին ստացվեց երկու պարզ պատճառով: Առաջին` տակտիկական ողջ մտահղացումը սահմանափակված էր Ազատության հրապարակում մարդաքանակ ապահովելու գերխնդրով: Պատահական չէր, որ հանրահավաքի կազմակերպիչների մեծ մասի ելույթներում կարմիր թելի նման անցնում էր նախքան երթի մեկնարկը հրապարակի բազմամարդությունից առաջացած ոգևորությունը` ցույց տալով, որ դա ինչ-որ տեղ անակնկալ էր նաև հենց կազմակերպիչների համար: Սակայն ի՞նչ անել այդ զանգվածի հետ. դատելով հանրահավաքին հնչած կոչերից, հայտարարություններից` կազմակերպիչները, թվում է` առայժմ չգիտեն կամ ցույց են տալիս, թե չգիտեն:

Երկրորդ հիմնական պատճառը սկսված գործընթացի հանրային սպասելիքների և «հրապարակային» իրականության միջև ի հայտ եկած տարբերություններն էին: «Նոր Հայաստանը» մարդկանց հրապարակ էր կանչել «ռեժիմի հեռացումը», այսպես կոչված, «խաղաղ անհնազանդության» միջոցով իրականացնելու համար: Մինչդեռ այն, ինչ տեսավ հասարակությունը դեկտեմբերի 1-ին, ոչնչով չէր տարբերվում նրանից, ինչ տեսել էր նախորդ ընդդիմությունների կիրառած հանրահավաքային մեթոդներից: Որովհետև մինչ այդ կազմակերպիչներն այդպես էլ պարզ չդարձրին` ինչ են հասկանում`«խաղաղ անհնազանդություն» ասելով, ինչպես են պատկերացնում դրա իրականացումն այնպես, որ, մի կողմից, իսկապես լինի խաղաղ անհնազանդություն, մյուս կողմից` չհակասի օրենքին և անհատական պատասխանատվության խնդիր առաջացնի առանձին վերցրած քաղաքացիների համար, որի բեռը «Նոր Հայաստանն» անգամ ցանկության դեպքում իր վրա վերցնել չի կարող: Իսկ այդ բացատրությունը չտրվեց ոչ թե ցանկության կամ դրա կարևորությունը չգիտակցելու պատճառով, այլև որովհետև գործնական, կիրառական, ոչ լոզունգային հարթությունում դրա լուծումները պարզապես չկան:

Եվ եթե առաջիկա օրերին «Նոր Հայաստանը» չառաջադրի այս դիլեման լուծելու, այս հակասականությունը վերացնելու` խելքին մոտ ինչ-որ մեխանիզմ, ապա հավանականությունը մեծ է, որ կա\'մ ինքն իր ձեռքով պրոցեսը կտանի փակուղի` անկախ սահմանադրական հանրաքվեի լինել-չլինելուց, կա\'մ այն կտեղափոխվի բոլոր կողմերի համար անկանխատեսելիության հուն: Որովհետև այդ ձևակերպումն իր մեջ թաքցնում է իրադարձությունների անվերահսկելի ընթացքի, հետևանքների համար թե\' հեղափոխականների և թե\' իրավապահ մարմինների կողմից պատասխանատվությունն իրար վրա բարդելու մանիպուլյացիաների պոտենցիալ: 

Չի բացառվում, որ գործընթացը կառուցվում է` հիմնվելով հանրության` «հիմա»-ի տրամաբանությունից ու տրամադրություններից բխող  վարքագծի վրա` այն ենթադրությամբ, որ ինչ-որ պահից լիցքավորված հասարակությունը կդառնա անկառավարելի, և նույնքան լիցքավորված ոստիկանությունը կդիմի անհամաչափ գործողությունների: Իսկ զանգվածի անկառավարելի դառնալը հնարավոր է ինչպես նրա վարքագիծը կառավարել չկարողանալու, այնպես էլ կառավարել չցանկանալու պարագայում: Ի վերջո, անկախ այն հանգամանքից, որ գործընթացը ֆորմալ առումով նախաձեռնել ու առաջ է տանում «Նոր Հայաստան» միավորումը, այն փաստացի ընդգծված և ամբողջական պատասխանատվություն ստանձնած լիդեր չունի:    

Գևորգ Դարբինյան