կարևոր
6919 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-06 19:52
Արցախ Հասարակություն

Կտրուկ քայլերը հանգեցնելու են էսկալացիայի, որովհետեւ արցախցիներն իրենց ասելիքն արդեն ասել են. Արթուր Մոսիյան

Կտրուկ քայլերը հանգեցնելու են էսկալացիայի, որովհետեւ արցախցիներն իրենց ասելիքն արդեն ասել են. Արթուր Մոսիյան

Ադրբեջանի՝ կոշտ ու կտրուկ քայլերից է հենց մարտի 5–ին տեղի ունեցած դիվերսիոն գործողությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը:

«Չեն բացառվում, որ առաջիկայում նույնպես կլինեն այդպիսի սադրանքներ: Իսկ դա հնարավոր է Հայաստանի այդ ՔՊ-ական ղեկավարության լուռ համաձայնության պայմաններում: Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ Ալիեւն ու Փաշինյանը պայմանավորված են անում այս ամենը»,- նշեց Մոսիյանը:

Անդրադառնալով ադրբեջանական կողմի փոխանցմանը, թե Արցախը կամ ընդունում է ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ լինելու են կոշտ եւ կտրուկ քայլեր, Մոսիյանն ասաց.

«Այսպիսի կտրուկ քայլերը հանգեցնելու են էսկալացիայի, որովհետեւ արցախցիներն իրենց ասելիքն արդեն ասել են: Մենք որեւէ պարագայում չենք կարող ինտեգրվել Ադրբեջանին: Արցախցին իր ինքնորոշման հարցն արդեն լուծել է: Այս ամենը Նիկոլի եւ իր վարչախմբի խղճին է, որովհետեւ նրանք Արցախից իրենց ձեռքերը լվացել են եւ տպավորություն է, որ Ալիեւի հետ միասին են այս գործողություններն անում»:

Արթուր Մոսիյանն ասաց, որ արցախյան կողմը ադրբեջանական կողմի հետ հանդիպմանը օրակարգային 4 հարցով էր գնացել, որոնց մեջ ներառված էր Կաշենի հանքավայրի վերաշահագործումը, ինչը մերժվել է:

Նշենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստին հայտարարել էր, որ ստեղծված իրավիճակի հումանիտար եւ ենթակառուցվածքային խնդիրները քննարկելու նպատակով ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ եւ ներկայությամբ՝ փետրվարի 24-ին արցախյան կողմը հանդիպել է ադրբեջանական կողմի հետ: Ապա պայմանավորվածություն է ձեռք բերվել երկրորդ հանդիպման կապակցությամբ, որը տեղի է ունեցել մարտի 1-ին՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ:

«Երկրորդ հանդիպման ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչը փորձել է քննարկել քաղաքական թեմաներ՝ օգտագործելով ինտեգրացիա բառը, սակայն պարոն Շահրամանյանը կանխել է՝ ասելով, որ եթե պետք է  քննարկեն քաղաքական հարցեր, դա պետք է լինի Ադրբեջանի կողմից Արցախի անկախության ճանաչման թեման: Նա հավելել է, որ քաղաքական հարցերի քննարկման համար իրենք լիազորված չեն եւ տվյալ հանդիպմանը չեն կարող քննարկել այդպիսի հարցեր»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

Երկրի ղեկավարի խոսքով՝ դրանից հետո ադրբեջանական կողմը իր խողովակներով փոխանցել է իրենց, որ կամ  ընդունում են ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ առկա խնդիրներին որեւէ լուծում չի լինելու, հակառակը՝ լինելու են ավելի կոշտ եւ կտրուկ քայլեր:

Հիշեցնենք, որ մարտի 5-ի առավոտյան Արցախի ՊԲ-ն հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ ժամը 10։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել եւ կրակ է արձակել ՆԳՆ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։

Թշնամու գործողությունների հետեւանքով զոհվել են փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանը:

Լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում։ Վիրավոր ոստիկանը վերակենդանացման բաժանմունքում է, նրա վիճակը կայուն ծանր է՝ թույլ դրական դինամիկայով։

Աղբյուրը՝ NEWS.am