կարևոր
3889 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-06 17:39
Քաղաքական

Տարվում է քաղաքականություն, որը հանգեցնելու է Մեղրիի հայաթափմանն ու նորանոր աղետների․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ հայտարարությունների ժամին ելույթ է ունեցել «Հայաստան» խմբակցության պատգմավոր Գառնիկ Դանիելյանը։ Ելույթը ներկայացնում ենք ստորև․ 

«Մեղրիում փակվում են պետական հաստատությունները՝ Առաջին ատյանի դատարանը, ՊԵԿ-ը, կադաստրի կոմիտեի ստորաբաժանումը, նոտարական գրասենյակը, հիվանդանոցը, դիահերձարանը։ Փակվել է նաեւ արխիվը։ Օպտիմալացման անվան ներքո այս գերատեսչությունների փակումը միայն խոչընդոտներ է ստեղծում մեղրեցիների համար։ 
Հաջո՞րդ ինչն եք փակելու, մանկապարտեզներն ու դպրոցնե՞րը։ Ո՞րն է այս ամենի իրական նպատակը։ 
Բժշկական հաստատություն դիմելու կարիքի դեպքում համայնքի բնակիչը պետք է ճամփա ընկնի, քանի որ 2010 թվականին կառուցված և մոտ 100 աշխատակից ունեցող հիվանդանոցը չի գործում։ 
Իսկ եթե արձանագրվում է մահ, մեղրեցին պետք է բռնի դեպի Կապան տանող ոլորաններով ճանապարհը, որպեսզի օգտվի այնտեղի դիահերձարանից։ 
Օրեր առաջ բարձրաձայնեցի, որ համայնքն ունի սպանդանոցի խնդիր ևս։ Մեղրեցիները սպանդն իրականացնելու համար ստիպված են լինում մեկնել այլ քաղաքներ, ինչն էլ լրացուցիչ անհարմարություններ է պատճառում։ 
Խնդրի կապակցությամբ գրություն էի ուղարկել ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն՝ կոչ անելով, որ հրատապ քայլեր ձեռնարկվի այս ուղղությամբ։ Նախարարությունից ստացա խոստում, Մեղրի համայնքում ևս կկառուցվի սպանդանոցային կետ։ Դրա բացակայությունը մինչ օրս խոչընդոտ է հանդիսանում Մեղրիում անասնապահության զարգացման համար։ 
Սարսափելի վիճակում են ճանապարհները։ Մեղրեցիներին անհարմարություն է պատճառում նաև տրանսպորտի բացակայությունը, հատկապես՝ գյուղական բնակավայրերում։ Գերատեսչություններից զրկված մեղրեցին մեկ այլ քաղաք էլ ուղևորվելիս ստիպված է լինում անցնել ոչ բարվոք, անանցանելի ճանապարհներով, որոնք, ի դեպ, միջպետական նշանակություն ունեն։ 

Միայն նախորդ տարի Մեղրիում փակվել է 100-ից ավելի աշխատատեղ։ Աշխատանքից ազատվել են Կադաստրի պետն ու աշխատակիցը․ սրանով են բացատրում գրասենյակի փակումը։ Սովորաբար, եթե աշխատակիցն անցնում է թոշակի, փոխարինվում է մեկ այլ աշխատակցով, ոչ թե փակվում է հաստատությունը, այն էլ՝ հանրության համար այդպիսի նշանակություն ունեցող։ 
Մեղրիում տարրական պայմանների և առաջնային ծառայությունների բացակայության պատճառով շատ ընտանիքներ տեղափոխվում են այլ քաղաքներ։ 

Այսօր անդրադառնում եմ Մեղրիի խնդիրներին, բայց ստանում եմ ահազանգեր, որ օպտիմալացման գործընթացի անվան ներքո փակվում են այլ սահմանամերձ համայնքների գերատեսչություններ ևս։  

Մեղրին Հայաստանի Հանրապետության հարավային դարպասն է, դրախտ հիշեցնող մի վայր։ Մեղրին ու մեղրեցին արժանի են ամենօրյա հոգածության, մինչդեռ, տարվում է քաղաքականություն, որը հանգեցնելու է հայրենիքի այս չքնաղ հատվածի հայաթափմանն ու նորանոր աղետների»։

Մանրամասն՝ տեսանյութում