Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը դեմ չէ, որ Համալիրը վաճառվի, սակայն Համալիրի շենքի այս վաճառքը կարելի է համարել ապօրինի, հանցավոր գործարք: Այսօր նա լրագրողներին ասաց, որ Համալիրը, այո, ունի ֆինանսական խնդիրներ, որոնք պետք է լուծվեն, այդ պատճառով էլ դեմ չէ, որ այն սեփականաշնորհվի:
«Ես դեմ եմ, որ Համալիրի հարակից տարածքը /8հա/ սեփականաշնորհման իրավունքով տրվում է գնորդին, և նա այդտեղ ինչ-ինչ կառույցներ կյանքի կոչելու իրավունք է ունենում` խաղատուն, ջրավազան: Դրանք պետք է մեկ ուրիշ տարածքում լինեն, բացառվում է պատմամշակութային հանդիսացող տարածքում զվարճանքի կենտրոններ կառուցելը»,- ասաց Քալաշյանը:
Ըստ նրա` շենքի վաճառքը տեղի է ունեցել օրենքի խախտումներով` խախտվել է «Քաղաքաշինության մասին» օրենքի 6-րդ գլխի 14-րդ հոդվածը, այն է` իրազեկել հանրությանը և քննարկման դնել հարցը: Քալաշյանը հիշեցնում է պատկան մարմիններին` Համալիրն ընդգրկված է հատուկ պահպանման գոտիների մեջ:
Yerkir.am-ի հարցին, թե արդյո՞ք, մեղմ ասած, տարօրինակ չէ մշակույթի, քաղաքաշինության նախարարությունների լռությունը, ճարտարապետը պատասխանեց` ոչ, քանի որ առաջին դեպքը չէ, որ լռում են: «Մշակույթի նախարարության զորությունը բավարար չէ մշակութային օբյեկտների պահպանման համար: Ո՞ւմ բողոքես` մեկին, ով թո՞ւյլ է տվել այդ հանցանքը: Ի՞նչ սպասենք նրանցից»:
Համալիրի համահեղինակ ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանն էլ նշեց, որ Ծիծեռնակաբերդը պետք է զերծ մնա կառուցապատման ցանկացած հարցից և պահպանի իր գործառույթները:
«Համալիրի տարածքը հանրային է համարվում, և այնտեղ կառուցապատում չի կարող իրականացվել: Դրա համար նախ պետք է հողի կատեգորիան փոխվի, հետո հիմնավորվի, որ Երևանում կանաչ տարածությունները շատ են, և այդ կանաչ տարածությունն ավելորդ է Երևանի համար: Քաղաքն ամբողջությամբ առևտրային կառույցներով է լցված, հիմա էլ հերթը հասավ Համալիրի տարածքի՞ն»,- ասաց ճարտարապետը:
Ըստ նրա` ի սկզբանե Համալիրի վերակենդանացման խնդիրը պետք է դրվեր, այլ ոչ թե` ինչ անել եկամուտ ստանալու համար: Մուշեղյանի համար, ի դեպ, զարմանալի է, թե ինչո՞ւ այսօր, երբ կյանքը եռում է, Համալիրը «մեռած» է: