կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-21 13:45
Տնտեսական

Հարկավոր է ներդրումային օրենսդրության ամբողջական ընդունում, որ ներդրողները, անկախ նրանից` ով կլինի վարչապետը, պաշտպանված լինեն. Արծվիկ Մինասյան

Հարկավոր է ներդրումային օրենսդրության ամբողջական ընդունում, որ ներդրողները, անկախ նրանից` ով կլինի վարչապետը, պաշտպանված լինեն. Արծվիկ Մինասյան

Մեր տնտեսությունը կրում և շարունակում է կրել իներցիոն բնույթ, և այս կարճ ժամանակում սպասել, որ միանգամից մեծ փոփոխություններ կլինեն, ճիշտ և ազնիվ չէ: Այս մասին «Տնտեսության ընթացիկ վիճակը և տնտեսական հեղափոխության հեռանկարը» թեմայով քննարկման ժամանակ ասաց տնտեսական զարգացման և ներդրումների նախկին նախարար Արծվիկ Մինասյանը:

«Այլ բան, եթե խոսենք` արդյո՞ք այս ժամանակահատվածն օգտագործվել է ստեղծելու համար այնպիսի հիմքեր, որոնք կհանգեցնեն երկրի տնտեսության կտրուկ վերափոխման: Այստեղ է, որ կան հարցեր: Ինչ վերաբերում է ցուցանիշներին, ապա այս պահին ցուցանիշներով առաջնորդվելը ճիշտ չէ: Այդ ցուցանիշները ֆորմալ բնույթ են կրում.  5.7% տնտեսական աճի ցուցանիշը կամ նունիսկ 7-8 %-ը ոչ մի բան է այս պահին, որովհետև մենք շատ ավելի խորքային խնդիրներ ունենք»,- ասաց նա:

Մինասյանի խոսքով` այդ խորքային խնդիրնեը կապված են տնտեսության կառուցվածքային վերանայումների հետ: Նա շեշտեց, որ երկրի տնտեսական միջնաժամկետ և երկարաժամկետ զարգացման առումով չափազանց կարևոր են երեք հիմնական ուղղություններ` տեխնոլոգիաներ, մասնագիտացում և ֆինանսական ռեսուրսներ: «Այս երեք ուղղությամբ է, որ ցանկացած կառավարություն պետք է քայլեր իրականացնի: Ցավոք, մենք դեռևս այս երեք ուղղություններով էլ կաղում ենք: Մեր աշխատաշուկայի և տնտեսության կապը, ցավոք, մնում է շատ ցածր, եթե չասենք` զրոյական, տնտեսության մեջ, տեխնոլոգիական նորամուծությունների տեսակետից, ունենք փոքր ձեռքբերումներ, բայց այն մասշտաբայնություն չունի, իսկ ինչ վերաբերում է ֆինանսական ռեսուրսների ապահովվածությանը երկրի ներսում, այս մասով էլ, ցավոք, նույնպես դեռևս չենք կարող խոսել ներդրումային մեծ հոսքերի մասին. թեև ժողովրդական շարժմանը հաջորդեցին մեծաթիվ ցանկություն հայտնողների հեռախոսազանգեր, վարչապետն էլ հստակ հայտարարություններով բազմիցս բացառեց մենաշնորհներն ու կոռուպցիան, բայց քանի դեռ դա չի վերածվել ինստիտուցիոնալ համակարգի, ակնկալել, որ մեծ ներդրումներ կլինեն երկրում, առնվազն միամտություն է»,- ասաց Մինասյանը:

Ըստ նրա` մեծ և ինստիտուցիոնալ բարեփոխումներ` նախևառաջ նշանակում է ներդրումային օրենսդրության ամբողջական ընդունում և դրա գործադրում, դա թե' ներդրումների մասին նոր օրենքն է, թե' պետություն-մասնավոր նոր համագործակցության ձևավորումը, թե' հարկային նոր օրենսդրության վերանայումը, թե' գործարար շահերի պաշտպանության խնդիրներով զբաղվող առանձին կառույցների ձևավորումը: «Դրանք մի կողմից կնպաստեն, որպեսզի չծանրաբեռնվեն մեր` դեռևս ոչ արդյունավետ դատական համակարգը, մյուս կողմից` վստահություն կներշնչեն օտարերկրյա և տեղական ներդրողներին, որ, անկախ նրանից` ով է  վարչապետը, էկոնոմիկայի նախարարը և այլք, իրենց ներդրումները պաշտպանված կլինեն»,- ասաց Մինասյանը:

Նա նշեց, որ ներդրումային քաղաքականության առումով կարևորում է սուվերեն ներդրումային ֆոնդի անհրաժեշտությունը: «Դա էականորեն կթուլացնի մեր երկրի կախվածությունը թե' միջազգային ֆինանսական հաստատություններից, թե' մեր ոչ ցանկալի, հաճախ մեր տնտեսության մեջ մրցակցությունը խաթարող սուբյեկտների վարքագծից և երկրում հիմնարար ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորություն կտա»,- ասաց Մինասյանը:

Անդրադառնալով փոքր և միջին բիզնեսին` նա նշեց, որ իրենց հաջողվել է այս ընթացքում էական ներառականություն ապահովել օրենսդրական նախաձեռնությունների շրջանակում: «Հարկային բարեփոխումների վերանայման համար մարզերով մեկ բիզնեսմենների հետ ակտիվ հանդիպումներ կայացան: Մենք հանդես եկանք այլընտրանքային մոտեցումով, որը բավական դաժան քննարկման ենթարկվեց կառավարությունում: Ցավոք, մեր շատ մոտեցումներ հավանության չարժանացան: Բայց դրանք այն բանի համար էին, որ մենք փոքր և միջին բիզնեսի մասով ունենանք իրական գործիք, ոչ թե միայն հայտարարություններ և ոչ էլ զուտ խոստումներ»,- շեշտեց նա:

Մինասյանը նաև կարծիք հայտնեց, որ ֆինանսական շուկան ենթակա է ամբողջական վերանայման: «Մեր բանկային համակարգը օրգանական կապ չունի մեր տնտեսության հետ` զարգացնելու տեսակետից: Բացի այդ` տնտեսական զարգացում, տնտեսական առաջընթաց, առանց շրջակա միջավայրի պահպանության, անհնար է: Եթե նախկինում ընդերքն անխնա շահագործվում էր, հիմա եկել ենք մեկ այլ ծայրահեղության: Ասում ենք` ոչնչի ձեռք չտանք: Այս երկու ծայրահեղություններն էլ տնտեսության զարգացման համար սխալ մոտեցումներ են: Միանշանակ է, որ ընդերքը պետք է օգտագործվի, բայց պետք է իր չափի ու կանոնների մեջ օգտագործվի, այլ ոչ թե գերշահագործում լինի»,- ասաց նա և հավելեց, որ այս ուղղությամբ  նախագծերի մեծ մասը պատրաստ էր:

«Ցավոք, այս անցումային փուլը թույլ չտվեց, որ կառավարություն-Ազգային ժողով արդյունավետ աշխատանքը լինի, որ դրանք ընդունվեին, ունենայինք,  բայց հույս ունեմ, որ առաջիկա օրենսդիր մարմնի աշխատանքներում անդրադարձ կլինի սրան, եթե չլինի էլ,  վստահեցնում եմ` որպես արտախորհրդարանական ընդդիմություն, մենք պնդելու, պահանջելու  ենք և հասարակությանը շարժելու ենք այդ ուղղությամբ»,- հավաստիացրեց Մինասյանը:

Խոսելով քաղաքական փոփոխություններիի մասին` նա շեշտեց, որ այն մարդկանցից չէ, որ ամեն ինչ սևացնի, ամեն ինչ սև ակնոցներով ներկայացնի: «Եղել են թե' ձեռքբերումներ, թե', ցավոք, խոշոր բացթողումներ: Հուսամ, որ նոր ձևավորվող ԱԺ-ի գոնե 15%-ը կկարողանա արդյունավետ աշխատել, որպեսզի կարողանանք այս մարտահրավերները, որ մեր առջև ծառացած են, լուծել»,- խոսքը եզրափակեց Արծվիկ Մինասյանը: