կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-30 12:40
Հասարակություն

Թե´ տեղական, թե´ օտարերկյա ներդրողները պետք է բացարձակ պաշտպանություն ունենան. Արծվիկ Մինասյան

Թե´ տեղական, թե´ օտարերկյա ներդրողները պետք է բացարձակ պաշտպանություն ունենան. Արծվիկ Մինասյան

ԱԺ-ում քննարկվում է էկոնոմիկայի ոլորտի` 2015թ. բյուջեի կատարողականը:

Հիմնական զեկուցող` էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին ներդրումային միջավայրի վերաբերյալ հարց ուղղեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ ասելով, որ եթե անցկացվել է լուրջ վերլուծություն ներդրումային միջավայրի վերաբերյալ, ապա ի՞նչ համեմատություններ կան այլ երկրների հետ, ի՞նչ առավելություններ ունենք, որոնք կգրավեն ներդրողներին:

Պատգամավորը հարցրեց նաև` արդյո՞ք հարկային օրենսգիրքը համահունչ է ներդրումային հայեցակարգին: Ըստ պատգամավորի` հարկային նոր օրենսգիրքը ֆիսկալ նպատակներ է հետապնդում, և այնտեղ չկան խթանող դրույթներ հարկման վերաբերյալ, որոնք կարող էին ներգրավել ներդրողներին:

Նախարարի խոսքով՝ ներդրումային ոլորտում լուրջ աշխատանքներ են տարվել քարտեզագրման առումով, մշակվել են որոշակի հայեցակարգային մոտեցումներ: Կենտրոնական տեղում այն է, որ օտարերկրյա ներդրումների պաշտպանության նոր համակարգ պետք է մշակվի ու ներդրվի: Ներդրումային քաղաքականության ոլորտում պետք է հիմնովին վերանայվեն մինչ այժմ կիրառված մոտեցումները, ինչպես նաև առանձին միջազգային կառույցների կողմից ցուցաբերվող մոտեցումները:

«Մենք պետք է ներդրումների պաշտպանության մասով արդյունավետ համակարգ ունենանք, որ թե' տեղական, թե' օտարերկյա ներդրողները ունենան բացարձակ պաշտպանություն: Հակառակ դեպքում` մենք ստիպված պետք է լինենք պայքարել նրա դեմ, որ տեղական ներդրողները գնան այլ երկրում ներդրում կատարեն, որ այնտեղ համարվեն օտարերկրյա ներդրող ու պաշտպանվեն, մինչդեռ մենք պետք է մեր երկրում ստեղծենք այդպիսի պաշտպանական համակարգ»,- ասաց Մինասյանը:

Ինչ վերաբերում է հարկային օրենսգրքին, նախարարի խոսքով` անշուշտ, կա տոկոսադրույքի բարձրացում շահութաբաժինների մասով, սակայն մինչ այժմ մենք չենք ունեցել շահութաբաժնի հարկման քաղաքականություն: Կա եկամտահարկ, կա շահութահարկ, և եթե շահութաբաժինը չի հարկվում, կազմակերպություններին ձեռնտու է  շահութահարկ վճարել ավելի ցածր տոկոսադրույքով, քան եկամտահարկով աշխատակիցներին վարձատրություն տրամադրել: Առաջանում է անհամաչափ մոտեցում: Եվ կա կարիք հարկային նոր օրենսդրության վերաբերյալ քննարկում ծավալելու, որին  ակտիվորեն կմասնակցի էկոնոմիկայի նախարարությունը: