կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-03 15:55
Առանց Կատեգորիա

Եթե քաղաքական մրցակցությունը գնում է սևի ու սպիտակի միջև, ունենում ենք քաղաքական դալտոնիզմի իրավիճակ. Սպարտակ Սեյրանյան

Եթե քաղաքական մրցակցությունը գնում է սևի ու սպիտակի միջև, ունենում ենք քաղաքական դալտոնիզմի իրավիճակ. Սպարտակ Սեյրանյան

ՀՅԴ Բյուրոյի անդամ, առաջիկա ընտրություններում ՀՅԴ համամասնական ցուցակում 5-րդ տեղը զբաղեցնող Սպարտակ Սեյրանյանը հյուրընկալվել է 24TV-ին: Բանավեճի մյուս մասնակիցը պետք է լիներ «Սասնա ծռեր» կուսակցության ցուցակի 2-րդ տեղը զբաղեցնող թեկնածու Գարեգին Չուգասզյանը, սակայն նա, չնայած նախնական պայմանավորվածությանը,  չի ներկայացել հաղորդմանը` անպատասխան թողնելով հեռուստաալիքի բոլոր զանգերը:

Բանավեճը հարցուպատասխանի ձևաչափով է կայացել:

Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է ընթանում ՀՅ Դաշնակցության նախընտրական քարոզարշավը, Սպարտակ Սեյրանյանը նշել է, որ, չնայած նախընտրական քարոզարշավի բոլոր ձևախեղումներին, առկա իրավիճակից բխող բոլոր իրողություններին, Դաշնակցությունը հնարավորություն է ունեցել գոնե անցնող 6 օրերի ընթացքում ընտրողներին ներկայացնել իր ծրագրերը, գաղափարներն ու առաջարկները այն բոլոր հիմնախնդիրների հետ կապված, որոնք թե' այսօր կան, թե' վաղն են  լինելու` անկախ ընտրությունների արդյունքներից և ընտրական գործընթացի տրամաբանությունից:

«Անշուշտ, շատ կուզեինք, որ ոչ միայն մենք, այլ նաև քաղաքական մյուս ուժերը քարոզարշավի այս` առանց այդ էլ փոքր ժամանակահատվածում հնարավորություն ունենային սեփական տեսակետները ներկայացնելու, այլ ոչ թե պատասխանեին կամ պարտադրված լինեին պատասխանել իրենց հետ կապված մեղադրանքներին, սև քարոզչությանը, հակաքարոզչությանը: Բայց, այնուհանդերձ, կարծում եմ, որ առաջիկա մի քանի օրերն էլ հնարավորություն կտան ընտրողների հետ շփումների ընթացքում ավելի հանգամանալից և պարզորոշ ներկայացնելու մեր մոտեցումներն ու առաջարկները»,- ասել է Սեյրանյանը:

Դիտարկմանը` արդեն ուրվագծվել է հստակ պատկեր` կա երկու բևեռ. ՀՀԿ-ն քննադատում է  Փաշինյանի ուժին, Փաշինյանն էլ դաժանաբար խոսում է ՀՀԿ-ի անցյալի, ներկայի և անգամ` ապագայի մասին` նրանց ժամանակ առ ժամանակ ուղարկելով «քաղաքական և պատմության աղբանոց», և հարցին` դա լա՞վ է, թե՞ վատ, Դաշնակցությունը չի՞ ստվերվում, Սեյրանյանը պատասխանել է. «Եթե քաղաքական մրցակցությունը, կոպիտ ասած, սևի ու սպիտակի միջև է, մենք ունենում ենք քաղաքական դալտոնիզմի մի իրավիճակ, երբ այլ գույներ, քաղաքական երանգներ և մոտեցումներ ստվերվում են: Բայց թույլ տվեք գնահատել սևի ու սպիտակի մրցակցությունը կամ տեսակետների բախումը: Դրանք որևէ առնչություն չունեն ո'չ այսօրվա իրողությունների հետ, ո'չ էլ խորհրդարանական ընտրությունների հաջորդ օրվա իրողությունների հետ:  Այսինքն` բանավեճը գնում է մի քանի ամիս առաջ տեղի ունեցած երևույթների մասին: Սևի ու սպիտակի այսօրվա բանավեճը, 6-7 ամիս առաջ տեղի ունեցած բանավեճը, եթե կարելի է ասել, անընդհատ update (թարմացնելով) անելով, նորից նույն թեմաներին վերադառնալն է»:

Դիտարկմանը, որ այդ երևույթն ավելի շատ քաղաքական փոխադարձ վիրավորանք չէ՞, քան բանավեճ, Սեյրանյանը պատասխանել է. «Ես արդեն սկսում եմ մտածել, որ սա արվում է հատուկ, որովհետև շատ ավելի հեշտ է դիմացինին խփել, հարվածել, վարկաբեկել: Ի դեպ, ես բոլոր կողմերին նկատի ունեմ, ոչ թե միայն մեկ: Որովհետև այդ ժամանակ այնքան էլ պարտադիր չէ` գաղափարներ կամ ծրագրեր ասես, լուծումներ առաջարկես: Երբ քաղաքական մրցակցությունը ոչ թե ինչ-որ խնդիրներ լուծելու ուղիներին է վերաբերում, այլ մեկն ասում է` ես լավն եմ, դու` վատը, այն մեկը` չէ, ես եմ լավ, դու ես վատ, այստեղ արդեն ով ծրագիր ու գաղափար է առաջարկում, ստացվում է, որ մի տեսակ խաղից դուրս իրավիճակում է»:

ՀՅԴ Բյուրոյի անդամի խոսքով`  Դաշնակցության համար այս վիճակը ցանկալի չէ, որովհետև իրենք հնարավորություն չենք ունենում ավելի շատ կենտրոնանալու առաջարկների ու տեսակետների վրա: «Բայց մի քանի քվե ավելի ստանալու սիրույն մենք երբևէ չենք խառնվի նման բանավեճի և նման խոսակցության»,- շեշտել է նա:

Իսկ այդ դեպքում ինչո՞ւ է ՀՅԴ-ն մասնակցում ընտրություններին, Սեյրանյանը պատասխանել է. «Մենք մասնակցում ենք, որպեսզի մեր տեսակետներն ու մոտեցումները ներկայացնենք: Թող հասարակությունն ինքը` իր ազատ կամքի արտահայտմամբ, իր որոշումը ներկայացնի բոլոր քաղաքական ուժերի դիրքորոշումների հետ կապված: Եթե մարդիկ ուզում են որոշում կայացել անցյալի հիմնախնդիրների հետ կապված, նրանց կամքն է: Մենք նրանց առաջարկում ենք ապագայի օրակարգեր: Տեսեք` եթե խորհրդարանական ընտրությունները դիտարկում են որպես միջոցառում, որը միտված է ընդամենը իշխանության ձևավորմանը, սա մի   տրամաբանություն է: Բայց համաձայնեք, որ ընտրությունների հաջորդ օրը,  Հայաստանի ու հայության համար ներքին, թե արտաքին մարտահրավերներ չեն փոխվելու: Ադրբեջանը չի ասելու` քանի որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները ավարտվեցին, և ենթադրենք X քաղաքական ուժը ստացավ ձայների ճնշող մեծամասնություն, դե լավ, եկեք Ղարաբաղի հարցին ուրիշ ձև վերաբերվենք: Մեր հարևանները տարածաշրջանից չեն գնալու: Այն բոլոր հիմնախնդիրները, որոնք մենք ունենք` տնտեսական, սոցիալական, մշակութային, ազգային, արժեհամակարգային, մնալու են, չէ՞: Հիմա` եթե քաղաքական ուժերը համարում են, որ դրանց մասին պետք չէ խոսել, այլ խոսքն իշխանությունն ամեն գնով վերցնելու մասին է, ես ասեմ ձեզ` ով էլ հաղթի, դա լինելու է պյուրոսյան հաղթանակ»: