կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-17 17:34
Քաղաքական

Նոր համակարգի առավելությունների մասին մեր փաստարկները մարդիկ շատ լավ ընկալում են. Աղվան Վարդանյան

Նոր համակարգի առավելությունների մասին մեր փաստարկները մարդիկ շատ լավ ընկալում են. Աղվան Վարդանյան

Այսօր` ԱԺ հայտարարությունների ժամին, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը անդրադարձավ սահմանադրական հանրաքվեի քարոզարշավին:

Նրա խոսքով՝ Սահմանադրությունը խաղի համընդհանուր կանոններ է սահմանում, որոնցով բոլորը պետք է ապրեն առաջիկա տասնամյակներին` թե\' «այո» ասողները, թե\' «ոչ»-ի կողմնակիցները, թե\' ընդդիմությունը, թե\' իշխանությունը, այնպես որ` սխալ է այս հարցում ջրբաժան տեղադրել ընդդիմության և իշխանության միջև:

«Դաշնակցությունը ընդդիմություն է և համոզված ու վճռական «այո»-ի կողմնակից, խորհրդարանական կառավարման համակարգի կողմնակից: Բայց մենք նաև պնդում ենք, որ լուրջ բանավեճերը և քննարկումներն անհրաժեշտություն են: Հայաստանում այսօր քիչ մարդ կա, ով փոփոխություն չի ցանկանում ու պահանջում: Մեր կարծիքով` դրական փոփոխություն հնարավոր է բացառապես համակարգն ու մեխանիզմները արմատապես փոխելու, իշխանությունը ապակենտրոնացնելու, կոլեգիալ որոշումներ կայացնելու, ընդդիմության դերը էապես մեծացնելու, դատական համակարգն անկախացնելու, ընտրությունների միջոցով պարբերաբար իշխանափոխություն իրականացնելու ճանապարհով: Մեր համոմզմամբ` նոր Սահմանադրությունը ասվածի հիմքերը դնում է:

Ցավոք, «ոչ» ասողները  հիմնականում չեն մտնում բովանդակային քննարկման մեջ: Նրանց «ոչ»-ը փաստացի «այո» է Սահմանադրությանը, որին ժամանակին «ոչ» են ասել, բայց դա նրանց գործն է: Մի բան, այնուամենայնիվ, անթույլատրելի է` մեր ապագայի համար անթույլատրելի է, որ որոշ քարոզիչներ փորձում են քաղաքացիներին ներշնչել, թե իրենցից ոչինչ կախված չէ, և որ իրենք անելու բան չունեն: Քաղաքական ուժերի անելիքը պետք է լինի հակառակը: Եթե այսօր ունենք 50 տոկոս անտարբերներ, հիասթափվածներ, որոնք կարծում են, որ իրենցից ոչինչ կախված չէ, և 50 տոկոս քաղաքացիներ, որոնք դեռ հույս ունեն և ուզում են իրենց ձայնը լսելի դարձնել ու մասնակցել, ապա քաղաքական ուժի գործը պետք է լինի առաջին 50 տոկոսի թիվը գոնե երկու-երեք տոկոսով նվազեցնելը, այլ ոչ թե հակառակը: Այլապես` մենք կունենանք մի իրականություն, որտեղ ոչինչ չենք կարողանա անել: Մենք վերջին շաբաթ, կիրակի օրերին չորս մարզերում ունեցել ենք 11 հանդիպում, մեր բոլոր հայտնի դեմքերը մասնակցել են այդ հանդիպումներին, հանդիպել ենք մոտ 2 հազար մարդու հետ: Ե\'վ «այո» ասողներ կան, և\' «ոչ» ասողներ, բայց վստահեցնում եմ, որ նոր համակարգի առավելությունների մասին մեր փաստարկները մարդիկ շատ լավ լսում, տեսնում և ընկալում են»,- ասաց Աղվան Վարդանյանը: