կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-16 13:21
Քաղաքական

Վատ եմ զգում, որ չենք կարողացել արդյունքներ գրանցել. Գալուստ Սահակյանը՝ ԵԽԽՎ հակահայ զեկույցի մասին

Վատ եմ զգում, որ չենք կարողացել արդյունքներ գրանցել. Գալուստ Սահակյանը՝ ԵԽԽՎ հակահայ զեկույցի մասին

Այսօր ԱԺ հերթական քառօրյայի նիստն է: Օրակարգի հարցերի քննարկմանն անցնելուց առաջ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը վարման կարգով անդրադարձավ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում «Բռնության աճը ԼՂ-ում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» խայտառակ վերնագրով խայտառակ զեկույցի ընդունման փաստին: Պատգամավորը ԱԺ նախագահից հետաքրքրվեց, թե նա իր մոտ հրավիրե՞լ է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամներին` իմանալու, թե ի՞նչ է կատարվել այնտեղ, ի՞նչ դեր է ունեցել հայկական պատվիրակությունը:

Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ այդ հարցի վերաբերյալ շատ ինֆորմացված է: «Դա ոչ թե խայտառակություն է, այլ շատ խայտառակություն, բայց եկեք` մեղավորներ չփնտրենք: Ես դրական եմ համարում հայկական պատվիրակության աշխատանքը: Մենք այսօր միջոցներ ենք ձեռնարկում, որ հունվարին կայանալիք լիագումար նիստում կարողանանք ավելի գործուն մասնակցություն ունենալ: Բնականաբար, նման խնդիրները հայկական պատվիրակությունը միայնակ չէր կարող լուծել, այս պահին գործ ունենք ոչ թե ԵԽԽՎ-ի, այլ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ: Եթե կարծում եք, որ մեր պատվիրակությունը պետք է կարողանար միայնակ հաղթահարելի դարձնել այդ երևույթը, ես դրան համաձայն չեմ, բայց, միևնույն ժամանակ, ես չեմ ուզում ոչ պաշտպանվող խոսքեր լսել, ոչ էլ վարկաբեկող խոսքեր լսել, նրանք մեր պատգամավորներն են, բոլորը պայքարել են: Ես շատ վատ եմ զգում, որ չենք կարողացել արդյունքներ ապահովել, բայց մենք պետք է ջանքեր գործադրենք»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ թեև այդ պարտության համար չի կարելի վհուկների որս սկսել, բայց երկու հարցի վերաբերյալ հանրությունը պետք է հստակ պատասխաններ ստանա. առաջինը, թե որքանո՞վ է արդյունավետ աշխատել հայկական պատվիրակությունը` որպես ամբողջություն և առանձին-առանձին, երկրորդ՝ որքանո՞վ են ԱԳՆ-ն և ԵԽԽՎ ԱԺ պատվիրակությունը համագործակցել իրար հետ:

«Ամենավտանգավոր բանը համարում եմ այն, որ մեր արտաքին ձախողումները կապում ենք Ադրբեջանի խավիարային դիվանագիտության հետ: Եթե խավիարը այդքան զորեղ բան է, գուցե չարժե պատվիրակություն ուղարկել ԵԽԽՎ, այլ խավիար գնենք ու ուղարկենք ԵԽԽՎ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Գալուստ Սահակյանը արձագանքեց. «Չի կարելի խավիարը որդեգրել որպես հաղթանակի ու պարտության միջոց, առավել ևս, որ մենք չենք էլ կարողանում օգտվել այդ խավիարից, այլ օդի մեջ խոսում ենք»:

Հերմինե Նաղդալյանն էլ, որպես ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, նշեց, թե պատվիրակությունն աշխատել է թափանցիկ` պարբերաբար ներկայացնելով իր աշխատանքի հաշվետվությունը: