կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-13 15:26
Քաղաքական

Աշխարհի վերջը չի լինի, բայց... Կիրո Մանոյանը` հակահայ զեկույցի մասին

Աշխարհի վերջը չի լինի, բայց... Կիրո Մանոյանը` հակահայ զեկույցի մասին

Առաջին անգամ չէ, որ ԵԽԽՎ զեկույցները փայլում են հակահայությամբ, և վեհաժողովը միակողմանի կեցվածք է ընդունում. այսօր, անդրադառնալով ԵԽԽՎ նստաշրջանին ու հակահայ զեկույցներին, լրագրողներին ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Նրա խոսքով` հայկական կողմը ինչ կարող է անել, անում է և անելու է, և այստեղ կարևոր է հասարակության աջակցությունը. հակահայ բանաձևերի դեմ ստորագրահավաք է կազմակերպվում, կզբնական թիրախ է համարվել 1500 ստորագրությունը, իսկ այդքանը հավաքելուց հետո` արդեն 2500-ը:  

Ըստ Կիրո Մանոյանի` հայկական պատվիրակությունը կարող է ավելի մեծ արդյունքի հասնել, եթե պատվիրակության անդամների հետ նախապես աշխատանք տարվի:

«Կարևորը Մինսկի խմբի համանախագահող երկրների դերակատարությունն է, որոնք իրենց վերջին հայտարարություններում նշեցին, որ  ԼՂ հարցն այլ ատյաններ տանելն անպատեհ է: Կարծում եմ, որ նրանք պետք է լինեն ավելի ակտիվ, նրանց դերակատարությունը` ուժեղ, քանի որ նման գործընթացները հարվածում են նրանց միջնորդած բանակցային գործընթացին»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ԵԽԽՎ  հայկական պատվիրակության կազմին, ապա Կիրո Մանոյանն ասաց, որ մասնավորապես Արմեն Ռուստամյանի հարցում շատ հանգիստ են` նա լիարժեք արդարացնում է իր ներկայությունն այնտեղ:

Հարցին, թե ի՞նչ կլինի հակահայ բանաձևի ընդունման դեպքում, նա պատասխանեց` աշխարհի վերջը չի լինի, սակայն բացասական ազդեցություն կունենա, ինչը կխրախուսի Ադրբեջանին՝ շարունակել իր կամայական կեցվածքը: «Անհրաժեշտ է, որ միջազգային համայնքը, եթե հարգում է իրեն, թույլ չտա, որ ծախու ապրանք դառնա Ադրբեջանի ձեռքին»,- ավելացրեց ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուն: