կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-14 13:27
Հասարակություն

Շաքարախտով հիվանդների թիվը վերջին 30 տարիների ընթացքում կրկնապատկվել է

Շաքարախտով հիվանդների թիվը վերջին 30 տարիների ընթացքում կրկնապատկվել է

Այսօր Շաքարային դիաբետի դեմ պայքարի միջազգային օրն է: Այսօր էնդոկրինոլոգ-սննդաբան Հասմիկ Աբովյանը լրագրողներին հայտնեց, որ շաքարախտով հիվանդների թիվը վերջին 30 տարիների ընթացքում կրկնապատկվել է, և սա հետևանք է այն հանգամանքի, որ կյանքի որակը լավացել է: Ըստ նրա` ամեն ինչ հեշտ է դարձել. մարդիկ հիմա առանց ֆիզիկական աշխատանք կատարելու են հաց վաստակում: «Նստակյացությունը տանում է ճարպակալման, որն էլ շաքարախտի է հանգեցնում: Շաքարախտը, չհետևելու դեպքում, կարող է լուրջ հետևանքներ առաջացնել, իսկ հետևելու դեպքում կարող է ուղղակի ապրելակերպ դառնալ»,- ասաց մասնագետը:

Բերանի չորություն, հաճախամիզություն, քնկոտություն, թուլություն` սրանք շաքարային դիաբետի առաջին նշաններն են: Աբովյանը նշում է, որ 1-ին տիպի կամ մանկական դիաբետը փոքրիկների մոտ շրջանցելն ուղղակի դժվար է, քանի որ այն սեփական իմունիտետի խանգարում է, որի դրդապատճառը կարող են լինել ինֆեկցիոն հիվանդությունները: Շաքարախտի մյուս ձևը 2-րդ տիպն է կամ մեծահասակների շաքարախտը, որի առաջացման հիմնական պատճառն էլ ճարպակալումն է:

«Ճարպակալումը 21-րդ դարի մարտահրավերներից մեկն է դարձել: Մարդիկ ջուր խմելու փոխարեն սկսել են գազավորված քաղցր հյութեր խմել, արագ սնունդ ուտել, քիչ շարժվել, իսկ այս ամենը ճարպերի կուտակման համար հարմար նախադրյալներ են ստեղծում: 2-րդ կարգի շաքարախտը 97 տոկոսի դեպքում զուգակցվում է ճարպակալման հետ»,- ասաց մասնագետը:

Ի դեպ, Հայաստանը շաքարախտով հիվանդացության դեպքերի թվով առաջին տեղում է տարածաշրջանում: