Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-11-11 13:10
Քաղաքական

Սահմանադրական փոփոխումներ ասածն իմ սկզբունքների մեջ մտած է. Բազմասեր Առաքելյան

Սահմանադրական փոփոխումներ ասածն իմ սկզբունքների մեջ մտած է. Բազմասեր Առաքելյան

Սահմանադրական բարեփոխումների քարոզարշավի շրջանակներում օրեր առաջ Արագածոտնի մարզում գումարվել է «Այո» շտաբի նիստ, որը ղեկավարել էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նիստին մասնակցել էին նաև Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը և ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Բազմասեր Առաքելյանը: Վերջինս այդ նիստի ընթացքում հայտարարել էր, որ պատրաստ է մի քանի գյուղից բերել համապատասխան թվով ձայներ:

Այս առնչությամբ, Yerkir.am-ի հարցին ի պատասխան, թե ի՞նչ մեխանիզմներ գործի դնելով է պատրաստվում ապահովել համապատասխան քանակի ձայներ, Բազմասեր Առաքելյանը պատասխանեց՝ միայն իրազեկման ելույթներ, հանդիպումներ, որոնց արդյունքում ժողովուրդը կտեղեկանա սահմանադրական բարեփոխումների դրական կողմերի մասին: Թեև պատգամավորը համոզված է, որ իր խոստումն անպայման կատարելու է, այնուամենայնիվ, հայտարարեց, որ արդյունքը կերևա միայն հանրաքվեից հետո:

«Մեզնից հասնում է ժողովրդին իրազեկենք, ոչ թե ստիպենք»,- ասաց նա և հավելեց. «Սահմանադրական փոփոխումներ ասածն իմ սկզբունքների մեջ մտած է»:

Պատասխանելով հարցին, թե համոզվա՞ծ է, որ ժողովուրդը լսելու է և սահմանադրական բարեփոխումների օգտին է քվեարկելու, պատգամավորը հայտարարեց. «Էլի եմ ասում`մեզնից հասնում է ժողովրդին իրազեկենք, ոչ թե ստիպենք: Ժողովուրդն իր ընտրությունը ցույց կտա, արդյունքը կերևա հանրաքվեից հետո: Բայց մեր պարտականությունն այն է, որ, որպես պատգամավոր, որպես այդ տարածքում ապրող մարդ, իրազեկենք այդ մարդկանց, ասենք՝ ինչն է»:

Իսկ թե կոնկրետ քանի՞ համայնքների համար է պատասխանատվություն ստանձնում, Բազմասեր Առաքելյանն ասաց. «Թող մնա գաղտնիք, մեկ ա երևալու ա, էլի: Բոլոր տեղերում՝ ինչքան հնարավորություն ունեմ մարդկանց կողքը կանգնելու, մարդկանց իրազեկելու, շեշտում եմ՝ ոչ թե ստիպելու»: