Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
2 օր առաջ, 2016թ. պետական բյուջեի նախագծով ԱԺ-ի համար նախատեսված հատկացումներին անդրադառնալիս, ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն ասել է, թե պահումներ են կատարվում այն պատգամավորների աշխատավարձից, ովքեր ԱԺ նիստերին չեն մասնակցում: ԱԺ հաշվապահը, լրացնելով իր ղեկավարին, հավելել է, թե յուրաքանչյուր բացակայած օրվա դիմաց պատգամավորների աշխատավարձից պահում է կատարվում 30 հազար դրամի չափով: Իսկ Գագիկ Ծառուկյանն ԱԺ-ից ընդհանրապես աշխատավարձ չի ստանում:
Աշխատավարձից պահումներ կատարելով պատգամավորներին անպարտաճանաչության համար պատժելու մեխանիզմը ներդրել է Հովիկ Աբրահամյանը, երբ դեռ ԱԺ նախագահն էր: Այս մեխանիզմը, սակայն, ոչ մի էական ազդեցություն բացակայությունների վրա չունեցավ. այն պատգամավորները, որոնց համար ԱԺ նիստերին մասնակցության իրենց պարտավորության կատարումն ընդամենը քմահաճույքի հարց էր, նույն կերպ շարունակում են բացակայել նաև հիմա: Որովհետև ԱԺ-ից ստանալիք աշխատավարձը նրանց համար ընդամենը օբյեկտում «մի կտոր հաց ուտելու» հաշիվ է, իսկ որոշների դեպքում` թեյավճար: Ու նրանք խորապես թքած ունեն` 30 հազար կպահվի աշխատավարձից, թե ամբողջ գումարը:
ԱԺ հաշվապահը Գագիկ Ծառուկյանին աշխատավարձից զրկելու մասին խոսում է այնպիսի ոգևորությամբ, կարծես սխրանք են գործել: Մինչդեռ Ծառուկյաննն ինքը գուցե չի էլ հիշում` ԱԺ-ից իրեն առհասարակ աշխատավարձ հասնում է, թե ոչ: Բայց հարցը դա չէ:
Գագիկ Ծառուկյանը ԱԺ նախորդ նստաշրջանի և ոչ մի նիստի ու քվեարկության չի մասնակցել: Նա ընդհանրապես ԱԺ չի գնացել, չի աշխատել որպես պատգամավոր: Ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի` խորհրդարանի նախագահը պետք է ԱԺ այս նստաշրջանի առաջին իսկ քառօրյայի ընթացքում արձանագրություն կազմեր այն մասին, թե Ծառուկյանի բացակայություններից քանիսն են եղել հարգելի, քանիսը` ոչ: Եթե պատգամավորը բացակայում է նստաշրջանի քվեարկությունների կեսից ավելիից, և այդ բացակայությունների մեծամասնությունն անհարգելի է, ըստ Սահմանադրական դատարանի 2013թ. ապրիլի 16-ի որոշման` նա իրավունքի ուժով պետք է դադարի պատգամավոր լինելուց: Այդ հարցն անգամ քննարկման ենթակա չպետք է լինի ԱԺ-ում:
Գալուստ Սահակյանը Գագիկ Ծառուկյանի պարագայում անգամ այդ արձանագրությունը կազմելու կարիքը, թերևս, չպետք է ունենար, որովհետև աբսուրդ է նման իրավիճակում անգամ քննարկել` բացակայությունների որ մասն է եղել հարգելի, որը` անհարգելի: Մինչդեռ ոչ միայն Գագիկ Ծառուկյանն է շարունակում մնալ պատգամավոր, այլև ԱԺ նախագահը մի առանձնակի համառությամբ շարունակում է չկատարել Ծառուկյանին մանդատից զրկելու գործընթաց նախաձեռնելու իր բացառիկ գործառույթը: Եվ սա այն դեպքում, երբ Ծառուկյանին պատգամավորությունից զրկելն օրենքի իմպերատիվ պահանջն է, այլ ոչ թե ԱԺ նախագահի քմահաճույքին թողնված իրավասություն:
Այլ կեպ ասած` բոլորի աչքի առաջ խախտվում է օրենքը, Սահմանադրությունը, մինչդեռ ԱԺ աշխատակազմի ղեկավարն ու հաշվապահն ընդամենը հերոսություն են համարում... աշխատավարձից մի մարդուն զրկելը, որն օրենքի ուժով այդ աշխատավարձն ստանալու իրավունքը չպետք է ունենար ի սկզբանե: Հասկանալի է, որ խնդիրն այստեղ Ծառուկյանի անձը չէ:
Այս տարվա փետրվարի 12-ին ՀՀԿ-ի հայտնի խորհրդի նիստից հետո, որի ընթացքում ՀՀ նախագահը անողք քննադատության ենթարկեց Ծառուկյանին և ԱԺ նախագահին փաստացի հրահանգեց բացակայությունների հիման վրա նրան պատգամավորական մանդատից զրկելու գործընթաց սկսել, ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս կապակցությամբ ասաց. «Պետություն է կառուցվում: Կան երևույթներ, որոնք պետություն կառուցելու ճանապարհին անհանդուրժելի են»:
Դե ինչ, քանի որ Ծառուկյանը ԱԺ չգալու և իր աշխատանքային պարտականությունները չկատարելու համար պատժվում է ընդամենը աշխատավարձից զրկվելով, պետք է ենթադրել, որ կամ այլևս պետություն չի կառուցվում, կամ կառուցվելու ճանապարհին այդ երևույթներն այլևս անհանդուրժելի չեն: Ժամանակներն, իսկապես, արագ են փոխվում:
Թերևս, անհրաժեշտ է նաև փոփոխություն կատարել աշխատանքային օրենսգրքում և սահմանել, որ անհրաժեշտ է շարունակել աշխատավարձ վճարել իր աշխատանքային պարտականություններն անհարգելի չկատարող ու նույնիսկ աշխատանքից այդ պատճառով զրկվելու ենթակա աշխատողին: Եթե դա կարելի է պատգամավորին, ապա ինչու չի կարելի սովորական, շարքային քաղաքացուն...
Գևորգ Աղաբաբյան