Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ Ազգային ժողովում քննարկվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը կուտակային կենսաթոշակային օրենքի վերաբերյալ: Ելույթներ ունեցան և պատգամավորների հարցերին պատասխանեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը և նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ԱԺ ընդդիմադիր պատգամավորներն իրենց ելույթներում կրկնում էին, որ ոչինչ չեն հասկանում կառավարության ներկայացուցիչների պատասխաններից, քանի որ շփոթն ու անորոշությունը շարունակում է պահպանվել:
Yerkir.am-ը հետաքրքրվեց` ի՞նչ են հասկացել «Դեմ եմ պարտադիրին» շարժման անդամները` հետևելով խորհրդարանում հնչած ելույթներին:
«Դեմ եմ» շարժման անդամ Տիգրան Մարտիրոսյանը պատասխանեց, որ, իր տպավորությամբ, իշխանությունները ուզում են ժամանակ ձգել: «Չգիտեմ` ռեալ խնդիրներ կա՞ն, որ ուզում են ժամանակ ձգել, թե՞ ուղղակի ուզում են ձգել, որ էս ամսվա աշխատավարձից պահումներ պոկեն, դա չեմ կարող ասել»:
Մեր այն հարցին, թե ի՞նչ է հասկացել կոնկրետ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի բացատրություններից, պատասխանեց. «Արտեմ Ասատրյանի ելույթներից դժվար էլ բան հասկանամ: Ինքը «եւ» է ասում, հետո ասում է «այսինքն» ...»:
Ինչ վերաբերում է վարչապետի պատասխաններին, Տիգրան Մարտիրոսյանը նշեց, որ տպավորություն է ստեղծվում, որ վարչապետը ինչ-որ բան ուզում է անել, բայց դեռ չի ստացվում, կամ նրան չեն թողնում: Թե ո՞րն է դրա պատճառը, «Դեմ եմ»-ի անդամը դժվարանում է պատասխանել: «Հենց այն մոտեցումը, որ ոչ «հա» են ասում, ոչ` «չէ», շատ գործատուների դրել է սպասողական ու անորոշ վիճակում` անե՞ն պահումներ, թե՞ չանեն»,- ասաց նա:
«Դեմ եմ»-ի մեկ այլ անդամ` Դավիթ Մանուկյանը, նշեց, որ իշխանության ներկայացուցիչներն առանձնապես պարզ չեն խոսել, ելույթները եղել են երկիմաստ, խոսել են գրեթե ամեն ինչից, բայց` ոչնչից, անգամ պատգամավորի ուղիղ հարցին վարչապետը չի կարողացել հստակ պատասխանել:
«Ես տեսնում եմ նրանց կողմից հնչող միմիայն հայտարարություններ, որոնց հետևում գործողություններ չկան: Սա թատրոն է, ինչը անհարիր է նոր ձևավորվող կառավարության համար, որ նման լուրջ հնչեղություն ունեցող հասարակակական խնդիրը թատրոնի են վերածել»,- ասաց Դավիթ Մանուկյանը` հավելելով, որ այդ ամենի նպատակն է հնարավորինս ձգձգել ժամանակը մարդկանց հանդարտացնելու նպատակով, սակայն պարզից էլ պարզ է, որ կառավարության համար կենսական անհրաժեշտություն է գումարներ ունենալը: Նախաձեռնության անդամը չի հավատում բոլոր այն հայտարարություններին, թե արվում են սոցիալական բարեփոխումներ, այդ գանձումները նպատակին չեն ծառայելու, պարզապես ամեն գնով փորձում են գրպանահատել մարդկանց:
«Իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ իշխանություններին անհրաժեշտ է այնպիսի կառավարություն, որը կարողանա հնարավորինս շատ փող բերել երկիր, այնպիսի վարչապետ է պետք, ով կարողանա որևէ տեղից փող ապահովել: Հասել ենք մի պահի, երբ էլի փող է պետք, բայց դրսից արդեն քիչ ծավալով է գալիս` պայմանավորված աշխարհաքաղաքական կողմնորոշումներով: Միակ հույսը մնացել է ներսից փող վերցնելը, և ընտրվել է ամենահեշտ տարբերակը` քաղաքացուց փող վերցնելը»,- ասաց Դավիթ Մանուկյանը: