Փոխարժեքներ
17 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 392.34 |
EUR | ⚊ | € 427.93 |
RUB | ⚊ | ₽ 4.6774 |
GBP | ⚊ | £ 508.94 |
GEL | ⚊ | ₾ 141.48 |
Հայոց ցեղասպանությունը ծրագրվեց և իրականացվեց Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի, իսկ հետագայում ավարտին հասցվեց քեմալական կառավարության կողմից:
Հայերի ցեղասպանությունն իրականացվեց մի քանի փուլով. առաջին փուլում 100.000 հայ տղամարդ զորակոչեցին օսմանյան բանակ. դա հարմար առիթ էր տղամարդկանց զինաթափելու, ապա սպանելու համար: Ինչն էլ կատարվեց:
1915թ. ապրիլի 24-ին իրականացվեց երկրորդ փուլը. հարյուրավոր հայ մտավորականներ ձերբակալվեցին ու սպանվեցին: Ցեղասպանության երրորդ փուլը նշանավորվեց կանանց, երեխաների, ծերերի տեղահանությամբ ու ջարդերով՝ դեպի սիրիական անապատ: Տեղահանության ընթացքում հարյուր հազարավոր հայեր սպանվեցին թուրք զինվորների, ոստիկանների, քրդական ավազակախմբերի ու տեղի բնակչության կողմից, ողջ մնացածները մեռան սովից, համաճարակից: Հայերը ցեղասպանվում էին իրենց բնօրրան հայրենիքում՝ աշխարհի սառը, անտարբեր հայացքի ներքո: Հայոց ցեղասպանությանը զոհ գնաց 1,5 միլիոնից ավելի մարդ: Հայ ժողովուրդը հայրենազրկվեց…
1919 թվականին Կոստանդնուպոլսի ռազմական տրիբունալով հեռակա կարգով մահապատժիէ դատապարտվում Հայոց Ցեղասպանությունը իրագործած թուրք պաշտոնյաներին. նրանք դատապարտվեցին, սակայն վճիռը չկատարվեց: Վճիռն ի կատար ածելու պարտքն իրենց վրա վերցրեցին հայ մարտիկները՝ վրիժառուները: «Նեմեսիս»-ի նպատակն էր պատժել 1915թ. Հայոց ցեղասպանությունը կազմակերպած եւ իրականացրած երիտթուրքերի պարագլուխներին, ինչպես նաեւ 1918թ. Բաքվի հայերի ջարդի կազմակերպիչներին:
ԻՐԱԿԱՆԱՑՎԵՑԻՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԴԱՏԱՎՃԻՌՆԵՐԸ
-1921թ. մարտի 15-ին Սողոմոն Թեհլերյանը Բեռլինում սպանեց Հայոց Ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշային։
-1921թ. դեկտեմբերի 5-ին Արշավիր Շիրակյանը Հռոմում սպանեց երիտթուրքերի կուսակցության առաջին կաբինետի ղեկավար Սայիդ Հալիմին։
-1922թ. ապրիլի 17-ին Արշավիր Շիրակյանն ու Արամ Երկանյանը Բեռլինում սպանեցին Ջեմալ Ազմիին, ով հրամայել էր ծովում խեղդել 15 000 հայ երեխաների, ինչպես նաեւ՝ Բեհաեդդին Շաքիրին:
-1922թ. հուլիսի 22-ին Պետրոս Տեր-Պողոսյանը եւ Արտաշես Գեւորգյանը Թիֆլիսում սպանեցին Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին նախարար Ջեմալին:
-1920թ. մայիսի 31-ին սպանվեց 1918 թ-ի Բաքվի հայերի ջարդի կազմակերպիչներից Նասիբ Յուսիֆբեյլին։
-1920թ. հունիսի 19-ին Արամ Երկանյանը գնդակահարեց Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի Խան Խոյսկիին:
-1920թ. հուլիսի 19-ին Արամ Երկանյանը Թիֆլիսում սպանեց Շուշիի եւ Բաքվի հայերի ջարդերի հիմնական պատասխանատուներից Հասան Բեկ Ագաեւին:
-1921թ. հուլիսի 18-ին Միսակ Թոռլակյանը Կոստանդնուպոլսում սպանեց Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Բիհբութ Ժիվանշիր Խանին։
ՍՊԱՆՎԵՑԻՆ ՆԱԵՎ 3 ԴԱՎԱՃԱՆՆԵՐԸ
«Նեմեսիս» գործողության ընթացքում սպանվեցին նաեւ երեք դավաճան՝ Մկրտիչ Հարությունյանը, Վահե Իհսսանին (Եսայան) եւ Ադուր Յասյանը: