կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-10-27 15:30
Մշակույթ

Արա Գևորգյանի «Սև ապրիլ»-ը. նախագծի առաջին տեսահոլովակը պատրաստ է

Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ Արա Գևորգյանի «Remember» տեսահոլովակի պրեմիերան: Սա Գևորգյանի «Սև ապրիլ» նախագծի առաջին տեսահոլովակն է:

Yerkir.am-ի հետ զրույցում Գևորգյանը նշեց, որ երգի անգլերեն տեքստի հեղինակը ամերիկացի երգիչ Դանիել Դեքերն է, իսկ հայերենինը` Լևոն Բլբուլյանը:

«Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ուզում էի մի նոր երգ գրել, և երբ այն գրեցի-վերջացրի, մաեստրո Հովհաննես Չեքիջյանին ցույց տվեցի աշխատանքս: Մաեստրոն այն շատ հավանեց, ասաց` այն իրավունք չունի կյանքի չկոչվելու: Այդպես էլ սկսվեցին ձայնագրման աշխատանքները՝ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի և ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ»,- նշեց Գևորգյանը:

Նկարահանման աշխատանքները տեղի են ունեցել Ծիծեռնակաբերդում, դրանք մի փոքր ձգձգվել են, քանի որ Ծիծեռնակաբերդը վերանորոգվում էր:

Ըստ Գևորգյանի`  տեսահոլովակները նկարահանելու վրա գրեթե գումար չի ծախսվել, և բոլորն էլ սիրահոժար են մասնակցել նկարահանումներին: «Սա փաստում է այն մասին, որ եթե բոլորս միանում ենք, ունենում ենք լուրջ արդյունքներ»,- ասաց նա: