կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-03 17:17
Մշակույթ

«Սև ապրիլ». Արա Գևորգյանի և Դանիել Դեքերի նոր երգը

«Սև ապրիլ». Արա Գևորգյանի և Դանիել Դեքերի նոր երգը

ՀՀ վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր Արա Գևորգյանը և ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ նոր երգ են գրել: «Սև ապրիլ»` այսպես է կոչվում ստեղծագործությունը, որը հայի 4 սերնդի մասին է` սերունդ, որ զգաց, սերունդ, որ պատմեց, սերունդ, որ հիշեց, և սերունդ, որ պահանջատեր է:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Գևորգյանը նշեց, որ երաժշտության հիման վրա Դեքերը գրել է խոսքեր՝ անգլերեն լեզվով, իսկ հայերեն տեքստը գրել է Լևոն Բլբուլյանը: Երգի հայերեն տարբերակը կոչվում է «Կանք ու կլինենք», անգլերենը՝ «Remember»: Գևորգյանը նշեց նաև, որ երբ ավարտին է հասցրել ստեղծագործությունը, այն ցույց է տվել Հովհաննես Չեքիջյանին, ով շատ է հավանել և միանգամից նոտաներն է ուզել: Ստեղծագործությունը նոտագրելուց հետո Գևորգյանն այն ներկայացրել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանին, ով էլ սիրով համաձայնել է միանալ կատարման` կյանքի կոչելուն:

 

«Երգի անգլերեն տարբերակն արդեն նկարահանվել է Ծիծեռնակաբերդում` 500 հոգանոց երգչախմբի կատարմամբ, որոնք եկել էին աշխարհի տարբեր երկրներից` Սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» միջոցառման շրջանակներում: Սա տեսահոլովակի նկարահանման առաջին փուլն էր: Երկրորդ փուլի նկարահանման աշխատանքները հետաձգվեցին, քանի որ Ծիծեռնակաբերդը վերանորոգվում էր»,- ասում է Գևորգյանը:

 

Նա տեղեկացրեց նաև, որ հիմա նախատեսվում է ֆիլհարմոնիկ նվագախմբի և Հովհաննես Չեքիջյանի երգչախմբի հետ վերսկսել նկարահանումների երկրորդ փուլը: «Կարծում եմ` մինչև ապրիլի 24-ը կհասցնենք: Այս պահին Չիլիի, Բրազիլիայի, Արգենտինայի, Ուրուգվայի, Եգիպտոսի, ՌԴ-ի մի քանի նվագախմբեր նկարահանում են այդ նույն երգը` անգլերեն, և ուզում ենք մի տեսահոլովակ սարքել: Ուզում ենք նաև, որ 10-ից ավելի երկրում մինչև 100-րդ տարելիցը հայկական երգչախմբերը փողոցներում երգեն «Remember» երգը»,- ասաց կոմպոզիտորը:

 

Ստեղծագործությունը կունենա նաև տեսահոլովակ, որի պրեմիերան տեղի կունենա այս ամիս: «Նյու արենա» փրոդաքշընի հետ Գևորգյանը իրականացնում է նկարահանումներ տարբեր երկրների փողոցներում, և յուրաքանչյուր երկրի երգչախումբ, իր երկրի խորհրդանիշերի մոտ կանգնած, կատարում է այդ ստեղծագործությունը: Մարդիկ տարբեր լեզուներով ասում են. «Մենք դատապարտում ենք Հայոց ցեղասպանությունը»: 

 

Հիշեցնենք, որ վերջերս Դեքերը Արա Գևորգյանի հետ զրույցում նշել էր, որ ցանկանում է ՀՀ քաղաքացիություն ստանալ