կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-14 12:26
Քաղաքական

Այո, պայծառամի՜տ տղերք են եղել

Այո, պայծառամի՜տ տղերք են եղել

Երեկ կայացած` ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը խոսել է նաև մարտի 9-ին հանրապետության 40 համայնքում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների մասին:

 

Ոչ ոք այլ արդյունք, քան Հանրապետականի ջախջախիչ հաղթանակը, բնականաբար, չէր էլ սպասում, հետևաբար, Շարմազանովն իզուր է գոհունակ տեսքով հայտարարում այդ ընտրություններում իր կուսակցության մեծ հաղթանակի մասին՝ «Սերժ Սարգսյանի գլխավորությամբ». բա էլ ո՞վ պիտի հաղթեր: Եվ զարմանալին այն չէ, որ 40 համայնքից 28-ում հաղթել են ՀՀԿ-ական թեկնածուները, զարմանալին 3 ԲՀԿ-ականի և 1 ՀՅԴ-ականի հաղթանակն է՝ ո՜նց են թույլ տվել:

 

Սակայն ընտրության արդյունքների շարմազանովյան տեղեկատվության ամբողջ հմայքը ոչ այնքան հաղթանակների այս գոհունակ արձանագրումն է, որքան այն, որ 40 համայնքից 8-ում հաղթել են անկուսակցականները: Փաստորեն, կուսակցախեղդ մեր երկրում, գրանցված 75 կուսակցությունների ֆոնին, անկուսակցականությունն արդեն այնպիսի արժեք է, որով կարելի է նույնիսկ 20 տոկոսի հաղթանակ ապահովել ՏԻՄ ընտրություններում:

 

Վատ չէ, վատ չէ: Բայց մենք, կարծես թե, շտապում ենք մեր եզրակացություններում, որովհետև շարմազանովյան տեղեկատվությունը դեռ շարունակություն ունի: Ըստ ՀՀԿ խոսնակի՝ հաղթած 8 անկուսակցականներից 4-ը տեղնուտեղը, հաղթանակի արցունքները դեռ չչորացած, անմեկնելի պայծառացման հասած, դիմել են ուր հարկն է` ՀՀԿ-ին անդամագրվելու խնդրանքով:

 

Այո, պայծառամի՜տ տղերք են եղել, արագ հասկացել են՝ որպես համայնքապետ հաջողելու համար, իհարկե՛, պարտավոր են ՀՀԿ-ական լինել: Ժողովրդավար Շարմազանովն էլ, տնաշենը, փաստից նեղվելու փոխարեն հպարտություն է բուրում:

 

Բ. Գասպարյան