կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-26 18:29
Առանց Կատեգորիա

Հայաստանը կբացի՞ ԵՏՄ-ի ճանապարհը Ադրբեջանի առաջ

Հայաստանը կբացի՞ ԵՏՄ-ի ճանապարհը Ադրբեջանի առաջ

Ադրբեջանի էկոնոմիկայի և արդյունաբերության փոխնախարար Սևիջ Հասանովան հայտարարել է, թե Ադրբեջանը հնարավոր է համարում Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը, սակայն անհրաժեշտ է մինչ այդ վերլուծել դրա բոլոր պլյուսներն ու մինուսները, քանի որ իրենք կանդամակցենի միայն այն միությանը, որից օգուտներ կունենան:

Առաջին անգամը չէ, որ Բաքուն ակնարկում է ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության մասին: Մոտ մեկ ամիս առաջ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Նյու Յորքում այս կապակցությամբ ասել էր, թե երբեք չի կարելի ասել` երբեք: Սակայն Հասանովայի այս հայտարարությունն ընդգծում է, թե ինչպիսի արագությամբ է Բաքուն հակվում դեպի ԵՏՄ-ին անդամակցությունը: Ընդամենը մեկ տարի առաջ` դեկտեմբերին, Մամեդյարովը հայտարարում էր, որ Ադրբեջանը նախապատվությունը տալիս է բացառապես ԵՏՄ անդամ երկրներից յուրաքանչյուրի հետ երկկողմ հարաբերություններին: Հիմա, փաստորեն, Բաքուն արդեն քննարկում է ԵՏՄ-ին անդամակցելուց իր հնարավոր օգուտներն ու վնասները:

Իսկ օգուտներ կամ նախադրյալներ կան, ընդ որում` թե\' քաղաքական և թե\' տնտեսական: Խորհրդարանական ընտրություններից հետո Ադրբեջանի միջազգային մեկուսացման խորացումը, թերևս, լինելու է անխուսափելի է: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն անգամ Բաքվի կողմից երկրորդ դիմումից հետո հրաժարվեց դիտորդներ ուղարկել: Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները գրեցին Մեջլիսի պատգամավորության թեկնածուներից մեկի անհայտացման մասին: Կասկած չկա, որ որքան քվեարկության օրը մոտենա, այնքան Ադրբեջանում ավելի խայտառակ դեպքեր են գրանցվելու: Այս պայմաններում միակ փրկօղակը մնում է Ռուսաստանը, որը ներկայումս վերածվել է Ալիևի վարչակազմի շահերի պաշտպանի` քննադատելով ընտրությունները բոյկոտելու` եվրոպական կառույցների որոշումները: Այսինքն` բացառված չէ, որ ընտրություններից հետո Ալիևի իշխանության լեգիտմությունը կարող են ճանաչել միայն ԵՏՄ հիմնադիր անդամ երկրները` Ղազախստանը, Բելառուսը և Ռուսաստանը: Վերջինիս համար, ի դեպ, Ադրբեջանի մեկուսացումը շահավետ է` իրենից Բաքվի քաղաքական կախվածության մեծացման, ԵՏՄ ներքաշելու հեռանկարի պատճառով: Այս պայմաններում ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցությունը կարող է դառնալ բնական և անհրաժեշտ քայլ:

Երկրորդ քաղաքական նախադրյալը ԼՂ հարցում Ռուսաստանի ամբողջական աջակցությունը ստանալու և Մոսկվայի միջոցով Երևանին զիջումներ պարտադրելու` Բաքվի ակնկալիքներն են: Տնտեսական առաջնահերթ նախադրյալն ընդհանուր սահմանների առկայությունն է: Ինչպես հայտնի է, Իրանը ԵՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու ցանկություն է հայտնել: Դրա իրագործումը իմաստավորվում է միայն ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության և Ադրբեջանի միջոցով ԵՏՄ ընդհանուր շուկայի հետ ցամաքային կապի ստեղծման պարագայում: Պատահական չէ, որ Իրանը և Ադրբեջանը ներկայումս ակտիվորեն բարելավում են իրենց ավտոճանապարհային և երկաթգծային ենթակառուցվածքները և դրանք միավորելու ծրագրեր իրականացնում:

Տնտեսական առումով` միակ խանգարող գործոնը կարող էր լինել իր էներգետիկ անկախությունը պահելու` Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշումը: Սակայն նավթի համաշխարհային գների, նավթի և գազի արդյունահանման ծավալների անկման միտումներն ստիպում են Բաքվին վերանայել իր քաղաքականությունն այս հարցում և մտածել դիվերսիֆիկացված տնտեսական համակարգ ստեղծելու մասին:

Որքան իրատեսական է ներկայացվում ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հնարավորությունը, այնքան ակտուալ է դառնում հարցը, թե ի՞նչ է այդ համատեքստում սպասվում Հայաստանին և Արցախին: Պարզ է, որ ԵՏՄ-ին միանալու գինը լինելու է ԼՂ-ն, և հենց Արցախն է Ադրբեջան-Ռուսաստան բանակցությունների մեխը: ԵՏՄ-ին Ադրբեջանի միանալը հայկական կողմին ձեռնտու կարող է լինել միայն այն դեպքում, եթե դա տեղի է ունենում ներկայիս ստատուս քվոյի պահպանմամբ: Այսինքն` եթե այդ անդամակցությունը որևէ կերպ չի ազդում ԼՂՀ-ի ներկայիս կարգավիճակի վրա` այնպես, ինչպես ԱՊՀ-ին Հայաստանի և Ադրբեջանի անդամակցումը: Դա կարող է ձեռնտու լինել Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակումը հանելու տեսանկյունից. ուղղակի նոնսենս կլինի տնտեսական որևէ միության մեջ փակ սահմաններով հարաբերվող երկու պետությունների համատեղումը: Բայց ԵՏՄ-ում իր ներկայիս իրական հեղինակության մակարդակով Երևանը դրան հասնելու որևէ ռեսուրս չունի: Եվ սա հասկանալի դարձնելու համար է, թերևս, ռազմատեխնիկայի մատակարարման` ռուս-ադրբեջանական նորանոր գործարքների մասին տեղեկություններով հոգեբանական ճնշում գործադրվում Հայաստանի վրա:

Միակ լծակը, որով Երևանը կարող էր ազդել իր և Արցախի ազգային շահերի զոհաբերման հաշվին Ադրբեջանի անդամակցության վրա, այդ որոշմանը վետո կիրառելու իրավունքից օգտվելն է: Բայց սա այնպիսի ծայրահեղ քայլ է, որն ավելի շատ ընդգծելու է այդ կառույցում Հայաստանի մեկուսացումը, քան հաղթանակը, եթե անգամ անտեսենք վետո կիրառելու իրավունքն իրացնելու հարցում Ռուսաստանից կաշկանդվածության գործոնը: Հետևաբար, պետք է հասկանալ` ունի՞, արդյոք, պաշտոնական Երևանը գործողությունների պատրաստի թղթածրար իրադարձությունների նման ընթացքի համար, թե՞ սովորության ուժով խնդիրները փորձելու է լուծել հընթացս: Եթե լուրջ են ԵՏՄ-ին Ադրբեջանի միանալու հնարավորության մասին բարձր մակարդակով հնչող ակնարկները, ապա հայաստանյան իշխանություններին ծանրագույն օրեր են սպասվում:

Գևորգ Դարբինյան

Հ.Գ. Հայտնի է, որ Հայաստանը մեկ տարով ստանձնում է ԵՏՄ-ի նախագահությունը: Միության գործադիր մարմնի` տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնում 4 տարի ժամկետով նշանակվել է Հայաստանի ներկայացուցիչը` ի դեմս նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի: Իսկապես պարադոքս է` ինչպես են Ադրբեջանի անդամակցության բանակցությունները տեղի ունենալու այս պայմաններում, ու ինչպես է, ասենք, Տիգրան Սարգսյանը անդամակցության շուրջ Բաքվում բանակցելու Ադրբեջանի կառավարության հետ...