Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հանդիպումները շարունակվում են, եւ անհրաժեշտ է պատրաստել «մեր սցենարը ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման դեպքում»: Նրա խոսքով՝ «ներկայումս այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են» եւ «արդյունքում մենք կկարողանանք իրականցնել դրական սցենար, այսինքն՝ բացել Հայաստանի հետ սահմանը»: Արդյո՞ք սա նշանակում է, որ առաջիկայում պետք է ակնկալել հայ-թուրքական սահմանի բացում։ Ստանիսլավ Տարասովի դիտարկումը՝
«Ֆիդանի մեջբերման մեջ, որին հղում են բազմաթիվ գործակալություններ, անհրաժեշտ է կարեւոր պարզաբանում մտցնել։ Ֆիդանն այդ մասին խոսել է թուրքական Sabah թերթին տված հարցազրույցում եւ նշել՝ «Ադրբեջանն ու Հայաստանն այժմ շարունակում են բանակցությունները խաղղության պայմանագրի շուրջ, եւ մենք պետք է պատրաստենք գործողությունների սցենար, եթե դրանք դրական ավարտվեն»: Այսինքն՝ Թուրքիայի դիրքորոշումը մնում է նույնը՝ սկզբում Հայաստանի խաղաղության պայմանագիրը Ադրբեջանի հետ, հետո միայն սահմանի բացում»։
Հիշեցնենք՝ Երեւանը 2023 թ-ի կեսերից խոսում է Թուրքիայի հետ սահմանին Մարգարա անցակետի բացման հնարավորության մասին, որը «հիմնովին վերանորոգվել է եւ պատրաստ է շահագործման»։ Առանց Ադրբեջանի հետ իր հարաբերությունենրը կապելու այդ հարցը լուծելու Հայաստանի բոլոր փորձերը ձախողվում են։ Ի դեպ, օրերս երկու տարվա ընդմիջումից հետո Թուրքիան եւ Հայաստանը վերսկսեցին բանակցությունները՝ ուղղված հարաբերությունների կարգավորմանը հատուկ ներկայացուցիչների մակարդակով։ Սակայն պաշտոնական Անկարան հարեւանի հետ սահմանների բացման համար կրկին նշել է պայման. հարցը կախված է Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղ բանակցությունների ընթացքից: Ուստի, կոնկրետ իրավիճակում հատուկ ներկայացուցիչների միջեւ բանակցությունների վերսկսումը չի նշանակում, որ Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերություններում լարվածության նվազեցմանն ուղղված քայլ կատարել, - նշել է Տարասովը:
Այս կապակցությամբ թուրք փորձագետները կարծում են՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը եւ սահմանների բացումը կենսական նշանակություն ունեն ավելի շատ Հայաստանի համար, որը ձգտում է նվազեցնել տնտեսական կախվածությունը Ռուսաստանից, քան Թուրքիայի համար, շարունակում է փորձագետը:
«Այդ պատճառով Ֆիդանի հայտարարությունը կարելի է գնահատել որպես բանակցային գործընթացի իմիտացիա. վերջին երկու տարիների բոլոր նախկին համաձայնագրերը չեն իրականացվել, իսկ նոր համաձայնագրերի շուրջ պայմանավորվելն իմաստ չունի», - ամփոփում է Տարասովը:
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի