Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի Հանրապետությունը Կիպրոսի Հանրապետությունում դեսպանատուն կբացի, նստավայրը՝ Նիկոսիա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության մայիսի 16-ի նիստում նախագիծն ընդգրկված էր չզեկուցվող հարցերի փաթեթում։
Նախագծին կից հիմնավորման մեջ նշված է, որ Հայաստանի Հանրապետությունը և Կիպրոսի Հանրապետությունը միմյանց ընկալում են որպես ավանդական բարեկամ երկրներ:
«Անցած տասնամյակների ընթացքում Հայաստանին և Կիպրոսին հաջողվել է զարգացնել ամուր միջպետական հարաբերություններ: Երկու երկրների միջև ներկայումս էլ ընթանում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, առկա է բազմաոլորտ երկկողմ օրակարգ։ Հայ-կիպրական հարաբերությունների շարունակաբար զարգացումը ընդգծվել է բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելություններով, լայն իրավապայմանագրային դաշտի ստեղծմամբ, երկու երկրների միջև քաղաքական և տնտեսական ակտիվ երկխոսությամբ»,- նշված է նախագծում։
Հիմնավորման մեջ ասված է, որ ներկայում երկու երկրների դեսպանությունները գործում են համատեղության կարգով՝ Կիպրոսում Հայաստանի դեսպանության նստավայրը՝ Աթենքում, իսկ Հայաստանում Կիպրոսի դեսպանությունը` Մոսկվայում:
«2024 թվականի մարտի 14-ին կիպրական կողմը պաշտոնական հայտագրով տեղեկացրել է Կիպրոսի Նախարարների խորհրդի 2024 թվականի փետրվարի 27-ի՝ Հայաստանում (նստավայրը՝ Երևանում) Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչություն (դեսպանություն) բացելու որոշման մասին, ակնկալիքով` ստանալ Հայաստանի կառավարության համաձայնությունը: Այս մասին Կիպրոսի ԱԳ նախարարը պաշտոնապես հայտարարել է նաև ս.թ. մարտի 7-ին Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում:
Կիպրոսում դիվանագիտական ներկայությունը կնպաստի Հայաստան–Կիպրոս հարաբերությունների էլ ավելի զարգացմանը։
Այս ամենի համատեքստում Կիպրոսում Հայաստանի դեսպանության բացումը արտաքին գործերի նախարարությունը գտնում է նպատակահարմար, ինչը համահունչ է Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականությանը և շահերին»,- ասված է հիմնավորման մեջ։