կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-17 12:45
Իրավական

Կատարվածը շահադիտական դրդումներով սպանություն է. փաստաբանը՝ երիտասարդ կնոջ աղմկահարույց սպանության գործի մասին

Կատարվածը շահադիտական դրդումներով սպանություն է. փաստաբանը՝  երիտասարդ կնոջ աղմկահարույց սպանության գործի մասին

Արդեն հայտնել ենք, որ անցյալ տարվա մայիսին Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղի ճանապարհին տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործով նշանակվել է նոր՝ լրացուցիչ դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննություն, որն էլ կտա այն կարևոր հարցի պատասխանը, թե արդյո՞ք Վարդուհի Գրիգորյանի սպանության պահին գործով ամբաստանյալ Սերգեյ Գրիգորյանը եղել է աֆեկտի վիճակում: Նման կարծիք դատարանում հայտնել էր փորձագետ Էլդա Գրինը, ինչն էլ հիմք էր տվել պաշտպանական կողմին լրացուցիչ փորձաքննություն նշանակելու միջնորդություն անել:

Այս և գործին վերաբերող այլ հարցերի շուրջ yerkir.am-ը զրուցել է գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Հեկտոր Սարդարյանի հետ:

-Ի՞նչ կասեք այս գործով դատաքննության օբյեկտիվության վերաբերյալ:

-Թեև պաշտպանական կողմը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի շեղի քննության օբյեկտիվությունը, սակայն առայժմ դատական քննությունն ընթանում է օրինականության շրջանակներում, և մենք որևէ դժգոհություն չունենք:

- Նախաքննության և մեղադրական եզրակացության համաձայն՝ Վարդուհի Գրիգորյանի և Սերգեյ Գրիգորյանի վիճաբանության պատճառը եղել է այն, որ իբր Վարդուհին  պարտքով 10.000 ԱՄՆ դոլար էր խնդրել Սերգեյից, սակայն նա մերժել է: 

- Մենք լուրջ ապացույցներ ունենք, որ նման բան չի եղել, հակառակը՝ սպանության իրական դրդապատճառը եղել է Վարդուհի Գրիգորյանի կողմից ամբաստանյալին նախկինում տված 4000 ԱՄՆ դոլարը վերադարձնելու պահանջը և այդ հարցի կապակցությամբ առաջացած վեճը: Մեղադրյալը և նրա  կինը ցուցմունք են տվել, որ Վարդուհին երբևէ նյութական օգնություն չի խնդրել իրենցից: Վարդուհին  այն բնավորության տեր մարդը չէր, որ գնար, գումար ուզեր Սերգեյից: Մենք ապացույցներ ունենք, որ Վարդուհի Գրիգորյանը նպատակ ուներ բանկում եղած 4000 դոլար գումարը հանել և բիզնեսի մեջ դնել: Այս փաստը դատարանում հաստատել են մի քանի վկաներ, մասնավորապես` Վարդուհու որդին, ով դատարանում պատմել է, որ մայրն իրեն հայտնել է, որ գումարը պարտքով տվել է Սերգեյ Գրիգորյանին, և խնդրել այդ մասին հորը չասել՝ մտավախություն ունենալով, որ դա նրան դուր չի գա: Գործում նաև առկա է մի անձի ցուցմունք, ով հաստատել է, որ Վարդուհին դիմել է իրեն, որպեսզի համագործակցեն ոսկու առևտրի գործում, և տեղեկացրել, որ գումար ունի, որը պարտքով տվել է ծանոթի, ետ ստանալուց հետո կսկսեն գործերը: Բացի այդ` առկա են բանկային փաստաթղթեր, որոնք փաստում են դա:

 -Իսկ ի՞նչ կասեք այն հնարավոր վարկածի մասին, որ Սերգեյ Գրիգորյանը հանցագործության պահին գտնվել է աֆեկտի վիճակում:

 -Աֆեկտը տուժողի անօրինական կամ հակաբարոյական  արարքի հետևանքով հանկարծակի առաջացած հոգեկան խիստ հուզված վիճակն է: Վարդուհին  աղքատ կին չի եղել, որ փող մուրար և մուրալուց այնպիսի վիճակ ստեղծեր, որ Սերգեյն աֆեկտի վիճակի մեջ ընկներ: Աֆեկտի վիճակների վերաբերյալ ամբաստանյալի ցուցմունքներում անգամ որևէ խոսք չկա:

-Ի՞նչ եք կարծում, նշանակված լրացուցիչ փորձաքննությամբ կհաստատվի՞ Ձեր ասածը:

 -Չեմ կարծում, որ փորձագետները մասնագիտորեն չկարողանան հիմնավորել, որ աֆեկտ չի եղել:

 -Հնարավո՞ր է դատաքննության ընթացքում հանցանքը «շահադիտական դրդումներով կատարված սպանություն» որակվի:

 -Եթե տուժող կողմի վարկածը դատական դրական գնահատման արժանանա, ապա մենք հույս ունենք, որ արարքի վերաորակում տեղի կունենա:

-Իսկ ի՞նչ կասեք բուն՝  սպանության գործից առանձնացված մասի ՝ Ս. Գրիգորյանի կողմից անձնագրեր և կնիքներ կեղծելու փաստով հարուցված գործի մասին:

 -Անձնագրերի մասը որևէ կապ չունի սպանության գործի հետ և մեր ուշադրությունից դուրս է:

 -Հայտնի է, որ Ս. Գրիգորյանը ժամանակին  հասարակական գործունեությամբ է զբաղվել, խոսակցություններ կան, որ նա նաև եղել է «Ոչ թրաֆիքինգին» ՀԿ-ի ղեկավար: Արդյո՞ք նրա անձը կարող է որևէ ազդեցություն ունենալ գործի ելքի վրա:

 -Տեղեկություններ կան, որ նա նաև գործարարությամբ է զբաղվել: Նրա անունը կապվում է նաև խարդախության հետ, մասնավորապես` Գերմանիայում նրան որպես բարեգործ են ներկայացրել և նրա անունով գումարներ ձևակերպել, որոնք կանխիկացրել է ընկերը և այլն: Սակայն այս հանգամանքը որևէ կերպ չպետք է ազդի դատարանի օբյեկտիվության վրա:

Զրուցեց Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆԸ