կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-05 16:16
Իրավական

Անսպասելի շրջադարձ՝ երիտասարդ կնոջ աղմկահարույց սպանության գործով

Անսպասելի շրջադարձ՝ երիտասարդ կնոջ աղմկահարույց սպանության գործով

Անցյալ տարվա մայիսին Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղի ճանապարհին տեղի ունեցած դաժան սպանության գործով ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում: Ըստ նախաքննության՝ 2014թ. մայիսի 7-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղի ճանապարհին Սերգեյ Գրիգորյանը գումարային հարցերի շուրջ վիճաբանել էր ընկերոջ կնոջ՝ Վարդուհի Գրիգորյանի հետ։ Վերջինս պարտքով 10.000 ԱՄՆ դոլար էր խնդրել, տղամարդը մերժել էր:  Ծագած վիճաբանության ժամանակ տղամարդն իր մոտ ապօրինի պահվող ատրճանակից կրակել էչ կնոջ թիկունքին, իսկ երբ վերջինս փորձել է դուրս գալ ավտոմեքենայից, երկրորդ կրակոցն է արձակել կրծքավանդակի ուղղությամբ։ Ստացած մարմնական վնասվածքներից կինը մահացել էր: Այնուհետև, ըստ նախաքննական տվյալների, Սերգեյ Գրիգորյանը հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով, թաղել էր սպանվածի դին:

Դեպքից օրեր անց Սերգեյ Գրիգորյանը ձերբակալվեց, տվեց ինքնախոստովանական ցուցմունք, նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանավորումը: Սակայն առերևույթ բացահայտված գործում ուշագրավ հանգամանքներ կան: Նշենք, որ Սերգեյ Գրիգորյանի ձերբակալման ժամանակ նրա մոտից հայտնաբերվեցին և առգրավվեցին ՀՀ մոտ տասը  քաղաքացիների անձնագրեր և մոտ նույնքան կնիքներ և կնիքներ պատրաստելու հարմարանքներ: Yerkir.am-ի տեղեկություններով՝ նախաքննության ընթացքում Սերգեյ Գրիգորյանի մոտ հայտնաբերված անձնագրերի գրեթե բոլորի տերերը ցուցմունք են տվել և հայտնել, որ իրենք փոխել են իրենց անձնագրերը, իսկ հները հանձնել են անձնագրային բաժին: Խոսակցություններ կան, որ անձնագրային բաժանմունքի որոշ պաշտոնյաների մատը խառն է Սերգեյի կողմից հին անձնագրեր ձեռքբերելու գործում:

Այս մասով քրեական գործից մաս առանձնացվեց, իսկ բուն սպանության գործն ուղարկվեց դատարան: Գրիգորյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի (սպանություն) և ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք պահելը) հատկանիշներով: Թվում էր, թե առանձնացված մասով պետք է լուրջ նախաքննություն ընթանար, և գործը պետք է քններ ՀՔԾ-ն, քանի որ այն ժամանակ խոսակցություններ էին պտտվում, թե անձնագրերի գործով շոշափվում են նաև պաշտոնյաների անուններ, ավելին` խոսակցություններ կային անգամ ՀՀ-ում թրաֆիքինգի խոշոր ցանց բացահայտելու մասին:

Սակայն Yerkir.am-ի լավատեղյակ աղբյուրները հայտնել են, որ առանձնացված մասով քննություն չի կատարվում: Այս կապակցությամբ մենք պաշտոնական հարցում ենք ուղարկել նախաքննական մարմնին: Ներկայումս շատերը թերևս տեղյակ չեն անջատված մասով գործի մասին: Հնարավոր է` մենք նույնպես չանդրադառնայինք դրան, եթե սպանության գործով դատաքննության ժամանակ տեղի չունենային զարմանալի իրադարձություններ:

Այսպես` Սերգեյ Գրիգորյանը ողջ նախաքննության ընթացքում իրեն դրսևորել էր բավական ադեկվատ, և հենց այդ հանգամանքն էլ հիմք էր տվել նախաքննությանը չնշանակել դատահոգեբանական փորձաքննություն, նույնիսկ Սերգեյ Գրիգորյանի պաշտպանի՝ դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու միջնորդությունն էր մերժվել նախաքննական մարմնի կողմից, իսկ մերժման օրինականությունը հաստատել էր գործը վերահսկող դատախազը:

Սակայն Մասիսի դատարանում սպանության գործի քննության ընթացքում նիստը նախագահող դատավոր Թաթուլ Պողոսյանը զարմանալի շտապողականությամբ բավարարեց պաշտպանի` դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությունը: Ավելին` երբ փորձաքննության պատասխանը ստացվեց և պարզվեց, որ Սերգեյ Գրիգորյանը, այնուամենայնիվ, մեղսունակ է, դատավոր Թաթուլ Պողոսյանը բավարարեց պաշտպանի հաջորդ միջնորդությունը` փորձագետներին դատարան հրավիրելու մասին: Երկարատև հարցաքննությունից հետո Թաթուլ Պողոսյանին, այնուամենայնիվ, «հաջողվեց» փորձագետից «կորզել», որ Սերգեյ Գրիգորյանը սպանության ժամանակ եղել է աֆեկտի տակ:

Ի դեպ, այս «տարօրինակ» հարցաքննության ժամանակ դահլիճում չէին տուժողի ներկայացուցիչը և տուժողը:

Փորձագետի հարցաքննությունից հետո Սերգեյ Գրիգորյանի պաշտպանն անմիջապես միջնորդեց նշանակել լրացուցիչ փորձաքննություն` հիմնավորելով նրանով, որ եզրակացությունը և փորձագետի ցուցմունքն իրար չեն համապատասխանում: Զարմանալին այն էր, որ պաշտպանի միջնորդությունը տպագիր էր, և տպավորությունն այնպիսին էր, որ նա անգիր գիտեր և’ դատավորի հարցերը, և’ փորձագետի պատասխանը: Այդ իսկ պատճառով արդեն իսկ տպագիր երեք օրինակից դատարան էր բերել միջնորդությունը: Նշենք, որ հայաստանյան արդարադատության համակարգում եղել են դեպքեր, երբ մեղսունակ մարդիկ «հանկարծ» դարձել են անմեղսունակ, կամ շահադիտական դրդումներով կատարված սպանությունները վերաորակել են որպես հոգեկան խիստ հուզմունքի պայմաններում կատարված սպանություն: Համադրելով վերջին զարգացումները մայր քրեական գործից առանձնացված մասով «տարվող քննության» հետ` արդեն իսկ պարզ է դառնում, թե ինչու է անձնագրերի մասով լռում Սերգեյ Գրիգորյանը:

Հ. Գ. Yerkir.am-ը գործի ընթացքի, ինչպես նաև այս գործով կողմերի դիրքորոշման մասին կներկայացնի հաջորդ հրապարակումներում: