Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Հրանտ Մելիք-Քարամյանը անձնական դրդումներով կեղծ տվյալներ է մտցրել իր վարույթում քննված քրեական գործի փաստաթղթերում:
Այսպես, Հրանտ Մելիք-Քարամյանը 25.11.2016թ.-ին վարույթ է ընդունել խոշոր չափի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, որով որպես մեղադրյալ ներգրավված Գ. Պ.-ի նկատմամբ 15.05.2017թ.-ին որպես խափանման միջոց կիրառել է կալանավորումը: Սակայն նախքան կալանավորին ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելը՝ 2017 թվականի մայիսի 15-ից մայիսի 19-ն ընկած ժամանակահատվածում, քննիչ Հ. Մելիք-Քարամյանը կազմել և վերջինիս ստորագրմանն է ներկայացրել նախաքննության ավարտի վերաբերյալ մեղադրյալին հայտնելու և քրեական գործի նյութերին, իբր, ծանոթացնելու մասին նախապես կազմված արձանագրություն` բաց թողնելով գործողության կատարման ժամանակի և վայրի մասին տեղեկությունները:
Այնուհետև հիշյալ քննիչը քրեական գործով նախաքննությունն ավարտելուց հետո քրեական գործի նյութերը ծանոթացրել է գործով մյուս մեղադրյալներին և նրանց պաշտպաններին: Դատավարության մյուս մասնակիցներին քրեական գործի նյութերը ծանոթացնելուց հետո Հ. Մելիք-Քարամյանը պարտավոր է եղել մեղադրական եզրակացություն կազմելուց առաջ քրեական գործի նյութերը ծանոթացնել նաև մեղադրյալ Գ. Պ.-ին և դրա մասին կազմել համապատասխան արձանագրություն: Փոխարենը, այլ քաղաք՝ Գորիս չմեկնելու և իր պարտականությունները չկատարելու՝ քրեական գործի նյութերը մեղադրյալ Գ. Պ.-ի ծանոթացմանը չներկայացնելու հանգամանքը քողարկելու անձնական դրդումներով կատարել է պաշտոնեական կեղծիք: Մասնավորապես, մեղադրյալ Գ. Պ.-ի կողմից նախկինում ստորագրված արձանագրությունում դրա կատարման վայրի, ժամանակի և արձանագրությունում նշված ծավալով քրեական գործի նյութերին մեղադրյալին ծանոթանացնելու վերաբերյալ մտցրել է կեղծ գրառումներ, թե իբր, 2017 թվականի մայիսի 25-ին` Գորիս քաղաքում, 3 հատորից բաղկացած քրեական գործի նյութերը ներկայացրել է Գ. Պ.-ի ծանոթացմանը, և վերջինս ծանոթանալուց հետո միջնորդություներ չի ներկայացրել: Մինչդեռ իրականում Հ. Մելիք-Քարամյանը 2017 թվականի մայիսի 25-ին չի այցելել ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկ և քրեական գործի նյութերը չի ներկայացրել մեղադրյալի ծանոթացմանը:
Միաժամանակ հիշյալ քննիչը մեղադրական եզրակացությանը կից հավելվածում նույնպես մտցրել է կեղծ տեղեկություններ՝ նշելով, թե իբր, մեղադրյալ Գ. Պ.-ն 2017 թվականի մայիսի 25-ին ծանոթացել է քրեական գործի նյութերին:
Այսպիսով, պաշտոնեական կեղծիք կատարելու համար ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչ Հրանտ Մելիք-Քարամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: