կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-06 20:02
Հասարակություն

Փողոցային առևտրով զբաղվողների համար շարունակում է այլընտրանք մնալ գործազրկությունը

Փողոցային առևտրով զբաղվողների համար  շարունակում է այլընտրանք մնալ գործազրկությունը

Տարիներ շարունակ բարձրաձայնվում են փողոցային առևտուրն արգելելու և դրանով զբաղվող անձանց համար առևտրի քաղաքակիրթ պայմաններ ստեղծելու, սպառողի իրավունքները պաշտպանելու անհրաժեշտության մասին խնդիրները: Կազմակերպվում են նաև քննարկումներ: Պատասխանատու պատկան մարմինների գործողություններում պարբերաբար դրսևորվում է որոշակի ակտիվություն:

Իհարկե, այս խնդիրները բազմագործոն են, և յուրաքանչյուր կողմ իր տեսանկյունից ունի առարկայական հիմնավորումներ, արդարացի պահանջներ ու շահեր: Հետևաբար, այս խնդիրների վերջնական հանգուցալուծումները ևս բարդ են, իշխանության պատկան մարմիններից օբյեկտիվորեն պահանջում են համակողմանի մոտեցումներ և համակարգված հետևողական աշխատանք:

Սակայն փաստ է, որ շարունակվում է փողոցային ամենօրյա առևտուրը և միաժամանակ առաջացնում մի շարք խնդիրներ՝

-       առևտրի կազմակերպման սանիտարական որոշակի նորմերի խախտում՝ սպառողների համար բացասական հնարավոր հետևանքներով,

-       գնորդների համար քաղաքակիրթ պայմանների բացակայություն,

-       այդ տարածքների անցորդների, ներառյալ՝ զբոսաշրջիկների համար ոչ հաճելի տեսարան և որոշակի խոչընդոտներ,

-       հարևանությամբ նմանատիպ ապրանքներ վաճառող մանրածախ առևտրի օբյեկտների նկատմամբ հնարավոր ոչ բարեխիղճ մրցակցություն,

-       պատասխանատու պետական մարմինների կողմից գործող օրենսդրական արգելքները լիարժեք գործադրելու համար առկա օբյեկտիվ մի շարք խնդիրներ և այլն:

Օբյեկտիվ փաստ է նաև՝ լավ օրից չէ, որ բազմաթիվ մարդիկ, այդ թվում՝ տարեցներ, անչափահասներ, հաշմանդամություն ունեցող անձինք, միայնակ ծնողներ, ներգրավված են փողոցային առևտրում: Փողոցային առևտուրը դրանով զբաղվող բազմաթիվ անձանց և նրանց ընտանիքների անդամների հիմնական մասի համար օրվա հացի խնդիրը լուծելու  միակ իրական հնարավորությունն է: Եվ սա էլ` լավագույն դեպքում:

Հետևաբար, պարզ է, որ մեր երկրում փողոցային առևտուրը շարունակելու է ունենալ սոցիալական էական նշանակություն, եթե հաշվի առնենք նաև գործազրկության և աղքատության` քրոնիկ դարձած բարձր մակարդակները, թափուր աշխատատեղերի անբավարարությունը, ի վերջո՝ դրան այլընտրանք, սեփական աշխատանքով կայուն եկամուտ ստեղծելու իրական հնարավորությունների բացակայությունը:

Բերված փաստարկները և իրական կյանքն ակնհայտ են դարձնում, որ հեշտ ճանապարհով՝ միայն բիրտ ուժով արգելելու միջոցով, պետական մարմինների կողմից ցանկություն հայտնելով և պարբերաբար հայտարարություններ անելով, բացատրություններով, նախազգուշացումներով և տուգանքներով անհնար է լուծել փողոցային առևտրի խնդիրը: Ավելին՝ խնդրի վերջնական կարգավորման տեսանկյունից անօգուտ այս մոտեցումներն առաջացնում են փողոցային առևտրով զբաղվող բազմաթիվ մարդկանց սոցիալական օբյեկտիվ դժգոհություններ, ինչպես նաև օրվա իշխանություններին ուղղված օրինական ու արդարացի պահանջներ՝ լուծելու իրենց և իրենց ընտանիքների սոցիալական խնդիրները և ապահովելու արժանապատիվ գոյության պայմաններ:

Կարծում ենք` այստեղ ևս պետք է դոմինանտ լինի սոցիալական պետությանը հարիր հետևյալ մոտեցումը՝ անընդունելի է փողոցային առևտրով զբաղվող և սեփական քրտինքով գոյատևող որևէ անձի և նրա ընտանիքին զրկել այդ միակ կենսական հնարավորությունից՝ առանց յուրաքանչյուր դեպքում պետության կողմից իրական այլընտրանք առաջարկելու: Այսինքն՝ փողոցային անօրինական առևտրի բարդ ու բազմաթիվ խնդիրները հնարավոր է վերջնական ու առանց սոցիալական մեծ ցնցումների հանգուցալուծել, եթե պետության կողմից ցուցաբերվի անհրաժեշտ մասնակցություն և հետևողական կարգավորումներ:

Նախ՝ պատասխանատու պետական մարմինների համատեղ ջանքերով անհրաժեշտ է ամբողջությամբ հավաքագրել փողոցային առևտրին վերաբերող օբյեկտիվ տեղեկատվությունը՝ լիարժեք պատկերն ունենալու համար: Այնուհետև՝ պետք է իրականացվի այդ անձանց օրինական զբաղվածության կամ ինքնազբաղվածության ապահովման կարիքների ու հնարավորությունների համակողմանի գնահատում: Որից հետո հնարավոր կլինի ցուցաբերել անհրաժեշտ պետական նպատակային աջակցություն՝ յուրաքանչյուր դեպքում անհատական մոտեցմամբ այդ անձանց կայուն զբաղվածությունը կամ ինքնազբաղվածությունն ապահովելու համար:

Արդյունքում` հնարավոր կլինի վերջապես ձևավորել իրական նախադրյալներ, որ այս գործունեությամբ զբաղվող անձինք՝ պետական գործուն աջակցությամբ և համարժեք ջանքերի գործադրմամբ, ինչպես նաև սեփական հայեցողությամբ, անօրինական զբաղմունքը փոխարինեն եկամտաբերության տեսանկյունից առնվազն դրան համարժեք օրինական զբաղվածությամբ: Նրանք միայն այս դեպքում վստահ կլինեն, որ այլևս կանգնած չեն աղքատության ճիրաններում հայտնվելու և միայն սոցիալական նպաստներով ապրելու ընտրության առաջ:

 Թադևոս Ավետիսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ