Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, լրագրողները ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս են համոզելու քաղաքացիներին, որ նրանք կողմ քվեարկեն սահմանադրական փոփոխություններին: Պատգամավորն ընդգծեց, որ իսկապես խնդիր կա` քաղաքացիներին պարզ ու մատչելի բացատրել սահմանադրական փոփոխությունների կարևորությունը:
Աղվան Վարդանյանի խոսքով` իհարկե, կան մարդիկ, որոնց ինչ էլ ասես, նրանք դեմ են արտահայտվում, ուստի իմաստ էլ չունի նրանց վրա ժամանակ ծախսել, որովհետև նրանք պատրաստ չեն բովանդակային քննարկման, պատրաստ չեն բանավիճելու ու փաստարկներ ներկայացնելու:
«Ես երաշխավորում եմ, որ մեր կուսակցության մեջ էլ պարզ, հասարակ մարդիկ են, որոնք գնահատում են առկա իրավիճակի արդյունքում ստեղծված խնդիրները, որոնց մասին բազմիցս խոսել ենք: Երկրում ստեղծված խնդիրներն են` իշխանության գերկենտրոնացում, նախագահի անսահմանափակ լիազորություններ, զրոյական պատասխանատվություն, ընտրություններով իշխանափոխություն իրականացնելու անհնարինություն, ոչ միայն ստվերային տնտեսություն, այլև ստվերային քաղաքականություն, արդարադատական համակարգի կախյալություն»,- ասաց պատգամավորը՝ առաջարկելով համեմատել, թե ինչ է բերելու հաջորդ համակարգը, եթե ընդունվեն սահմանադրական փոփոխությունները:
Ըստ նրա` սահմանադրական փոփոխությունները բերելու են որոշումների շատ ավելի թափանցիկ կայացում, իշխանության ապակենտրոնացում, ընդդիմության դերակատարության էական բարձրացում և այլն:
Աղվան Վարդանյանը նշեց, որ Սահմանադրությունը, լինելով քաղաքական բարդ փաստաթուղթ, միևնույն ժամանակ էական նշանակություն է ունենալու մարդու առօրյայի վրա:
«Մարդիկ տեսնում են, որ այս Սահմանադրությամբ, ունենալով իրականում սուպերնախագահական համակարգ, նրանք ունեցել են այս խնդիրները: Եկեք` նաև միամիտ չլինենք, մենք անկեղծորեն ասում ենք, որ ակնկալել, որ մեկ օրից միանգամից ամեն ինչ փոխվելու է, այդպես չէ, քանի որ դա ենթադրում է հսկայական աշխատանք` նաև Ընտրական օրենսգրքի հետ կապված, կուսակցությունների մասին օրենքի հետ կապված: Մարդիկ տեսնում են տարբերությունները, որ իրենք կարող են մասնակից լինել որոշումների կայացմանը:Մենք անսահման փաստարկներ ունենք, մեր փաստարկների էությունն ու խորությունը նաև տարբերվում են քաղաքական ուժերի արգումենտներից, որովհետև իշխանությունները չեն կարող քննադատել իրենց այսօրվա վիճակը: Իսկ մենք դնում են այսօրվա իրականության բոլոր վատ կողմերը, նաև թե ինչ հնարավորություններ են տալու սահմանադրական փոփոխությունները»,- ասաց Աղվան Վարդանյանը:
Պատգամավորի համոզմամբ՝ Սահմանադրությունն այն փաստաթուղթն է, որ անգամ քաղաքականացված, իրազեկված մարդիկ դժվարությամբ են հասկանում մի շարք նրբություններ ու խորություններ: Ուստի ակնկալել, որ ամբողջ հասարակությունը և յուրաքանչյու քաղաքացի մինչև վերջ պատկերացնելու է սահմանադրական փոփոխությունների էությունը, նման բան չկա: Սակայն այդ փոփոխությունները առաջնորդում են, ղեկավարում են քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները, մտավորականները և այլն:
«Որքանո՞վ դա համոզիչ կլինի, մարդիկ կքվեարկեն նրա օգտին, ում հավատում են: Ժողովրդավարությունը շատ լավ բան է, բայց աշխարհում միշտ էլ մեծամասնության կարծիքը ձևավորել են քաղաքական վերնախավն ու մտավորականները»,- ասաց Աղվան Վարդանյանը: