կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-31 17:08
Քաղաքական

Հասարակ քաղաքացիների ու գյուղացիների գերակշիռ մասը հրաշք մարդիկ են. Աղվան Վարդանյան

Հասարակ քաղաքացիների ու գյուղացիների գերակշիռ մասը հրաշք մարդիկ են. Աղվան Վարդանյան

Այսօր լրագրողների հետ հանդիպեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը` ամփոփելով ՀՅԴ նախընտրական քարոզարշավը:

Խոսելով ընտրակաշառքների մասին` նա կարծիք հայտնեց, որ միշտ էլ ընտրակաշառք առաջարկող լինելու է, կարևորն այն է, որ չվերցնեն: «Ինչպես Հրանտ Մարգարյանն իր հարցազրույցում ասաց` մեկ անգամ կարող են, չէ՞, կաշառք առաջարկողի դեմքին շպրտել փողը ու ասել. «Բավական է, հերիք է,  այլևս իմ ձայնը չեմ վաճառում»»,- ասաց Աղվան Վարդանյանը` հավելելով, որ բոլոր ուժերն են հասկանում մեկ ձայնի արժեքը, քանի որ այս ընտրությունները համամասնական են ու վարկանիշային:

Նրա խոսքով` յուրաքանչյուր ընտանիքի հետ աշխատում են մի քանի քաղաքական ուժեր: «Հաջորդ ընտրություններին վստահ եմ, որ քաղաքացիներն արդեն լիարժեք կգիտակցեն իրենց ձայնի արժեքը ու չեն ենթարկվի ընտրական կամ վարչական ռեսուրսին»,- ասաց Աղվան Վարդանյանը` հարց հնչեցնելով, թե այս ծանր վիճակում գտնվող երկրում որտեղի՞ց այդ գումարները, որոնք վերածվում են ընտրակաշառքի:

Ինչ վերաբերում է ընտրախախտումներ իրականացնողներին ու ընտրակաշառք բաժանողներին պատասխանատվության ենթարկելուն, Աղվան Վարդանյանը նշեց, որ պատասխանատվությունը, ԸՕ փոփոխություններով, ավելի խստացվել է` կարող են ոչ թե տուգանքներով ազատվել, այլ բանտում հայտնվել:

Հարցին, թե ի՞նչ խորհրդարան է պատկերացնում, Աղվան Վարդանյանը պատասխան հարց հնչեցրեց` իսկ ի՞նչ խորհրդարան է պատկերացնում ՀՀ քաղաքացին. արդյո՞ք պատկերացնում են խորհրդարան, որի պատգամավորների 60 տոկոսը 5 տարվա մեջ մեկ բառ չի ասել, միայն կոճակ է սեղմել ու նեղ անձնական շահերով առաջնորդվել, արդյո՞ք խորհրդարանում պատկերացնում են այն ուժերին, որոնք որոշ ժամանակ անց մասնատվում են: Ըստ նրա` քաղաքացին ուզում է տեսնել խորհրդարան, որը ազգի պատմության ու մշակույթի արտապատկերումը կունենա՞, թե՞ խորհրդարան, որը կլինի դրա հակապատկերը:

«Նոր պառլամենտը` իր աշխատանքով, իր քննարկումներով, բանավեճերով,  փաստարկներով, պետք է հասարակ քաղաքացուն ապացուցի, որ նա շատ ավելի լավ կառավարման համակարգ է ընտրել: Ես իդեալիստ չեմ, խորհրդարանի պատկերը իդեալական չեմ տեսնում, բայց ես վստահեցնում եմ, որ բոլորին  հայտնի վարկանիշային բազմաթիվ թեկնածուներից ոչ բոլորը կարող են հայտնվել խորհրդարանում»,- ասաց Աղվան  Վարդանյանը:

Հարցին, թե ի՞նչ է ցանկանում ընտրողը, արդյո՞ք գաղափարների ու տեսլականի հետաքրքրվածություն կար,  նա պատասխանեց, որ հասարակ քաղաքացիների, գյուղացիների գերակշիռ մասն ազնիվ, իր աշխատանքով մեծ դժվարությամբ ընտանիք պահող, հրաշք մարդիկ են, և սխալ է այն կարծիքը, թե մեր ժողովուրդը լավը չէ: Պարզապես էլիտայի խնդիրն է` այդ մարդկանց բարձրացնել, ոչ թե փորձել իջեցնել ու նվաստացնել, որ հետո կարողանան իշխել:

«Հանրապետության տարբեր մասերում եղանք, մարդիկ շատ էլ լավ տարբերում են թացը չորից, սուտը` կեղծից, ամբոխավարությունը` իրականությունից: Հայտնի խոսք կա, որ ժողովուրդը չի կարող լինել ամբողջովին վատը կամ ամբողջովին լավը: Բոլոր ժողովուրդների մեջ էլ կան նվիրյալներ, ծառայության պատրաստներ, պետական-ազգային մտածություն ունեցողներ, նպատակներն անձից վեր դասող մարդիկ, և լինում են նաև տականքներ, սրիկաներ, խաբողներ, մարդիկ, ովքեր, իրենց շահից բացի, այլ բան չեն տեսնում: Կախված նրանից, թե քաղաքական, ռազմական, տնտեսական, մշակութային էլիտայի մեջ ո՞ր տեսակն է գերակշռում, ժողովուրդն էլ մեծ մասամբ  սկսում է նմանվել  այդ տեսակին: Հիմա մենք որակական փոփոխությունների կարիք ունենք, մտածողության, հոգեբանության, մշակույթի փոփոխության կարիք ունենք»,- ասաց Աղվան Վարդանյանը: