Փոխարժեքներ
05 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոն
2024 թ. նոյեմբերի 5-ին կայանալու են ԱՄՆ նախագահական ընտրությունները, որոնք ցանկացած արդյունքի պարագայում էական ազդեցություն են ունենալու ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա։ Սույն հոդվածում անդրադարձ կկատարվի ՆԱՏՕ-ում՝ ԱՄՆ հետագա դերի առումով Դոնալդ Թրամփի և Քամալա Հարիսի տեսակետների տարբերություններին, նախագահի պաշտոնում յուրաքանչյուրի վերընտրման պարագայում ԱՄՆ քաղաքականությանը ԱՄՆ աշխարհաքաղաքական մրցակից երկրների՝ Ռուսաստանի և Չինաստանի նկատմամբ։ Առանձին անդրադարձ կկատարվի նաև Հայաստանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության հնարավոր փոփոխություններին։
Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության հարցում Դոնալդ Թրամփի և Քամալա Հարիսի տեսակետների տարբերությունը
2024 թ. առնվազն 64 երկրներում տեղի են ունենալու ընտրություններ, որոնց մասնակցելու է աշխարհի բնակչության 49%-ը։ Այս ընտրությունների արդյունքները որոշիչ են լինելու հետագա տարիների համաշխարհային քաղաքականության վրա ։ Այս ընտրությունների թվում առավել նշանակալից են լինելու ԱՄՆ նախագահական ընտրությունները, որոնք տեղի են ունենալու նոյեմբերի 5-ին։
ԱՄՆ նախագահական ընտրությունները կարևորվում են այն առումով, որ ԱՄՆ նախագահի առաջատար երկու թեկնածուներն ունեն միմյանցից էապես տարբերվող քաղաքականություն և աշխարհայացք՝ կապված ԱՄՆ աշխարհաքաղաքական դերի և նշանակության հետ։ Երկու գլխավոր թեկնածուներն են՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը՝ Հանրապետական կուսակցությունից, և ԱՄՆ ներկայիս փոխնախագահ Քամալա Հարիսը՝ Դեմոկրատական կուսակցությունից։ Վերջինս դարձավ Դեմոկրատական կուսակցության թեկնածուն այն բանից հետո, երբ ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը հայտարարեց ընտրապայքարից դուրս գալու մասին և իր աջակցությունը հայտնեց Քամալա Հարիսին։ Կախված նրանից, թե ով կդառնա ԱՄՆ 47-րդ նախագահը, ԱՄՆ քաղաքականությունը մի քանի ուղղություններով կարող է փոփոխվել։
Դիտարկենք մի քանի առավել կարևոր ուղղությունները, որոնց դեպքում Թրամփն ու Հարիսն ունեն տարբերվող հայացքներ։ Այդ ուղղություններն են ՆԱՏՕ-ն, Չինաստանը, Ռուսաստանը և, ինչն առավել կարևոր է մեզ համար, Հայաստանի նկատմամբ քաղաքականությունը։
Գալով գլոբալից լոկալին, նախ անդրադառնանք Հարիսի և Թրամփի դիրքորոշումներին՝ կապված ՆԱՏՕ-ում ԱՄՆ դերի հետ։ Եվրոպայի համար առավել մեծ անհանգստություն առաջացնող երևույթ է Թրամփի վերընտրման հեռանկարը՝ հաշվի առնելով վերջինիս արտահայտած դիրքորոշումները եվրոպական անվտանգային համակարգում ԱՄՆ ներգրավվածության և Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ:
Դեռևս ԱՄՆ նախագահի պաշտոնում իր պաշտոնավարման ընթացքում Դոնալդ Թրամփը ցանկանում էր դուրս բերել ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ից, սակայն վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները նրան բազմիցս ետ են պահել այդ քայլից: Եվ այժմ էլ նախագահության երկրորդ ժամկետը ստանձնելու դեպքում Թրամփը փորձելու է գտնել ուղիներ, թե ինչպես կարող է նվազեցնել ամերիկյան ներգրավվածությունը ՆԱՏՕ-ում՝ հասցնելով այն զուտ «սպասման» (standby) ռեժիմի։ Ավելին, իր հնարավոր երկրորդ նախագահության պարագայում նախկին նախագահը չի ցանկանում, որ իր վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների թվում լինեն «ՆԱՏՕ-ի ակտիվ կողմնակիցներ»: Թրամփի նման դիրքորշումը Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության նկատմամբ պետք է դիտարկել «Նախ և առաջ Ամերիկան» (America First) քաղաքականության լույսի ներքո։ Թրամփը չի ցանկանում՝ ԱՄՆ հարկատուների գումարները ծախսվեն Միացյալ Նահանգներից դուրս՝ ապահովելով Եվրոպայի տարբեր պետությունների անվտանգությունը։ Ուստի, քննադատության հիմնական թիրախն ուղղված է հենց նրան, որ ՆԱՏՕ-ի մնացյալ անդամ երկրները բավարար գումար չեն ներդնում անվտանգային ոլորտում։ Ըստ Թրամփի՝ ԱՄՆ-ը շատ ավելի գումար է տրամադրում, քան անդամ այլ պետությունները, և այս հարցը բազմիցս բարձրաձայնվել է իր նախագահության ժամանակ։ Այժմ էլ Թրամփը բացեիբաց խոսում է կառույցից դուրս գալու մասին, ինչը կարելի է կանխել, եթե բոլոր անդամները մեծացնեն անվտանգային ոլորտում իրենց ներդրումը։
Առավել մեծ անհանգստություն ԱՄՆ եվրոպացի գործընկերի մոտ առաջացրել էր Թրամփի այն հայտարարությունը, որ նա արել էր 2024 թ. փետրվարին։ Իրեն ուղղված այն հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգները կօգնի եվրոպացի իր դաշանկիցներին՝ Ռուսաստանի հնարավոր հարձակման դեպքում, Թրամփը պատասխանել էր, որ գործընկերները պետք է ավելի շատ ներդրումներ կատարեն անվտանգային ոլորտում, եթե ոչ, ապա ինքը Ռուսաստանին կխրախուսի «անել ինչ ուզում են» («to do whatever the hell they want»)։ Թրամփը պատրաստ է որպեսզի իր երկիրը մնա ՆԱՏՕ անդամ, միայն այն պարագայում, երբ եվրոպացի գործընկերները «արդար խաղան», քանզի ԱՄՆ-ը պետք է վճարի միայն իր մասնաբաժինը և ոչ մյուսներինը, առավել ևս այն պարագայում, երբ ԱՄՆ-ը օվկիանոսից այն կողմ է գտնվում, և եվրոպական երկրները առաջին հերթին պետք է առավել շահագրգռված լինեն առավել մեծ ներգրավվածությամբ ։
Այսպիսով, ելնելով Թրամփի մոտեցումից, ակնհայտ է դառնում, որ նա շարունակելու է իր նախկին քաղաքականությունը՝ պնդելով, որ եվրոպացի գործընկերներն անվտանգային ոլորտում իրականացնեն իրենց ՀՆԱ-ի 2%-ի չափով ներդրումներ, իսկ ԱՄՆ-ը նվազեցնի իր դերը ռազմական դաշինքում։ Իրականում այս հարցում արդեն իսկ կան դրական տեղաշարժեր, մասնավորապես՝ ՆԱՏՕ անդամների ⅔-ն արդեն իսկ ծախսում է ՀՆԱ-ի 2%-ն անվտանգության վրա, ներառյալ Գերմանիան, որը հատկապես Թրամփի քննադատության թիրախ էր դարձել ։ Թրամփն ամենայն հավանականությամբ կշարունակի իր երկիրը պահել ՆԱՏՕ-ում, թեև ԱՄՆ դերն ու ներգրավվածությունը զգալիորեն կնվազի ։
Ի տարբերություն Թրամփի, ԱՄՆ լիբերալ շրջանակներն ունեն այլ դիրքորոշում։ Այս հակառակ մոտեցման կողմնակիցն է ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի վարչակազմը, որի առանցքային դեմքերից է ներկայիս նախագահի թեկնածու Քամալա Հարիսը։ Վերջիններս, ի տարբերություն Դոնալդ Թրամփի, աջակցում են ՆԱՏՕ-ի ներկայիս գործելակերպին, ինչպես նաև ընդունում ԱՄՆ-ի կողմից դաշնակիցների նկատմամբ ստանձնված բոլոր պարտավորությունների կատարման կարևորությունը։ Նախագահ Բայդենը ՆԱՏՕ-ի 75-ամյակին նվիրված իր հայտարարության մեջ մասնավորապես նշել էր, որ ՆԱՏՕ-ն «համաշխարհային պատմության մեջ ամենահզոր ռազմական դաշինքն է»։ Նախագահը կարևորել էր այն «սուրբ պարտավորությունը», որը իրենք ստանձնում են իրենց դաշնակիցների նկատմամբ, այն է՝ «պաշտպանել ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր թիզը», որը Միացյալ Նահանգներին նույնպես ավելի անվտանգ է դարձնում և տալիս է «ամբողջ աշխարհում իր նմանը չունեցող» անվտանգության երաշխիքներ ։
Բայդենը նաև քննադատել է Դոնալդ Թրամփի հայտարարությունները ՆԱՏՕ-ի հասցեին՝ պնդելով, որ «նախկին նախագահը վտանգավոր, ցնցող և ակնհայտորեն հակաամերիկյան ազդանշան է ուղարկում աշխարհին» ։ Հարիսը, լինելով Բայդենի վարչակազմի անդամ, ընդհանուր առմամբ նույն հայացքներն է կիսում ՆԱՏՕ-ի վերաբերյալ։ Իր հայացքների մասին Հարիսը հայտնել էր Թրամփ-Հարիս առաջին բանավեճի ժամանակ։ Ըստ նրա՝ Եվրոպայի և ՆԱՏՕ-ի ԱՄՆ դաշնակիցները շնորհակալ են, որ Թրամփն այլևս նախագահ չի։ Մինչդեռ Հարիսը գիտակցում է «աշխարհում իր երբևէ ճանաչած ամենահզոր ռազմական դաշինքի՝ ՆԱՏՕ-ի» կարևորությունը։ Ըստ Հարիսի, ԱՄՆ-ն պետք է շարունակի լինել միջազգային կանոններն ու նորմերը պահպանող առաջնորդ, ով հասկանում է, որ «ԱՄՆ դաշինքները կախված են մեր ԱՄՆ գործընկերներին օգնելու և թշնամիներին չսատարելու կարողությունից» ։
Այսպիսով, ԱՄՆ նախագահի երկու թեկնածուներն ունեն միմյանցից տարբեր մոտեցումներ ՆԱՏՕ-ի հարցում։ Մասնավորապես Քամալա Հարիսը կողմ է ԱՄՆ ակտիվ ներգրավվածությանը ՆԱՏՕ-ում, իսկ Թրամփը՝ հակառակը, կփորձի հնարավորինս նվազեցնել ԱՄՆ ներգրավվածությունը այս կազմակերպությունում։
ԱՄՆ նախագահական ընտրությունների ազդեցությունը ԱՄՆ-Չինաստան և ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների վրա
Հարկ է նաև անդրադառնալ ԱՄՆ նախագահական ընտրությունների ազդեցությանը ԱՄՆ աշխարհաքաղաքական երկու հիմնական մրցակից երկրների՝ Ռուսաստանի և Չինաստանի նկատմամբ։ Ինչ վերաբերում է ԱՄՆ 2024-ի նախագահական ընտրությունների ազդեցությանը Չինաստանի հետ հարաբերությունների վրա, ապա ակնկալվում է, որ Չինաստանի հետ առևտրային հարաբերությունները կշարունակեն լարված մնալ՝ անկախ նրանից նախագահական արշավում կհաղթի Դոնալդ Թրամփը, թե Քամալա Հարիսը: Որոշ փորձագետներ ենթադրում են, որ երկու թեկնածուներն էլ կոշտ քաղաքականություն կվարեն Չինաստանի նկատմամբ՝ արտացոլելով Չինաստանի նկատմամբ ավելի լայն երկկուսակցական կոնսենսուսը Վաշինգտոնում: Հարկ է նշել, որ Բայդենի վարչակազմը ամրապնդել է առճակատման քաղաքականությունը Չինաստանի նկատմամբ, որն առաջինը որդեգրել էր Թրամփը, ընդ որում, երկու կողմերն էլ Չինաստանին ներկայացնում են որպես ԱՄՆ հիմնական հակառակորդ պետություն: Այժմ Թրամփը նշում է, որ ընտրվելու պարագայում չինական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը կարող են հասնել մինչև 100%-ի, և կկիրառվի 10%-20% ընդհանուր մաքսատուրք բոլոր այլ ներմուծումների համար, մինչդեռ Հարիսը, ամենայն հավանականությամբ, կշարունակի Բայդենի մաքսային քաղաքականությունը, ով ոչ միայն Թրամփի մաքսատուրքերն է ուժի մեջ թողել, այլև զգալի տուրքեր է սահմանել՝ մոտ 18 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ չինական ապրանքների նկատմամբ, որոնց թվում են՝ էլեկտրական մեքենաները, արևային մարտկոցները, լիթիումային մարտկոցները, պողպատը և ալյումինը ։
Բնական է, որ Չինաստանի կողմից ԱՄՆ-ի հետ հարաբերությունները շարունակելու ակնկալիք կա՝ անկախ ընտրությունների արդյունքից։
Չինացի պաշտոնյաները ընտրությունները որակել են որպես «Ամերիկայի ներքին գործ»՝ նշելով, որ Չինաստանը «երբեք չի միջամտել և երբեք չի միջամտելու ԱՄՆ նախագահական ընտրություններին»։ Այնուամենայնիվ, նրանք մտահոգություն են հայտնել քարոզարշավի ընթացքում Չինաստանը քաղաքական շահարկումների առիթ դարձնելու վերաբերյալ ։
Փոխնախագահ Քամալա Հարիսը և նախկին նախագահ Դոնալդ Թրամփը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել Չինաստանի նկատմամբ թույլ քաղաքականություն վարելու վերաբերյալ։ Թրամփի քարոզարշավի կողմից, առանց ապացույցների, հայտարարվել է, որ Հարիսի փոխնախագահի թեկնածու, Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլցն աշխատում է Չինաստանի համար՝ չնայած Ուոլցի կողմից չինական կառավարությանը քննադատելու երկար պատմությանը: Բանն այն է, որ Ուոլցը 1989 թվականից անգլերեն էր դասավանդել չինական ավագ դպրոցում:
Սեպտեմբերին, իրենց նախագահական բանավեճի ժամանակ, Հարիսը իր հերթին պնդել է, թե Թրամփը «վաճառել է մեզ» Չինաստանին՝ «ամերիկյան չիպեր վաճառելով Չինաստանին, որպեսզի օգնի նրանց բարելավել և արդիականացնել իրենց բանակը», ինչպես նաև մատնանշել Թրամփի գովասանքը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի նկատմամբ: Այս ամենից ակնհայտ է դառնում, որ ով էլ ընտրվի ԱՄՆ նախագահ 2024 թ. Ընտրություններում, Միացյալ Նահանգները շարունակելու է իր կոշտ և հակամարտային քաղաքականությունը Չինաստանի նկատմամբ։
Ինչ վերաբերում է ԱՄՆ քաղաքականությանը Ռուսաստանի նկատմամբ, ապա Թրամփի և Հարիսի միջև քննարկումները հիմնականում կապված են ՌԴ-Ուկրաինա պատերազմի թեմայի հետ։ Թրամփ-Հարիս վերջին բանավեճի ժամանակ Թրամփը կրկնեց այն պնդումները որ մշտապես կատարել է իր քարոզարշավի ընթացքում։ Թրամփը պնդում է, որ նախագահ դառնալու պարագայում կդադարեցնի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը. Ավելին, այն կդադարեցվի 24 ժամվա ընթացքում, սակայն մանրամասներ, թե ինչպես է դա հաջողելու, Թրամփը այդպես էլ չի հայտնել։ Ըստ Թրամփի՝ նա լավ է ճանաչում ինչպես Զելենսկիին, այնպես էլ Պուտինին, և վերջիններս հարգում են իրեն, ի տարբերություն Բայդենի։
Մյուս կողմից, Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հարիսն ամբողջությամբ պաշտպանում է Ուկրաինային զինելու և միջազգային աջակցությունը ցուցաբերելու Բայդենի քաղաքականությունը։ Դեռ ավելին, Հարիսը 6 անգամ հանդիպել է Ուկրաինայի նախագահին։ Նա համակարծիք է Բայդենի հետ, որ ռազմական աջակցության տրամադրումը Ուկրաինային կօգնի ուժեղացնել վերջինիս դիրքերը, այն պարագայում երբ Մոսկվան համաձայնի բանակցություններին ։
Հետաքրքրական է, որ Պուտինը մեկնաբանել էր նախագահական ընտրությունները, նշելով թե աջակցում են Հարիսին։ Սա իհարկե ոչ այդքան լուրջ կերպով արված դիտարկում է, որը կարող է օգնել Թրամփին այն օգտագործել Հարիսի դեմ։ Մինչդեռ Թրամփն, իրականում, միշտ հրաժարվել է քննադատել նախագահ Պուտինին՝ սկսած իր առաջին նախագահության տարիներից, և մեղադրվել է Ռուսաստանի հետ ունեցած կապերի, ընտրություններում աջակցություն ստանալու մեջ ։ Այսպիսով, Հարիսի ընտրվելու պարագայում ԱՄՆ քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ կշարունակի ներկայիս հետագիծը, մինչդեռ Թրամփի նախագահության պայմաններում հնարավոր է հարաբերություններում լարվածության որոշակի անկում, ինչպես նաև Ուկրաինային ԱՄՆ աջակցության նվազում։
ԱՄՆ ընտրությունների ազդեցությունը հայ-ամերիկյան հարաբերությունների և տարածաշրջանային ներգրավվածության վրա
ԱՄՆ ընտրությունների արդյունքները զգալի ազդեցություն են ունենալու նաև ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների և տարածաշրջանում ԱՄՆ ներգրավվածության վրա։ Բայդենի վարչակազմի օրոք ԱՄՆ-ը ստանձնել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ակտիվ միջնորդի դեր և ակտիվորեն խրախուսում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։ Սակայն այս մոտեցումը նոր չէ, քանի որ ԱՄՆ բոլոր վարչակազմերը՝ սկսած Ջորջ Բուշ ավագի վարչակազմից ակտիվ քաղաքականություն են վարել հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Հայաստանի այսօրվա իշխանությունների պատրաստակամությունը միակողմանի զիջումներով բավարարելու Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները հնարավորությունների նոր պատուհան է բացել ԱՄՆ-ի համար՝ նվազեցնելու Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում առկա հակամարտությունների կարգավորման միջոցով։ Այսպիսով, Բայդենի վարչակազմի օրոք նկատելի է եղել տարածաշրջանում ԱՄՆ առավել ակտիվ ներգրավվածությունը՝ մանավանդ Ռուսաստանի պասիվության պարագայում:
Ինչ վերաբերում է Քամալա Հարիսին, ապա պետք է նշել, որ նա ակտիվորեն համագործակցել է հայ լոբբիստների հետ սենատոր լինելու տարիներին և աջակցել որոշ հայանպաստ նախաձեռնությունների։ 2019 և 2020 թթ. Քամալա Հարիսը ստորագրել է Արցախի ականազերծմանն աջակցող նամակներ, 2020 թ. ստորագրել է Կոնգրեսի գրադարանին ուղղված նամակը, որը կոչ էր պատշաճ կերպով գնահատելու Հայոց ցեղասպանությունը և 2019/2020 թթ. ապրիլի 24-ին հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության հիշատակության կապակցությամբ:
Միևնույն ժամանակ, Հարիսը չի հովանավորել և չի աջակցել Ադրբեջանի մարդու իրավունքների/զենքի արգելման բանաձևին, չի հովանավորել Թուրքիայի մարդու իրավունքների/զենքի արգելման բանաձևին և չի ստորագրել 2020 թ. հայտարարությունը, որը դատապարտում է Ադրբեջանի/Թուրքիայի հարձակումները Հայաստանի/Արցախի վրա ։ Չնայած դրան և այն հանգամանքին, որ Հարիսը Կալիֆորնիան ներկայացնող սենատոր էր, վերջինս երբեք աչքի չի ընկել ակտիվ հայանպաստ նախաձեռնություններով։ Հասկանալու համար, թե ինչպիսին կլինի Քամալա Հարիսի արտաքին քաղաքականությունը ԱՄՆ նախագահ դառնալու պարագայում, պետք է նկատի ունենալ, որ նա արտաքին քաղաքականության մեջ մեծ փորձ չունի և հիմնականում հիմնվելու է իր խորհրդականների կարծիքների վրա՝ ի տարբերություն նախագահ Բայդենի, ով ուներ մեծ փորձառություն և գիտելիքներ ԱՄՆ արտաքին քաղաքականության և ընդհանրապես միջազգային հարաբերությունների վերաբերյալ։ Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ Քամալա Հարիսն արդեն իսկ քայլեր է ձեռնարկում հայ ընտրողների ձայները ստանալու համար։ Մասնավորապես, 2024 թ. սեպտեմբերի 23-ին՝ Հայաստանի Անկախության տոնի առթիվ հրապարակված քարոզարշավի հայտարարության մեջ փոխնախագահ և նախագահի թեկնածու Հարիսն իր աջակցություն է հայտնել «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքին», նաև նշելով, որ «Մենք երբեք չպետք է մոռանանք Հայոց ցեղասպանությունը»՝ հավելելով, որ ինքը հավատարիմ է մնում «Հայաստանի և նրա հարևանների միջև կայուն խաղաղությանը՝ հիմնված ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա»: Նախագահի թեկնածու Հարիսի խոսքերով, նա կշարունակի «աջակցել Հայաստանին ժողովրդավարության ամրապնդման և տարածաշրջանում կայունության հաստատման ջանքերում» ։
Հաշվի առնելով Քամալա Հարիսի այս հայտարարությունը՝ կարելի է ակնկալել, որ Հայաստանը կարող է շարունակել մնալ ԱՄՆ ակտիվ քաղաքականության կիզակետում Հարիսի նախագահ ընտրվելու պարագայում։ Իսկ հաշվի առնելով Քամալա Հարիսի սահմանափակ փորձն արտաքին քաղաքական ոլորտում՝ չի կարելի բացառել, որ վերջինս կշարունակի Բայդենի արտաքին քաղաքական գիծն այս ուղղությամբ՝ հիմնվելով իր խորհրդականների կարծիքների վրա, որոնցից շատերը Բայդենի վարչակազմի ներկայացուցիչները կարող են լինել։ Այսպիսով, նրա նախագահությունը կարող է հավասարակշռել հայկական շահերի պաշտպանությունը՝ տարածաշրջանում ավելի լայն ռազմավարական նկատառումներով:
Թրամփի հաղթանակի դեպքում հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում միջնորդությունը կպասիվանա:
Մենք դիտարկել ենք Թրամփի արտաքին քաղաքականության զարգացումը մինչև 2021 թվականը, ներառյալ 44-օրյա պատերազմը Լեռնային Ղարաբաղում։ Պատերազմի ընթացքում Թրամփը բավականին պասիվ կեցվածք էր ընդունել՝ սահմանափակվելով մի քանի թվիթերով և հայտարարություններով, որոնց չհաջորդեցին հստակ քայլեր հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Թրամփի վարչակազմի կողմից ԼՂ պատերազմում միակ նշանակալի ներգրավվածությունը նրա ազգային անվտանգության հարցերով խորհրդականի և հայ համայնքի միջև տեղի ունեցած հանդիպումն էր, ինչպես նաև ԱՄՆ միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև երրորդ զինադադարը, որը երկար չտևեց։ Բացի սրանից, Թրամփի վարչակազմի կողմից որևէ այլ էական ներգրավվածություն չի եղել, և հիմքեր չկան մտածելու, որ այս մոտեցումը կփոխվի նրա երկրորդ պաշտոնավարման պարագայում։ Հավանականություն կա, որ նա ևս մեկ անգամ կորոշի «մեկուսացած» քաղաքականություն որդեգրել: Իր պաշտոնավարման սկզբնական տարիների նման, Թրամփը, ամենայն հավանականությամբ, առաջնահերթություն կտա ԱՄՆ-ի համար կենսական նշանակություն ունեցող կարևորագույն խնդիրների լուծմանը, ինչպիսիք են` Մերձավոր Արևելքը, Ուկրաինայի հակամարտության կարգավորումը և Չինաստանի հետ հարաբերությունների հստակեցումը, իսկ Հայաստանը և հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հարաբերությունները նրա վարչակազմի համար կմղվեն ետին պլան։