կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-23 16:51
Առանց Կատեգորիա

Արմենի և Սերգեյի տարբերությունները

Արմենի և Սերգեյի տարբերությունները

Մայդանում զոհված Սերգեյ Նիգոյանի ընտանիքը փախել է Հայաստանից Արցախյան պատերազմի պատճառով: Այս ձևակերպումը երեկ կարելի էր կարդալ բոլոր լրատվամիջոցներում: Ինչ խոսք, ամոթալի որակում է, բայց փաստ, որի հետ հաշվի չնստել հնարավոր չէ: Արդարության համար պետք է խոստովանենք, որ այդ տարիներին շատերը հեռացան (փախան)` օտար ափերում բարեկեցիկ, խաղաղ կյանք գտնելու հեռանկարով: Հեռացան նաև Արցախից, բայց շատերն էլ, թողնելով իրենց «փափուկ անկողինը», ամերիկաներից, եվրոպաներից, Միջին Արևելքի երկրներից, Իրանից, Ռուսաստանից եկան և իրենց պապերի կիսատ թողած կռվին տեր կանգնեցին:

 

«Սերգեյը խելացի, կրթված երիտասարդ էր: Նա ցուցարարների համար Տարաս Շևչենկոյի բանաստեղծություններն էր անգիր ընթերցել»,- գրել էին ուկրաինական կայքերը:

 

Այդ նույն օրը հայ-ադրբեջանական սահմանին հերոսաբար զոհված` Սերգեյի հասակակից Արմեն Հովհաննիսյանի երակներում «պայթում էր» Դանիել Վարուժանի «Ցեղին կանչը»: Արմենի ծնողները չհեռացան Հայաստանից: Նրա մոր աչքերում, երբ նկարվում էր իր մինուճար արու զավակի հետ, ազնվացեղի, հերոսուհի մորը վայել հպարտություն կար:

 

Սերգեյը ծնվել էր Ուկրաինայում, նա փախչող տեսակից չէր, բայց նրա ընտանիքը փախավ: Եվ ոչ մի տարօրինակ բան չկա, երբ նրա հայրն ասում է. «Ես ոչ ոքի չեմ մեղադրում: Ես նրան համոզում էի, որ չգնար Մայդան, բայց նա գնաց»: Հետաքրքիր է, եթե Սերգեյը զոհվեր Հայաստանում, նրա հայրը դարձյա՞լ ոչ ոքի չէր մեղադրի, թե՞ պահանջներն այլ կլինեին: Սերգեյը Մայդանում պարզել էր հայկական եռագույնը, բայց նրա հայրենիքը Ուկրաինան էր: Սերգեյը մի հայրենիք էլ ուներ, որտեղից փախել էին ծնողները:

 

Արմենի համար հայրենիքը սկսվում էր այն հատվածից, որի պաշտպանությունը նրան էր վստահվել: Անկախ Ուկրաինայի ապագա կարգավիճակից` Սերգեյը հերոսացավ` հանուն Ուկրաինայի, իսկ Արմենը զոհվեց ոչ միայն իր, այլև Սերգեյի «խռոված» հայրենիքի համար, որտեղ թեկուզ կողպված, բայց կանգուն է նրա հայրական տունը: Սերգեյը Ուկրաինայի քաղաքացի էր, Արմենը` Հայաստանի: Արմենի կռիվը ցեղի տեսակը պահպանելու համար էր, Սերգեյինը` ինտեգրման: Երկուսն էլ քաջ էին, բայց` տարբեր տիրույթներում: Երկուսի երակներում էլ հայի արյուն էր հոսում, բայց` տարբեր երանգներով: Երկուսի ծնողներն էլ սգում են, բայց մեկը ոչ ոքի չի մեղադրում, որովհետև ինքն այդ երկրում եկվոր է և դեռ պետք է ապրի, իսկ մյուսի սիրտը վրեժ է ուզում:

 

Սերգեյը, ոտքի կանգնած, ձեռքը` սրտին, պատվում էր Ուկրաինայի օրհներգը, իսկ Արմենը ամեն լուսաբացի զգաստ պատվում էր Հայաստանինը: Իսկ Հայաստանի օրհներգը նաև հուշում է, որ`

Ամենայն տեղ մահը մի է,

Մարդ մի անգամ պիտ մեռնի,

Բայց երանի, որ յուր ազգի

Ազատության կզոհվի:

 

Չեմ կարծում, թե Սերգեյի ծնողները նրան սովորեցրել էին այս «օրորոցայինը»: Նա մեր պատմության մեջ իր մահով կմնա որպես դասալիք ընտանիքի ողբերգական վերջաբանի կրող, իսկ Արմեն Հովհաննիսյանի շիրիմին սերունդներ կերդվեն, կդաստիարակվեն նրա հերոսական կերպարով: Երկուսի տարբերությունը ինքներդ որոշեք, չէ՞ որ ամենայն տեղ մահը մի է…

 

Հարություն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Civilnet.am