կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-31 15:59
Քաղաքական

Իմ խնդրանքն է, որ չծախվող մարդիկ այս անգամ տեր կանգնեն իրենց ձայնին. Աղվան Վարդանյան

Իմ խնդրանքն  է, որ չծախվող մարդիկ այս անգամ տեր կանգնեն իրենց ձայնին. Աղվան Վարդանյան

Այսօր լրագրողների հետ հանդիպեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը` ամփոփելով ՀՅԴ նախընտրական քարոզարշավը:

«Ես հույս ունեմ, որ այս ընտրություններում ԸՕ փոփոխությունների շնորհիվ`տեխնիկական միջոցներով, ցուցակների հրապարակմամբ պայմանավորված, հնարավոր կլինի ընտրախախտումները նվազագույնի հասցնել ընտրատեղամասերում: Գրեթե վստահ եմ, որ տեղամասերում խախտում չի լինի, իսկ սա ենթադրում է, որ եթե մենք այս ընտրություններում մասնակիցների թվի էական  փոփոխություն ունենանք` նախորդների համեմատ, եթե ընտրություններին մասնակցած ընտրողների թիվը չանցնի 1 միլիոն 200 հազարը, ապա կհամարեմ, որ սա արդեն հաղթանակ է, և որ ընտրական համակարգն արդեն իր արդյունքը տվել է: Հույս ունեմ, որ այս համակարգային փոփոխություններից հետո, երբ ԱԺ-ն դառնում է միակ բարձրագույն մարմինը, մեր հարյուրհազարավոր այն քաղաքացիները, ովքեր չէին վստահում ընտրություններին, չէին գնում ընտրության, նրանց մի մասը կմասնակցի այս ընտրություններին»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Նրա համոզմամբ` այդ մարդիկ մտահոգ, շիտակ, ազնիվ են, ընտրակաշառք չեն վերցնի, որովհետև եթե ընտրակաշառք վերցնեին, ապա նախորդ ընտրություններին կգնային ընտրության: Աղվան Վարդանյանը հույս հայտնեց, որ այդ մարդկանց մի մասը կընկալի ընտրական համակարգի դրական փոփոխությունները, կհավատա, որ ընտրություններով հնարավոր է բան փոխել:

«Իմ հորդորն ու խնդրանքն է, որ եթե այդ մարդիկ, ովքեր ծախվող չեն, ովքեր ընտրակաշառք չեն վերցնում, իսկապես տեր լինեն իրենց ձայնին, մասնակցեն ընտրություններին, Դաշնակցության արդյունքներն ավելի բարձր կլինեն»,- ասաց նա:

Աղվան Վարդանյանի համոզմամբ` ՀՀ քաղաքացիները և' պատճառ, և' իրավունք ունեն երկրի ապագային նայելու լավատեսությամբ, հույսով, վստահությամբ, որ կարող են երկիրը դարձնել զարգացող, կազմակերպված, ուժեղ: «Հույս ունեմ, որ մեր քաղաքացիների գերակշիռ մասը հուսահատությունը, հուսալքությունը, անվստահությունն այս անգամ պետք է փորձի թոթափել` հավատալով, որ կարող է երկրում բան փոխել»,- ասաց Աղվան Վարդանյանը: