Միասին կարող ենք
կարևոր
673 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-25 20:16
Հասարակություն

Մենք պետք է Աստծո ճշմարտությունը թարգմանենք մեր գործերով, հավատքը՝ սիրով, իսկ Ավետարանը՝ մեր առօրյա կյանքով. Տեր Հեթում

Մենք պետք է Աստծո ճշմարտությունը թարգմանենք մեր գործերով, հավատքը՝ սիրով, իսկ Ավետարանը՝ մեր առօրյա կյանքով. Տեր Հեթում

Այսօր Հայ Եկեղեցին հիշատակում է Սրբոց Թարգմանիչներ՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցին և Սուրբ Սահակ Պարթևին։

Ախթալայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը նշում է՝ նրանց գործը միայն այբուբենի ստեղծումը կամ գրքերի թարգմանությունը չէր. նրանք իրականացրին հոգևոր մի մեծ հրաշք՝ Աստծո Խոսքը ժողովրդի սրտին հասցնելու միջոցով։

«Մեսրոպն ու Սահակը հասկացել էին, որ մարդը միայն հացով չի ապրում, այլ նաև խոսքով, իմաստությամբ և ճշմարտությամբ։ Նրանք գիտակցում էին, որ լեզուն պարզապես հաղորդակցության միջոց չէ. այն մարդու հոգու տունն է, նրա հիշողությունը, ինքնությունը և հավիտենականության հետ կապող կամուրջը։ Այդ պատճառով նրանք հայոց գրերը ստեղծեցին ոչ միայն ազգը կրթելու, այլև մարդուն Աստծուն ավելի մոտեցնելու համար։

Փիլիսոփայական իմաստով Թարգմանչաց շարժումը հիշեցնում է, որ յուրաքանչյուր մարդ իր կյանքում կոչված է «թարգմանիչ» լինելու։ Մենք պետք է Աստծո ճշմարտությունը թարգմանենք մեր գործերով, հավատքը՝ սիրով, իսկ Ավետարանը՝ մեր առօրյա կյանքով։ Ամեն դար ունի իր լեզուն, սակայն ճշմարտությունը նույնն է մնում. խնդիրը ոչ թե այն գտնելն է, այլ այն հասկանալի դարձնել մարդկանց համար։

Սուրբ Մեսրոպն ու Սուրբ Սահակը մեզ սովորեցնում են, որ ազգի իրական հզորությունը ոչ թե զենքի, այլ կրթված մտքի, լուսավորված հոգու և կենդանի հավատքի մեջ է։ Երբ գիրն ու հոգևորությունը միավորվում են, ծնվում է մշակույթ, որը կարողանում է հաղթահարել ժամանակը և պահպանել ժողովրդի հոգին նույնիսկ ամենածանր փորձությունների մեջ։

Թող Սրբոց Թարգմանիչների բարեխոսությամբ մեր կյանքում երբեք չմարի գիտության, իմաստության և Աստծո ճշմարտությունը որոնելու ծարավը, և մենք էլ դառնանք լույսի ու ճշմարտության կենդանի թարգմանիչներ մեր ժամանակի աշխարհում։ Ամեն»,- գրել է Տեր Հայրը։