Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ հերթական քառօրյայում քննարկվում էր ԿԲ դրամավարկային ծրագրի տարեկան հաշվետվությունը: Ելույթ ունեցավ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ երբ ԿԲ ներկայացուցիչները, կառավարության ներկայացուցիչները խոսում են դրամավարկային քաղաքականության, Հայաստանի տնտեսության, տնտեսական զարգացման մասին, առաջին հարցը, որն ուզում է տալ, հետևյալն է. «Իրո՞ք, Հայաստանում կա տնտեսություն, տնտեսական զարգացում ու դրամավարկային քաղաքականություն: Այն, ինչի մասին այստեղ խոսում են, շատ մեծ վերապահումով է հնարավոր անվանել տնտեսություն»:
Ըստ պատգամավորի` իրականում կա երկու մեծություն՝ բյուջե և Հայաստան ուղարկվող տրանսֆերտներ, և բյուջեի եկամտային մասի առյուծի բաժինը կազմում են հենց մասնավոր տրանսֆերտները:
Փաշինյանը փորձեց պատկերավոր բացատրել. Հայաստանի քաղաքացի Վարդանը մեկնում է Ռուսաստան` արտագնա աշխատանքի, և ամեն ամիս գումար է ուղարկում կնոջը:Վարդանի կինը խանութից գնում է ձեթ ու շաքար, և գործարքի պահին խանութը ՀԴՄ կտրոն է տպում, որից հարկ է վճարվում բյուջե: Ուսուցիչն այդ գումարից ստանում է աշխատավարձ, մտնում խանութ, գնումներ կատարում, դարձյալ հարկ մուծում:
«Եվ եթե Ռուսաստան գնացած մեր պայմանական Վարդանը կնոջը գումար չուղարկի, ապա հարկային մուտքեր չեն առաջանա: Այսինքն` Վարդանը պարտադիր պետք է մեկնի Ռուսաստան ու կնոջը գումար ուղարկի, որ Հայաստանը բյուջե ունենա: Ստացվում է, որ երկրի տնտեսական վիճակը կախված է ոչ թե կառավարության, ԿԲ-ի վարած քաղաքականությունից, այլ նրանից, թե Վարդանը Ռուսաստանից կամ Եվրոպայից ինչքան փող կուղարկի իր կնոջը: Սա է մեր ամբողջ տնտեսություն կոչվող համակարգը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: