Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Շուշիի ազատագրման օրն է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Դուշման Վարդանի քույրը` Արմինե Ստեփանյանը, նշեց, որ, սոցիալական բեռի տակ կքած, չզգացինք հաղթանակի իրական բերկրանքը: Նա հիշում է, որ ճիշտ այսպիսի եղանակ էր, երբ լուր հասավ իրենց, որ տղաներն արդեն մտել են «Կարմիր շուկա»:
«Ինձ թվում էր` եթե եղբայրս Շուշիից կենդանի վերադառնա, էլ մահ չունի»,- ասաց հերոսի քույրը` հավելելով, որ Շուշիի ազատագրման գործողությունը կոչվում էր «Հարսանիք` լեռներում», քանի որ նախ ցանկություն կար սպարապետ Վազգեն Սարգսյանին ամուսնացնել, բացի դրանից` կռվի մեկնած տղաների մեծ մասն ամուսնացած չէր: «Մայրս Վարդանին ասում էր, թե` արի, դու էլ ամուսնացիր, երեխա է պետք մեզ, իսկ, դրան ի պատասխան, եղբայրս մորս տարել էր պատուհանի մոտ եւ ասել, թե` ինչու ես տարբերություն դնում երեխաների միջեւ, տեսնո՞ւմ ես բակում խաղացողներին, նրանք իմ երեխաներն են եւ հետո` ինչո՞ւ պետք է դժբախտացնեմ ուրիշի աղջկան: Նա, կարծես, կանխազգում էր ապագան»:
Ստեփանյանը հիշում է , որ իրենք, երբ փոքր էին, երբեք տունտունիկ չէին խաղում, միայն կռիվ–կռիվ կամ դպրոց-դպրոց. «Վարդանից ինձ մնաց այն խորհուրդը, թե` եղբայրն անգամ եղբորը առանց արյուն հող չի տա»:
Իսկ գրականագետ Վարդան Դեւրիկյանը հիշում է, որ պատերազմից վերադառնալու առաջին «ապացույցն» այն էր, որ կարող ես հանգիստ քայլել ասֆալտի վրայով եւ վախ չունենալ սրտում, թե ինչ-որ տեղից կարող է արկ պայթել:
«Տարեցտարի Շուշիի ազատագրումը յուրովի է իմաստավորվում, եւ հաղթանակն անընդհատ հարաբերվում է մեր կյանքի հետ: Շուշիի ազատագրմամբ մենք ցույց տվեցինք, որ անհնարը կարող ենք հնարավոր դարձնել, ինչպես նաեւ միախմբվել` հանուն ընդհանուր արժեքների: Ի դեպ, 100-ամյակների ընթացքում Շոեւշին մեր առաջին բերդն էր, որն ազատագրեցինք»,- ասաց Դեւրիկյանը: