կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-17 11:49
Հասարակություն

Արցախում զոհված Վարդանը երաժիշտ էր, իսկ Վիգենը մեկ ամսից զորացրվելու էր. լուսանկարներ

Արցախում զոհված Վարդանը երաժիշտ էր, իսկ Վիգենը մեկ ամսից զորացրվելու էր. լուսանկարներ

Հայտնել էինք` երեկ ժամը 18:05-ի սահմաններում հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.): Զոհված զինծառայողներից Արայիկ Մատինյանը Լոռու մարզի Շնող գյուղից էր:

Շնողի համայնքապետ Դավիթ Ղումաշյանը Yerkir.am-ին հայտնեց, որ Արայիկը սոցիալապես անապահով ընտանիքից էր: «Սոցիալապես անապահով ընտանիքի զավակ էր, ունի երկու անչափահաս եղբայր և իրենից մեծ քույր»,- հայնտեց գյուղապետը:

Զոհված զինծառայողներից Վարդան Սարգսյանը Արագածոտնի մարզի Լուսագյուղ համայնքից էր: Լուսագյուղի համայնքապետ Քաջիկ Զաքարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Վարդանը սոցիալապես անապահով ընտանիքից էր: «Վարդանը պետք է զորացրվեր հունվարին: Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի ուսանող էր»,- հայտնեց նա:

Զոհված զինծառայողներից Վիգեն Պետրոսյանը Սևան քաղաքի բնակիչ էր: Մեզ հետ զրույցում Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը նշեց, որ Վիգենն ունի երկու եղբայր, մեկը իրենից մեծ է, մյուսը` փոքր: «Ամենաուշը մեկ ամսից պետք է զորացրվեր: Երկու տարի առաջ հունիսի 20-ին էր բանակ գնացել և արդեն մեկ ամսից կզորացրվեր»,- հայտնեց Մուրադյանը:

Քաղաքապետը տեղեկացրեց` զոհված զինծառայողների մարմինները արդեն տեղափոխվում են և երկու-երեք ժամից կհասնեն:

Լուսանկարները` զինծառայողների սոցցանցի էջերից

Վիգեն Պետրոսյան

Վարդան Սարգսյան

Արայիկ Մատինյան