կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-02 16:52
Առանց Կատեգորիա

Ինչու Ռուսաստանը «ներխուժեց» Սիրիա

Ինչու Ռուսաստանը «ներխուժեց» Սիրիա

Մերձավոր Արևելքում իրադարձությունները զարգանում են կայծակնային արագությամբ: Երկու շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ Ռուսաստանը զինտեխնիկա է տեղափոխել Սիրիա: Օրեր առաջ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ռազմական օժանդակություն ստանալու խնդրանքով դիմեց Ռուսաստանին:

Գրեթե դրան զուգահեռ Պետդուման հավանություն տվեց զինված ուժերը երկրի սահմաններից դուրս օգտագործելու` նախագահ Պուտինի առաջարկին, որից անմիջապես հետո ռուսական կործանիչներն սկսեցին բարձր ճշգրտության հարվածներ հասցնել գլխավորապես «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին, կառավարման կենտրոններին և ենթակառուցվածքներին:

Այս ամենը լայն թափով ծավալվեց հատկապես Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի շրջանակներում կայացած Օբամա-Պուտին հանդիպումից հետո: Նախնական տպավորությունն այնպիսին էր, որ Սիրիայում Ռուսաստանի կտրուկ գործողությունները տեղի են ունենում Պուտին-Օբամա պայմանավորվածությունների համաձայն, և Ռուսաստանը միանում է ԻՇԻՊ-ի դեմ ամերիկյան միջազգային կոալիցիային: Դրա մասին էր խոսում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի արած այն շրջադարձային հայտարարությունը, թե Վաշինգտոնը հիմա չի պնդում Բաշար Ասադի անհապաղ հեռացումը: Բացի դրանից` Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը և Պենտագոնը խորհրդակցություններ են սկսել Սիրիայի հարցով, ինչը կարող է դառնալ Մերձավոր Արևելքում երկու երկրների գործողությունների համակարգման ձևաչափ։

Այս դրական նախանշաններին զուգահեռ, սակայն, Արևմուտքը, Ռուսաստանի դեմ իսկական տեղեկատվա-քարոզչական պատերազմ է սկսել` վերջինիս ռազմաօդային ուժերին մեղադրելով, ԻՇԻՊ-ից բացի, նաև, այսպես կոչված, սիրիական ընդդիմության` Սիրիական ազատ բանակի գրոհայինների դիրքերին և խաղաղ բնակչությանը հարվածելու մեջ: Թուրքիան, ԱՄՆ-ը, Սաուդյան Արաբիան, Քաթարը, Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան հանդես են եկել ՌԴ-ին ուղղված համատեղ հայտարարությամբ, որում Մոսկվային կոչ են անում հրատապ դադարեցնել օդային հարվածները` այն պատճառաբանությամբ, թե դրանք ուղղված են սիրիական ընդդիմության դեմ և կարող են ավելի ապակայունացնել իրավիճակը` խթանելով իսլամական ծայրահեղականության նոր ալիքի բարձրացմանը:

Այս արձագանքը վկայում է, որ Ռուսաստանի սիրիական «ներխուժումն» ավելի շատ անհանգստացրել է Արևմուտքին: Ակնհայտ է, որ Սիրիայում ռուսական զինուժի ներկայությունը և ռազմական գործողությունները միանգամայն լեգիտիմ են, և որևէ ուժային կենտրոն ի վիճակի չէ զսպել Մերձավոր Արևելք վերադառնալու` Ռուսաստանի ձգտումները: Ռուսական կործանիչների` երկու օրվա գերճշգրիտ հարվածները ոչ միայն ահաբեկչական խմբավորումների որջերի վերածված տարածաշրջանային երկրներին ստիպում են ռուսական «ներխուժման» հետ կապել հաստատված քաոսից ազատվելու հույսերը, այլև զգալիորեն հարվածում են ԱՄՆ-ի և եվրոպական երկրների հեղինակությանը:

Բոլորովին պատահական չէ, որ Իրաքը պաշտոնապես դիմեց Մոսկվային` իսլամիստ ծայրահեղականների դեմ գործողություններ սկսել նաև իր տարածքում` անարդյունավետության մեջ մեղադրելով ԱՄՆ-ին: Բացի դրանից` Իրանը հարյուրավոր զինվորականներ է ուղարկել Սիրիա: Թեհրանն արդեն հայտարարել է Սիրիայում այդ երկրի կառավարական ուժերի հետ ահաբեկչական խմբավորումների և հակակառավարական ուժերի դեմ ցամաքային գործողություններ սկսելու մասին: Սա ոչ միայն ուրվագծում, այլև ուղղակի փաստարկում է Իրան-Սիրիա-Ռուսաստան, հնարավոր է` նաև Չինաստան նոր կոալիցիայի ձևավորումը, որն ակնհայտորեն ոչ թե տարածաշրջանային, այլ աշխարհաքաղաքական բևեռի վերածվելու հավակնություն է ստանում: Թե ի՞նչ է սա նշանակում ԱՄՆ-ի համար, թերևս մեկնաբանության կարիք չունի:

Չի բացառվում, որ Ռուսաստանի իրական նպատակներից մեկը նաև տարածաշրջանի նավթային ռեսուրսների և էներգետիկ կոմունիկացիոն ուղիների նկատմամբ վերահսկողության հաստատումն է` նավթի համաշխարհային գների վրա բարձրացման առումով ներգերծելու համար: Թերևս հենց սա է պատճառը, որ Ռուսաստանի գործողությունների դեմ հիմնական պայքարողներից մեկը Սաուդյան Արաբիան է:

Գևորգ Դարբինյան