Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ ՀԱՊԿ-ը այդպես էլ ոչ մի պաշտոնական հայտարարություն չարեց հայ-ադբեջանական սահմանին օրեր շարունակ Ադրբեջանի կողմից սանձազերծված գնդակոծության մասին, նախ նշեց, որ ՀՀ նախագահը մանրամասն անդրադարձել է այդ խնդրին ՀԱՊԿ վերջին գագաթաժողովում` ասելով, որ Ադրբեջանի գործողությունները և Հայաստանի դեմ ոտնձգությունները սպառնալիք են Հարավային Կովկասում խաղաղության պահպանման համար:
«Նախագահի խոսքը հստակ ուղերձ էր ՀԱՊԿ-ին և ակնկալիք, որ ՀԱՊԿ-ը, նաև անվտանգության միասնական համակարգ լինելով, պետք է իր ուշադրությունն ավելի հստակ սևեռի Հարավային Կովկասի անվտանգության պահպանման վրա: Հայաստանի ակնկալիքները ինչպես ՀԱՊԿ-ից, այնպես էլ այլ միջազգային կառույցներից միշտ եղել է այն, որ ունենանք Ադրբեջանի գործողությունների նկատմամբ հասցեական վերաբերմունք, և դա պատկերացնում ենք քաղաքական հայտարարությունների տեսքով, ինչը ՀԱՊԿ-ի պարագայում շարունակում է մնալ մեր ակնկալիքը»,- ասաց Արտակ Զաքարյանը:
Նա, միաժամանակ, հավելեց, որ թեև դեռևս հայտարարություն, որպես այդպիսին, չկա, դա, իհարկե, չի նշանակում, որ ՀԱՊԿ-ը շահագրգիռ չէ դրանում, բայց պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ-ի գործառույթները շատ ավելի լայն են ու ընդգրկուն, և Հայաստանը դեռ չի հասել այն իրավիճակին, որ ակնկալենք ռազմաքաղաքական միջամտություն:
Yerkir.am-ի հարցին` արդյո՞ք Ռուսաստանը չի որդեգրել Հայաստանի ուղերձները «չլսելու» քաղաքականություն, Արտակ Զաքարյանը, չհամաձայնելով, պատասխանեց, որ Ռուսաստանը Մինսկի խմբի անդամ է և պարբերաբար արտահայտել է իր դիրքորոշումները ԼՂ կարգավորման անհրաժեշտության վերաբերյալ:
«Իհարկե, մենք շարունակում ենք ավելին ակնկալել, որովհետև ամեն օր և ամեն ժամ անվտանգության խնդիր ունենք` հարաբերվելով Ադրբեջանի հետ` սահմանին: Մենք վստահ ենք, որ մեր զինված ուժերը պատշաճ կերպով իրականացնում են սահմանների անվտանգությանն ուղղված հարցը, բայց, քաղաքական առումով, մենք, իհարկե, միջազգային հանրությունից ակնկալում ենք հասցեական վերաբերմունք Ադրբեջանի գործողությունների նկատմամբ: Դա էլ, իր հերթին, չի նշանակում, որ մենք ակնկալեցինք, ուրեմն պատասխանը վաղը կլինի: Եթե ժամանակի ավելի մեծ հատվածի մեջ դիտարկենք հարցը, ապա կտեսնենք, որ գործընթացը գնալով ավելի խնդրահարույց է դառնում Ադրբեջանի համար»,- ասաց պատգամավորը:
Հարցին, թե ինչպե՞ս կարող է Հայաստանը հասցեական գնահատական ակնկալել այն ՀԱՊԿ պետություններից, որոնք Ադրբեջանին իրենց եղբայր պետություն են համարում, և արդյո՞ք գնահատականն առանց գործողության կարևոր է, Արտակ Զաքարյանը պատասխանեց, որ այսօր քաղաքական գնահատականն առանց գործողության իսկապես էական է, քանի որ խնդիրը գտնվում է քաղաքական հարթությունում:
«Միջազգային կառույցներից, այդ թվում` ՀԱՊԿ-ից, կան աջակցության այլ ձևեր, որոնք գուցե տեսանելի չեն, բայց կարևոր են»,- ասաց պատգամավորը:
Նա կարծիք հայտնեց, որ սահմանային բախումները դեռևս սահմանային գործողություններ չեն, իսկ Հայաստանը չի գտնվում հայտարարված պատերազմի մեջ, որպեսզի դիմի ՀԱՊԿ-ին` միջամտելու համար: