«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանն այսօր Ֆրանսիայի հրապարակում դիմելով հանրահավաքի մասնակիցներին՝ հարցրեց՝ արդյո՞ք նրանք Տիգրան Մեծի սերունդն են, ապա թե՝ իսկ ո՞ւմ տվեցին Տիգրանի գահը, և առանց երկար սպասելու պատասխանին՝ շարունակեց.
«Ամոթ մեզ, այսօրվա իրավիճակը՝ ինչ կատարվում է Հայաստանում, յուրաքանչյուր մարդու համար ողբերգություն է, որի սկիզբը դրվել է 4 տարի առաջ։ Այսօրվա իշխանությունը, ենիչերիների ոհմակը, որոնք կարողացել են ասպարեզ բերել մարդկանց, որոնք հերոսներին փորձում են նսեմացնել։ Ո՞վ է այն մայորը, ով կարողացել է հարվածել արցախյան երեք պատերազմների հրամանատարին։ Արայիկ Մուրադյանն իմ զինակից ընկերն է, նա երկու պատերազմ անցել է իր որդիների հետ, մեկ պատերազմ՝ եղբոր։ Այսօր այստեղ գտնվելով հանդերձ՝ նույնպես պայքարում է իր ազգի փրկության համար։ Ով է ոստիկանության այն ստախոս ներկայացուցիչը, որը սուտ ցուցմունք է տվել Խաչատուրովի ընտանիքի դեմ, և դրա հիման վրա այսօր բանտում է գտնվում Իգոր Խաչատուրովը։ Սա նույնն է, ինչ Մխիթար սպարապետի գլուխը կտրածին բերեին ու նշանակեին սպարապետ, որովհետև ամիսներ առաջ պաշտպանության նախարար նշանակեցին այն մարդուն, ով դանակահարել է իր հրամանատարին։ Դրա համար երկրի վիճակը պետք է այսպիսին լիներ»,- հայտարարեց Աշոտ Մինասյանը։
Նա կոչով դիմեց բոլոր նրանց, ովքեր նստած են հեռուստացույցի, համակարգչի առաջ՝ ամեն օր լինել Ֆրանսիայի հրապարակում, որպեսզի կարողանան օր առաջ հեռացնել ներկայիս իշխանությանը։
Մանրամասն՝ տեսանյութում․