կարևոր
6094 դիտում, 1 տարի առաջ - 2023-11-02 17:20
Քաղաքական Իրավական

Ձեզ հարց տվե՞լ եք, բա ով է այդ դավաճանը, որ երկիրն էս օրին է․ Գարիկ Գալեյանը՝ դատախազին

«Դուք Եռաբլուրում եղե՞լ եք երբեւէ: Չասեք, որ չեք կարողանում գնալ, որովհետեւ չեք կարողանում տեսնել այդ տեսարանը: Դուք երեխաներ ունե՞ք: Իսկ արյան հոտը զգացե՞լ եք դուք երբեւէ: Իսկ երեխային, հերիք չի, որ տվել եք պետությանը, որ պիտի գնա, ծառայի ու սպասես վերադառնա ու հայրենիքդ դավաճանեն… ու երեխայիդ ման գաս մորգերում… ո՞ր մեքենան, «Սպայկայի» ո՞ր դուռը բացես, որ երեխայիդ դին գտնես: Թե՞ վերցնում եք էս քրեական օրենսգիքը, միայն դրանից եք հոտ քաշում… Իսկ Եռաբլուրում ես տղայիս քարը համբուրելով՝ իր հոտն եմ առնում: Չէի ուզի, որ դուք էլ այդ ճակատագրին արժանանաք: Իսկ իմ պայքարը հավերժ է: 5000 տղա են սպանել ու դեռ մինչեւ այսօր ոչ ոք պատասխան չի տվել: Հարգելի դառախազ, դու երբեւէ քեզ հարց ե՞ս տվել՝ բա ո՞վ է այն դավաճանն այս երկրում, որ երկիրն այս օրի է հասել»,- այսօր, դատարանում, խոսքն ուղղելով մեղադրող դատախազին,ասել է 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը:

Նա խոսքն այսպես է շարունակել. «Կխնդրեի, որ ինչ որոշում էլ կայացնեք, հաշվի առնեք՝ ես ունեմ երկու բնակարան, մեկն էլ՝ Եռաբլուրում: Այս իշխանությունից ինձ մնաց բնակարան Եռաբլուրում՝ առանց դուռ, առանց պատուհան բնակարան: Ես պարտադիր պետք է այցելեմ այնտեղ, չեմ կարող»:

Հիշեցնենք՝ նրան ձերբակալել էին 2023 թվականի սեպտեմբերի 6-ին՝  թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ խուլիգանության համար: Հետագայում, նույն մեղադրանքով, նա կալանավորվեց:

Դատարանի որոշմամբ՝ նա ազատ արձակվեց։ Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, վերացրեց կալանքը, որպես խափանման միջոց կիրառեց գրավը՝ 2 մլն դրամի չափով, տնային կալանքը՝ 2 ամսով։ Դատարանը որոշեց ազատ արձակել Գալեյանին՝ հենց նիստերի դահլիճից։