կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-18 19:36
Հասարակություն

Ճանապարհային երթևեկության կարգավորմանը նվիրված խորհրդակցություն` ոստիկանությունում

Ճանապարհային երթևեկության կարգավորմանը նվիրված խորհրդակցություն` ոստիկանությունում

Ոստիկանությունում այսօր տեղի է ունեցել ճանապարհային երթևեկության կարգավորման ոլորտում առկա խնդիրների քննարկում, որը վարել է ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

Քննարկմանը մասնակցել են ոստիկանության, արդարադատության, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, տրանսպորտի և կապի, ֆինանսների նախարարությունների, Նախագահի վերահսկողական ծառայության, Կենտրոնական բանկի, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, ԱՊՊԱ բյուրոյի, «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ, «Աքիլես» և «Վարորդների պաշտպանության լիգա» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Վլադիմիր Գասպարյանը  կարևորել է ճանապարհային երթևեկության կարգավորման և հանրային բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման գործը և առաջարկել է արագ ձևավորել աշխատանքային խմբեր, որոնք կընդգրկեն բարեփոխումների բոլոր ոլորտները՝ սկսած երթևեկության կանոնների խախտման համար կազմված ակտերի բողոքարկման ու վերանայման գործընթացի դյուրացումից մինչև տաքսիների կայանատեղերի հատկացումն ու գերատեսչությունների միջև օպերատիվ տեղեկատվության փոխանակման խնդիրները:

Նշելով, որ նախատեսված աշխատանքում տեսակարար մեծ կշիռ է ունենալու ոստիկանությունը, Վլադիմիր Գասպարյանն առաջարկել է  մինչ միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծումը  աշխատանքի համակարգումը վստահել ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանին և կրկին ընդգծել հանրապետության Նախագահի հանձնարարականներով նախատեսված խնդիրների արագ ու լիարժեք իրականացման կարևորությունը: