Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարությունն այսօր արտահերթ նիստում հավանության է արժանացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որպեսզի այն ներկայացվի ԱԺ:
Օրենքի փոփոխությունները, հիմնականում, վերաբերում են ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների ու դրանցով նախատեսված տույժ-տուգանքների մեխանիզմներին, որոնք հասարակության շրջանում բողոոքների ու դժգոհությունների առիթ են տվել:
Այսպիսով' ՀՀ վարչապետի` 2014 թվականի մարտի 27-ի 303-Ա որոշմամբ` ստեղծվել է աշխատանքային խումբ ճանապարհային երթևեկության կանոնների հաճախակի խախտումների համար նախատեսված տուգանքների չափերի վերանայման նպատակով: Աշխատանքային խմբի կողմից կատարվել են ճանապարհային երթևեկության կանոնների հաճախակի խախտումների դեպքերի, թվի, դրանց համար կիրառվող տուգանքների չափերի վիճակագրության, դրանց վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրություններ: Ուսումնասիրությունների արդյունքում աշխատանքային խումբը կազմել է վերոհիշյալ օրենքի նախագիծը:
Կառավարության նախագծում նշվում է, որ հասարակության լայն շերտերի մոտ դժգոհություն էր առաջացել, որ ճանապարհային նշանների ու ճանապարհային գծանշանների պահանջները չկատարելը առաջացնում է մի դեպքում` տուգանք նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, մեկ այլ դեպքում՝ նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով: Հասարակության խոցելի զանգվածը, նշում է կառավարությունը, հաշվի առնելով տեխնիկական սարքերով հայտնաբերված վարչական իրավախախտումների քանակը, բողոքում էր վարչական իրավախախտումների համար սահմանված տուգանքների մեծ չափերից: Օրինակ՝ երթևեկության սահմանված արագությունը՝ 1-10 կմ/ժ. գերազանցելը առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով կամ 11-30 կմ/ժ.-ով գերազանցելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
«Ակնհայտ է, որ և՛ 1 կմ/ժ.-ով, և՛ 10 կմ/ժ.-ով գերազանցելու դեպքում նշանակվում է նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով տուգանք կամ 11 կմ/ժ-ով կամ 30 կմ/ժ-ով գերազանցելու դեպքում առաջացնում տուգանք նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով: Մինչդեռ 1 կմ/ժ-ով և 10 կմ/ժ-ով գերազանցելու դեպքում առկա են հանրային վտանգավորության տարբեր աստիճաններ»,- նշվում է կառավարության ներկայացրած հիմնավորումներում:
Առաջարկվող օրենսդրական նախաձեռնությամբ, հավաստիացնում է կառավարությունը, ճանապարհային երթևեկության կանոնների հաճախակի խախտումների համար սահմանված տուգանքների չափերը կնվազեցվեն՝ հաշվի առնելով վարչական տուգանքների չափերի անհամաչափությունը վարչական իրավախախտման հանրային վտանգավորության աստիճանին:
Իրավակիրառական պրակտիկայում ստեղծված անհավասար պայմաններից և իրավական որոշակիության սկզբունքից ելնելով՝ սույն նախագծով վերանայվել են սահմանված արագությունը գերազանցելու համար նախատեսված տուգանքների չափերը՝ հիմնվելով վարչական իրավախախտումների հանրային վտանգավորության աստիճանի վրա: Այսպիսով' 1-20 կմ/ժ.-ով սահմանված արագությունը գերազանցելը առաջացնում է տուգանքի նշանակում' յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ. արագության համար նվազագույն աշխատավարձի չափով:
Մեկ այլ դեպքում' բազմաթիվ քաղաքացիներ բողոքում են, որ առանց պատշաճ ծանուցման ճանապարհային ոստիկանության կողմից նշանակված վարչական տույժերը եռապատկվում և հնգապատկվում են: Այս առումով կառավարությունը արձանագրել է, որ վարչական տույժի ենթարկված ֆիզիկական անձի կողմից տերմինալի միջոցով տուգանքի վճարման դեպքում գանձվում է միջնորդավճար և ֆիզիկական անձը, վստահ լինելով, որ տուգանքը վճարել է, մինչդեռ գանձված միջնորդավճարի համար տուգանքի լրիվ չափը կա՛մ եռապատկվում էր, կա՛մ հնգապատկվում:
Այս առումով էլ կառավարությունն առաջարկում է տուգանքի չափի ավելացումը 30 օրվա համար սահմանել տուգանքի 25 տոկոսի չափով, իսկ 60 օրվա համար՝ 50 տոկոսի չափով, ինչպես նաև տուգանքի չափի ավելացումը իրականացնել միայն տուգանքի փաստացի չվճարված մասի վրա:
Բողոքների մի մասն էլ վերաբերել է այն հանգամանքին, որ եթե ճանապարհային երթևեկության կանոնի խախտումն ամրագրվում է տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով, ապա ֆիզիկական անձը չի ստանում նվազ նշանակություն ունեցող վարչական պատասխանատվությունից ազատելու հնարավորություն: Մինչդեռ տեսանկարահանման կամ լուսանկարահանման սարքերի միջոցով ամրագրված վարչական իրավախախտումների պարագայում հնարավոր չէր լինում պարզել վարչական իրավախախտման կատարման մեղքի տեսակը:
Տեսանկարահանման կամ լուսանկարահանման սարքերի միջոցով ամրագրված վարչական պատասխանատվության ենթարկված անձը, օրենքի ընդունմամբ, հնարավորություն կստանա բողոքարկման վարույթի ընթացքում ազատվել վարչական պատասխանատվությունից, եթե կատարված վարչական իրավախախտումը ունի նվազ նշանակություն:
Հասարակության մոտ դժգոհություն էր առաջացել ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում կամ թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլներում ծխելու դեմ (որպես օրինակ` կառավարությունը նշում է համացանցում տարածված տեսանյութը, որտեղ 37 համարի ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի վարորդը ծխում էր):
Այսպիսով' աշխատանքային խմբի կողմից կատարված ուսումնասիրությունների ընթացքում անհրաժեշտություն է առաջացել որոշ վարչական իրավախախտումների համար սահմանված վարչական տույժերը խստացնել' ընդունելով հանրային վտանգավորության աստիճանը, ինչպես նաև այլ անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը: Այսպես՝ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում կամ թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլներում ծխելու համար տուգանքի չափը սույն նախագծով նախատեսվում է բարձրացնել: