|
Փոխարժեքներ
06 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև 2015 թ. հոկտեմբերի 13-ին ստորագրված` քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի վերաբերյալ վարկային համաձայնագիրը, որի համաձայն` Ասիական զարգացման բանկը ՀՀ կառավարությանն է տրամադրում 112 միլիոն 960 հազար դոլարի չափով վարկային ռեսուրս:
Հիմնական զեկուցող` Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը նշեց, որ վարկային ծրագիրը շարունակական է` քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում, ինչին միտված է եղել դեռևս 2011 թվականին ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրված բազմատրանշ ֆինանսական գործիքի տրամադրումը, որին հաջորդել է կառավարության շարունակական հայտավորումը` հերթական վարկային ռեսուրսը ներգրավելու նպատակով:
«Վարկային ծրագիրը նախատեսվում է իրականացնել մինչև 2020 թվականը: Վարկի մարման ժամկետը 22 տարի է, արտոնյալ ժամկետը` 15 տարի»,- ասաց նա:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը նշեց, որ սնկի պես աճում են այս համաձայնագրերը: «Փող բերելը, զարգացնելը լավ է, սակայն ցուցանիշը չեմ տեսնում: Հաճախ վարկերը դանդաղեցնում են տնտեսության զարգացումը», -ասաց նա:
Կամո Արեյանը նշեց, որ արդյունքները բազմաբնույթ են՝ ելնելով գլխավոր հատակագծի խնդրի լուծումից, կենտրոնի բեռնաթափումից:
«Էֆեկտներից մեկն այն է, որ որևէ համադրում չի լինում այս ճանապարհի հետ, այսինքն՝ չի լինելու` նախկինում կառուցված փողոցը քանդել և տեղը նոր փողոց կառուցել: 99 տոկոսով այս ճանապարհն անցնում է գրունտային հատվածով»,- ասաց նա և նշեց, որ մյուս կողմից կթեթևանան ճանապարհային պահպանման, շահագործման ծախսերը, ինչը կհանգեցնի բենզինի խնայողության, ավտոմեքենաներն ավելի բարեկարգ ճանապարհներով կերթևեկեն:
«Պարո\'ն Բագրատյան, Ձեզ շատ լավ հայտնի են Երևանի ծանրաբեռնվածության և ճանապարհաշինության բոլոր թերությունները` տասնամյակներով կուտակված: Սա գլխավոր լուծումներից մեկն է և իր տեսակի մեջ ուղղակի պահանջարկված ծրագիր է բոլոր սերունդների համար»,- ասաց փոխքաղաքապետը: