Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր ոստիկանությունում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։
Խորհրդակցությանը մասնակցել են ոստիկանության կոլեգիայի անդամներ, գլխավոր վարչությունների և վարչությունների պետեր, տարբեր ծառայությունների պատասխանատուներ:
Քննարկվել են ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման փուլում ոստիկանության գործունեության արդյունքներն ու ծառայության կազմակերպման առանձնահատկությունները:
Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց հանրաքվեի օրը ծառայության կազմակերպման գլխավոր ուղղությունները՝ ընտրատարածքների մերձակայքում կուտակումների բացառում, «Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցի» իմացության ստուգարքների կազմակերպում տարածքային բաժիններում, կենտրոնական ապարատի և ծառայություն կատարող վերակարգերի միջև անընդմեջ կապի ապահովում և այլն:
Ոստիկանության պետը հատուկ ուշադրություն դարձրեց սահմանափակ ֆիզիկական կարողություն ունեցող քաղաքացիներին օժանդակելու խնդրին:
Վլադիմիր Գասպարյանը կարևորեց հանրության, հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների և առանձին քաղաքացիների հետ տարվող աշխատանքը, հետադարձ կապի ապահովման անհրաժեշտությունը՝ ինչպես հանրաքվեի օրը, այնպես էլ նախորդող շրջանում:
Հիշեցնելով, որ ոստիկանության վերահսկողական ծառայությունները ընտրատեղամասերի տարածքում անմիջաբար են հսկելու վերակարգերի աշխատանքը, Վլադիմիր Գասպարյանը մյուս ծառայություններին հրահանգեց ակտիվացնել օպերատիվ ու կանխարգելիչ աշխատանքները քարոզարշավի և հանրաքվեի ժամանակ պատշաճ հասարակական կարգ ապահովելու, իրավախախտումները բացառելու, օրենքի պահանջները լիարժեք կատարելու համար:
Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ նաև այս օրերին հանրային գոտիներում, տրանսպորտային հանգույցներում, զանգվածային միջոցառումների վայրերում ոստիկանության արտաքին ծառայության ուժեղացմանը՝ պայմանավորված համաշխարհային ու տարածաշրջանային նոր մարտահրավերներով: Ոստիկանության պետը հավելեց, որ այդ ոլորտում սերտորեն համագործակցելով հանրության հետ, անհրաժեշտ է անվտանգության բարձր մակարդակ ապահովել նաև հանրաքվեի և նախորդող օրերին:
Խորհրդակցության մասնակիցներն ըստ ստորաբաժանումների ներկայացրին նախապատրաստական աշխատանքների արդյունքները, խնդիրներն ու դրանց լուծման ուղիները, ստացան համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ: