կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-29 12:40
Հասարակություն

Սեյրան Օհանյանը ռազմական ոստիկանությունում խորհրդակցություն է անցկացրել

Սեյրան Օհանյանը ռազմական ոստիկանությունում խորհրդակցություն է անցկացրել
Հունիսի 29-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անակնկալ այցով եղել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչությունում և աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ռազմական ոստիկանության ղեկավար կազմի հետ:
 
Հանդիպման ընթացքում ամփոփվել են 2015թ. առաջին կիսամյակի ընթացքում ՌՈ համակարգի կատարած աշխատանքները: Պաշտպանության նախարարի կողմից կարևորվել է հաշվետու ժամանակահատվածում ռազմական ոստիկանության և զորամասերի հրամանատարության փոխգործակցության շնորհիվ արձանագրված առաջընթացը:

Խորհրդակցության ընթացքում ռազմական ոստիկանության սպաները պաշտպանական գերատեսչության ղեկավարին են ներկայացրել հաշվետու ժամանակահատվածում զորամասերում հանցագործությունների և պատահարների կանխարգելման ու նվազեցման, զինվորական կարգապահության ամրապնդման ուղղությամբ իրականացված լայնածավալ գործունեության արդյունքները: Անդրադարձ է կատարվել առաջիկա  աշխատանքների կազմակերպման գերակա ուղղություններին, մասնավորապես՝ զորամասերում միջանձնային կանոնադրային հարաբերությունների պահպանմանը, արատավոր բարքերի ներթափանցումը կանխելուն, հանցագործությունների դեմ պայքարին, կանխարգելիչ ու դաստիարակչական աշխատանքների արդյունավետության բարձրացման ուղղությամբ ընթացող աշխատանքներին, որոնք էապես կնպաստեն ավելի բարձր ցուցանիշների հասնելուն: 
 
Պաշտպանության նախարարը ներկաների ուշադրությունն առանձնահատուկ հրավիրել է ամառային զորակոչի աշխատանքների ճշգրիտ կազմակերպման և գործընթացի թափանցիկությունն ու անաչառությունն ապահովելու խնդիրներին: Ըստ այդմ՝ Սեյրան Օհանյանի կողմից տրվել են համապատասխան ցուցումներ 2015թ. ամառային զորակոչի գործընթացում ռազմական ոստիկանության պատշաճ մասնակցությունն ապահովելու և գործընթացի նկատմամբ խիստ հետևողական ու աչալուրջ լինելու ուղղությամբ: