կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-18 16:48
Մշակույթ

«Ռեինկարնացիա»-ի, «Բումբոքս»-ի և «Ումատուրման»-ի համերգը չեղյալ հայտարարվեց. տոմսերը չեն վաճառվել

«Ռեինկարնացիա»-ի, «Բումբոքս»-ի և «Ումատուրման»-ի համերգը չեղյալ հայտարարվեց. տոմսերը չեն վաճառվել

Տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 19-ին Երևանում տեղի կունենա աննախադեպ բացօթյա համերգ՝ «Ռեինկարնացիա» (Հայաստան), «Բումբոքս» (Ուկրաինա) և «Ումատուրման» (Ռուսաստան) խմբերի մասնակցությամբ: Համերգը, ցավոք, չեղյալ է հայտարարվել:

«Ընկերնե\'ր, կազմակերպիչների աղաղակող ոչ կոմպետենտության պատճառով ստիպված ենք չեղյալ համարել Երևանում մեր ելույթը: Ներողություն ենք խնդրում մեր հանդիսատեսից, մենք մինչև վերջ պատրաստ էինք ելույթ ունենալ»,- ասվում է «Բումբուքս» խմբի ֆեյսբուքյան էջում:

Yerkir.am-ի հետ զրույցում համերգի կազմակերպիչ` One Production ընկերության ներկայացուցիչ Հրաչուհի Բարսեղյանը նշեց, որ համերգը չեղյալ է հայտարարվել, քանի որ ակնկալվածից անհամեմատ ավելի փոքր թվով են տոմսերի վաճառք իրականացրել: «Որպեսզի փրկենք կազմակերպության ֆինանսական դրությունը, քանի որ մենք, ըստ պայմանագրի, վճարել ենք կանխավճարները թե՛ «Բումբոքս», թե՛ «Ումատուրման» խմբերին, առաջիկայում նույնպես համերգներ ունենք, դրա համար էլ մեզ համար հուսահատ որոշում ընդունեցինք` չեղյալ հայտարարել համերգը: «Բումբոքսի» հայտարարությունը չենք ուզում մեկնաբանել, քանի որ առաջիկայում էլի կփորձենք համագործակցել նրանց հետ: Մենք մեր կողմից մեր պարտականությունները կատարել ենք»,- ասաց նա:

Հարցին, թե, այնուամենայնիվ, ի՞նչն էր պատճառը, որ համերգի տոմսերն այդպես էլ չվաճառվեցին, քանի որ երեք խմբերին էլ, կարծես, սիրում են Հայաստանում, Բարսեղյանը պատասխանեց, որ խնդիրը PR-ը չէ, այլ մարդկանց սոցիալական վիճակը: «Մենք մի շարք ընկերներ ունենք, որոնք նույնպես միջոցառումներ են կազմակերպում, և նրանց մոտ էլ իրավիճակը հուսադրող չէ»,- ասաց նա:

Ի դեպ, տոմսերի գինը եղել է 7000 դրամ: One Production ընկերությունը կհայտարարի տեղ և ժամ` գնված տոմսերը հետ վերադարձնելու համար: